Նոյեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցած «ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում» թեմայով կլոր սեղանի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ ՀԱՊԿ դերի եւ արդյունավետության հարցը մշտապես քննարկվում է թե ԶԼՄ-ներում, թե Հայաստանի փորձագիտական շրջանակներում, եւ սուր հարցեր են բարձրացվում, օրինակ՝ կապված կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հետ:

Դեսպանն ասել է, որ ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հետ որոշ երկրների հարաբերությունների համատեքստում համերաշխության հարցեր են առաջանում:

Որոնք են այդ որոշ երկրները, որոնց հետ համերաշխության հարցեր են առաջանում, ենթադրվում է՝ հայկական կողմից: Այդ երկրներն են նախեւառաջ Ռուսաստանը եւ Բելառուսը, որոնք ժամանակակից սպառազինություն են մատակարարում Ադրբեջանին: Բնական է, որ Հայաստանի մոտ պետք է այդպիսի հարցեր առաջանան, նկատի առնելով հակամարտության առկայությունը:

Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը համարվում է ռազմա-քաղաքական դաշինք, որոնց անդամները ենթադրվում է ինչ որ պարտավորություններ ունեն միմյանց առջեւ: Այլապես ի՞նչ դաշինքի մասին կարող է խոսք լինել: Բայց իրականության մեջ այլ է, եւ այդ «որոշ երկրները» խիստ նեղվում են Հայաստանի ներկայությունից, որը նման հարցեր է առաջացնում:

Ինչպես կասեր ծերունի սակրավոր Վոդիչկան՝ «այսպիսի հիմար դաշինք կյանքում չեմ տեսել, ես ուրիշ բան էի սպասում»: Նա կարծում էր, որ գլխավոր խնդիրը մադյարներին (հունգարներին) ծեծելն է, բայց պարզվեց՝ նրանց չի կարելի ծեծել: Իսկ 100 տարի անց մադյարները Մոսկվայի օգնությամբ Սաֆարովին վերադարձրին Բաքու:

Դեսպան Կոպիրկինի ոճը բավական հետաքրքիր է: Պաշտոնին անցնելուց հետո նա անմիջապես հայտարարեց, որ Հայաստանի հանդեպ կիրառվելու է «փափուկ ուժի» քաղաքականություն, եւ սկսեց կիրառել այն: Հիմա էլ հայտարարում է, որ ՀԱՊԿ գլխավոր խնդիրն այն է, որ առաջանում են Ադրբեջանի հետ համերաշխության հարցեր: Ի տարբերություն իր նախորդների՝ Կոպիրկինը խոսում է ըստ էության, չթաքցնելով իրողությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...