Atrchanak

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝  Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Տիգրան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարար համարվող Արամայիս Ջոմարդյանին Արմեն Քեյանի կազմակերպմամբ ու պատվերով սպանելու նպատակով, «Քեյանի հրամանով» 2013 թվականի հունվարին Հայաստանից մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք:

Սպանության իրագործման նպատակով, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում  չբացահայտված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու մինչև   2013 թվականի փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք՝ 7 հատ  9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործվել են փետրվարի  25-ին Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ կատարված սպանության փորձի ժամանակ:

Արամայիս Ջոմարդյանին սպանելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը վերը հիշատակված՝ իր մոտ ապօրինի պահվող  ատրճանակից  կրակոցներ է արձակել Ջոմարդյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, և Հակոբյանը դիմել է փախուստի: Հակոբյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի ու ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ռուսաստանում կատարված դեպքի վերաբերյալ դատական քննությունը Հայաստանում է անցկացվում, քանի որ դեպքից հետո Տիգրան Հակոբյանը Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա հայտնաբերվել է Հայաստանում, քրեական գործի նյութերը Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան, իսկ արարքի որակումները համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը:

Այս գործով Ռուսաստանում բռնվել ու պատասխանատվության են ենթարկվել՝ սպանությունը պատվիրելու և կատարումը կազմակերպելու համար՝ Ա. Քեյանը, ինչպես նաև սպանության փորձին օժանդակած Կ. Կարապետյանը: Այս գործով կան ՌԴ-ում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Տիգրան Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, թե առնչություն չունի հիշյալ պատվերով սպանության փորձի հետ:

Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատական այս նիստի սկզբում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչիկյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու, անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելու կամ այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ,  գործի քննությունն ընթանում է դանդաղ, խախտվում է ամբաստանյալի՝ ողջամիտ ժամկետում իր գործի քննության սահմանադրական իրավունքը:

Մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, թե պահպանվում են Տիգրան Հակոբյանին կալանքի տակ պահելու հիմքերը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշ ժամանակ անց վերադառնալով՝ դատարանը հրապարակեց որոշումը:

Պաշտպանի միջնորդությունը ամբողջությամբ մերժվեց:

Տիգրան Հակոբյանը մնաց կալանքի տակ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է: Շարունակվեցին մեղադրական եզրակացության հիմքում դրված գրավոր և այլ ապացույցների հրապարակումն ու հետազոտումը:

Հրապարակվեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների մասը: Այս եզրակացությամբ ևս հաստատվել էր, որ 1968 թվականին ծնված  Արամայիս Ջոմարդյանը դեպքի  պահին հրազենային երկու թափանցող վնասվածք էր ստացել որովայնի շրջանում՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիների վնասումներով, ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Այս վնասվածքները Ջոմարդյանի առողջությանը հասցրել էին ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Ջոմարդյանը նաև մեկ թափանցող և մեկ շոշափող հրազենային վնասվածքներ էր ստացել աջ դաստակի ու ձախ նախաբազկի շրջաններում, այդ վնասվածքները նրա առողջությանը հասցրել էին թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Հետազոտվեց հետքաբանական փորձաքննության եզրակացությունը: Հաստատվել էր, որ Ջոմարդյանի հագուստի վրա առկա վնասվածքները հրազենային վնասվածքներ էին, նշվել էին վնասվածքների չափերը:

Դեպքի վայրում՝ գետնին առկա արնանման հետքերից բամբակի խծուծներով վերցված նմուշների հետազոտությամբ  փորձագետը չէր բացառել, որ արյունը կարող էր պատկանել Արամայիս Ջոմարդյանին:

Դեպքի վայրից առգրավված ծխախոտի մնացորդի վրայից առանձնացված կենսաբանական հետքերում 99,99 %-ով հաստատվել էր Քեյանի ԴՆԹ առկայությունը:

Հետազոտվեցին դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները՝ դեպքի վայրում հայտնաբերված ու առգրավված գնդակի, պարկուճների վերաբերյալ: Հաստատվել էր, որ գնդակն ու պարկուճները 9 մմ տրամաչափի են, արձակվել են «ПМ» տեսակի ակոսավոր հրազենից: Դեպքի վայրում հայտնաբերվել ու առգրավվել էին նաև կարճափող հրազենից արձակված փամփուշտների պարկուճներ:

Հետազոտվեց իրեղեն ապացույցների զննության արձանագրությունը՝ «Սայգա» կարճափող հրացան, սև կաշվե ձեռնոցներ, սև բաճկոն, սև կոշիկներ, կապույտ ջինս, «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչիկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իրեղեն ապացույցների, մասնավորապես՝ վերոհիշյալ «Մակարով» ատրճանակի վերաբերյալ: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրեղեն ապացույցները, նաև՝ «Մակարով» ատրճանակն անհրաժեշտ է զննել դատարանում, մինչդեռ այդ ապացույցները դեռևս Ռուսաստանի կողմից  տրամադրված չեն Հայաստանին:

Մեղադրող դատախազը տեղեկացրեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, այս գործով իրեղեն ապացույցները Հայաստանին հանձնելու գործընթացն ընթանում է, ապացույցները կարճ ժամանակում կստացվեն:

Դատական հաջորդ նիստին կշարունակվի քրեական գործում առկա ապացույցների հետազոտումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...