Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

- in Իրավունք
Atrchanak

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979 թ., ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թ.:

ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի վերջին Երևան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետև՝ 2019 թ. նոյեմբերի 2-ին, նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած և կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962 թ., պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...