Dproc

Լոռու մարզի դատախազության դատախազների անմիջական հսկողությամբ նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ Ալավերդի համայնքի սեփականություն հանդիսացած թվով 6 մանկապարտեզների շենքերի օտարման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ:

2019թ. նոյեմբերի 14-ին նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ Լոռու մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին է ուղարկվել ՀՀ Լոռու մարզպետ Ա․ Ղուկասյանի կողմից մարզի դատախազություն հասցեագրված գրությունը և կից փաստաթղթերը՝ Ալավերդի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից 2003-2005թթ. ընթացքում անօրինական որոշումներ կայացնելու հետևանքով թվով 6 մանկապարտեզների շենք-շինություններն օտարելու և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ալավերդու համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք համայնքի սեփականություն հանդիսացող թվով 6 մանկապարտեզների, ինչպես նաև 280 տեղանոց՝ որպես մանկապարտեզ կառուցված անավարտ շենքերը, իրենց մերձավորներին կամ մտերիմներին օտարելու խմբային շահերից ելնելով, հիմք ընդունելով անշարժ գույքի գնահատումն իրականացնելու վերաբերյալ միևնույն անհատ ձեռնարկատիրոջ կողմից շինության իրական արժեքների վերաբերյալ կազմված կեղծ եզրակացությունները, 2003-2005թթ. ընթացքում, հրապարակային սակարկությունների օրենսդրության պահանջների խախտմամբ, համայնքի հաշվեկշռում գտնվող անշարժ գույքի նպատակային նշանակությունը կորցրած լինելու պատրվակով, օտարել են հիշատակված անշարժ գույքը:
Ապա կարճ ժամանակ անց դրանց մի մասը ձեռք բերված արժեքը մի քանի անգամ գերազանցող գումարներով վաճառել են այլ անձանց, իսկ օտարված մյուս անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է այլ անձանց սեփականության իրավունքը: Այս ամենի արդյունքում Ալավերդի համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքի օտարման արդյունքում հետագայում էականորեն նվազել է համայնքում նախադպրոցական և արտադպրոցական կրթության իրականացումը կազմակերպելու, երեխայի ներդաշնակ ու համակողմանի զարգացման, ուսուցման ու դաստիարակության իրագործման արդյունավետությունը:

Այդ կերպ նույնպես էական վնաս է պատճառվել համայնքի, պետության օրինական շահերին՝ առա­ջացնելով ծանր հետևանքներ։ Փաստի առթիվ մարզի դատախազության դատախազի անմիջական հսկողության ներքո ոստիկանության Թումանյանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարելու նպատակով քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզային քննչական վարչություն:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, միասնական դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Քննության տվյալներով՝ տնօրենը որպես լաբորանտ, այնուհետև՝ որպես հոգեբան աշխատանքի է ընդունել իր ծանոթին և թույլատրել ամիսներ շարունակ չհաճախել աշխատանքի և չկատարել հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված իր պարտականությունները և դպրոցի բյուջեից խոշոր չափի գույքը վատնման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, տնօրենն ստորագրել և ՊՈԱԿ-ի կնիքով հաստատել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկագրեր ու ներկայացրել հաշվապահին: Արդյունքում՝ դրանց հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակցի անվամբ հաշվարկվել և վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է՝ այդկերպ պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Spread the love