Այս հարցերը շատ նուրբ են: Տեսնում ենք, որ քաղաքական ու միջազգային համատեքստում պատմությունը խմբագրելու, տեղի ունեցածը վերաորակավորելու փորձեր են արվում, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով Գարեգին Նժդեհի թեմային: Նա ասել է, որ դա մեր ընդհանուր պատմության մասն է:

Դեսպան Կոպիրկինի հայտարարությունից այնքան էլ չի հասկացվում, թե ովքեր են պատմությունը վերաորակավորելու փորձեր անում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում ներկայում Երկրորդ համաշխարհային եւ հայրենական պատերազմի պատճառ դարձած Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը հայտարարվում է ռուսական դիվանագիտության նվաճում: Պետք է նշել, որ Ելցինի օրոք պետականորեն դատապարտվել էր այս պակտը: Այսինքն, Ռուսաստանում ըստ էության տեղի է ունենում պատմության վերաորակավորում եւ այդ պակտի արդարացում:

Այս ֆոնին, դեսպան Կոպիրկինի խոսքը կարելի է գնահատել որպես կշտամբանք իր գերատեսչության՝ ՌԴ ԱԳՆ-ի, եւ մասնավորապես դրա խոսնակ Մարիա Զախարովայի հասցեին, ով բացել էր Նժդեհի թեման, որն էլ սկսել է զարգացնել Ալիեւը, կրկնելով ռուսական թեզերը:

Սա դեսպան Կոպիրկինի երկրորդ կշտամբանքն է Մոսկվայի ուղղությամբ: Նոյեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցած «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ նա ասել էր, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում համերաշխության հարցեր են առաջանում: Այսինքն, ՀԱՊԿ խնդիրների պատճառներից մեկը հենց այդ համերաշխությունն է Ադրբեջանի հետ՝ ընդդեմ դաշինքի անդամ Հայաստանի:

Հայաստանում ստանձնելով իր պաշտոնը, դեսպան Կոպիրկինը հայտարարեց Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման քաղաքականության մասին: Սակայն ռուսական կողմը երեւում է ընդունակ չէ նման քաղաքականության, եւ ամեն ինչ կոպիտ ու կացնային է ստացվում: Իսկ դա ունենում է ոչ միայն լիովին հակառակ էֆեկտ, այլեւ քաղաքական հարցադրումների առումով ակտուալացնում է տարբեր խնդիրներ, տվյալ դեպքում, օրինակ, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի հարցը, որով հայկական տարածքները նվիրաբերվել են Թուրքիային ու մերձկասպյան թուրքերին:

Դեսպան Կոպիրկինը որպես փորձառու դիվանագետ տեսնում է «մեր ընդհանուր պատմության» այս խնդիրները, որոնց ստիպված է արձագանքել: