Ռոբերտ Քոչարյանն փորձում է ուշադրության արժանանալ ռուսական «իդեա ֆիքսի» շրջանակում

- in Պնակալեզներ

Նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստ, որի ընթացքում քննարկվելիք հարցերի շարքում կա հետաքրքիր մեկը:

Համենայն դեպս, դրա մասին նշված է նիստի վերաբերյալ ՌԴ Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որին էլ հղում է արել ՏԱՍՍ գործակալությունը: Խոսքն այն մասին է, որ նիստի մասնակիցները քննարկելու են ԱՊՀ երկրների ներքին գործերին ամերիկյան միջամտության հարցեր: Ինչի՞ մասին է խոսքը՝ կոնկրետություն առայժմ չկա, սակայն ՌԴ ԱԽ տարածած հաղորդագրությունն ինքնին խիստ ուշագրավ է և մի քանի տեսանկյունից:

Այն, որ հետխորհրդային տարածքում «ամերիկյան միջամտության» հարցը ՌԴ-ի համար «իդեա ֆիքս» է՝ ամենևին նորություն չէ: Ավելին, նորություն չէ, որ Մոսկվան այդ հանգամանքը դիտարկում է ընդհանրապես պաշտոնական պրոպագանդայի առանցքային դիրքերում՝ դրանով սնուցելով նաև իր ներքին հանրությանը: Բայց դա, ի վերջո, ՌԴ իշխանության և հանրության ներքին գործն է: Ամբողջ հարցն այն է, որ դա փորձ է արվում «արտահանել» հետխորհրդային երկրներ, այսպես ասած՝ «հաշիվ պահանջելու» տրամաբանությամբ՝ ստիպելով հետխորհրդային երկրներին արդարանալ «ամերիկյան միջամտության» առիթով ներկայացվող հաշիվների համար:

Այդ հարցում հատկապես ուշագրավ է իրավիճակը Հայաստանի պարագայում, որին թավշյա հեղափոխությունից հետո ռուսական պաշտոնական պրոպագանդայի մաս կազմող տարբեր տեղեկատվական հարթակներից մեղադրանք է հղվում «սորոսականության», «արևմտամետության», «հակառուսականության» համար: Ընդ որում, ամենահետաքրքիրներից է և այն, որ որպես դրա «փաստարկ» կամ «վկայություն» մատուցվում է նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունը, որն, ի դեպ, Մոսկվայում է և մասնակցելու է ԱԽ քարտուղարների ԱՊՀ հավաքին և փաստորեն մասնակցելու է «ամերիկյան միջամտության» հարցի քննարկմանը:

Դրան զուգահեռ՝ «ամերիկյան միջամտության» միտքը իհարկե աշխուժորեն գեներացվում է նաև Հայաստանում, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, որը բոլորովին վերջերս աշխարհաքաղաքական վերլուծություն էր ներկայացրել այդ թեմայով՝ ազդարարելով Հայաստանի ներքին գործերին «ամերիկյան միջամտության» մասին: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՌԴ Անվտանգության խորհրդում ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստի օրակարգը կազմելիս առաջնորդվել են Ռոբերտ Քոչարյանի վերլուծությամբ, ավելի հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարզապես փորձում հնարավորինս ուշադրության արժանանալ ռուսական «իդեա ֆիքսի» շրջանակում:

Բայց բոլոր դեպքերում իրավիճակն անշուշտ հետաքրքիր է, որովհետև «ամերիկյան միջամտության» անվան տակ կարող են լինել ուղղակի ռուսական միջամտության փորձեր, կամ կարող են կատարվել այդպիսիք, և այստեղ, իհարկե, Երևանի համար կարևոր է զգոնությունն ու աչալրջությունը «արդարանալու» ծուղակում չհայտնվելու համար, քանի որ պաշտոնական քաղաքականության առումով Երևանը թավշյա հեղափոխությունից հետո դույզն իսկ չի տվել որևէ երրորդ կողմի միջամտության առիթ, իսկ Ռուսաստանում հնարավոր է՝ կան շրջանակներ, որոնք փնտրում են այդ առիթը՝ Հայաստանի ներքին գործերին ուղղակի միջամտելու «բարի ավանդույթը» վերականգնելու համար Կրեմլից քաղաքական հավանություն ստանալու առումով:

Այդ «ավանդույթը» ընդհատվել է թավշյա հեղափոխության ուժով, երբ Կրեմլը առնվազն մի պարզ բան գիտակցեց, որ անմտություն է գնալ լեգիտիմ իշխանության դեմ, որը, Մոսկվայի հետ հարաբերությունում կասկածի տակ չդնելով դաշնակցային հարաբերությունը, ընդամենը դնում է մի պարզ պահանջ՝ չմիջամտել միմյանց ներքին գործերին:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...