Ռուսաստանը կմիջամտի՞. ԱՄՆ նոր փորձը Հայաստանում

- in Կարծիք

Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, նախօրեին Երեւանում հայտարարել էր ՌԴ ոչ պաշտոնական դեսպան Կոնստանտին Զատուլինը: Գնահատել այդ իրավիճակը նա չէր ցանկացել, ասելով, որ Ռուսաստանի դաշնությունը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:

Մի քանի շաբաթ առաջ Կոնստանտին Զատուլինը Արցախում էր, որտեղ կազմակերպվել էր Արցախի բարեկամների միջազգային համաժողով: Արցախ էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը, որի գրասենյակը այդ այցի մասին հաղորդագրության մեջ հատուկ շեշտել էր, որ այցը քաղաքական նպատակ չունի, եւ այդ կապակցությամբ դիտարկումները կլինեն շահարկում: Ինչու՞ էր Սերժ Սարգսյանի գրասենյակն այդ ժամանակ անհրաժեշտ համարել կանխավ խոսել հնարավոր շահարկման մասին: Ի՞նչ էր պատրաստվում Սարգսյանն անել Արցախում, որ դրանից առաջ փորձում էր կանխել շահարկումները:

Արցախում Սարգսյանն այցելել էր Ամարաս համալիր, որ նորոգվում է նրա գլխավորած հիմնադրամի աջակցությամբ: Նրան ուղեկցել էր Կոնստանին Զատուլինը: Այդ ուղեկցումը ներքաղաքական իրավիճակին հետեւելու՞ ռեժիմով էր, ինչի մասին խոսել էր Զատուլինը նախօրեին: Արդյո՞ք Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ լազարեւսկի կոմիտե ստեղծած Զատուլինի համար էր ընդգծել, որ այցը քաղաքական չէ, որպեսզի նա Արցախում չտա ավելորդ հարցեր:

Իսկ մինչ Զատուլինը հետեւում էր ներքաղաքական իրավիճակին, Հայաստանում ԱՄՆ դեսպանը հեղափոխությունից հետո առաջին անգամ այցելել էր ՀՀԿ գրասենյակ եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, իր նախաձեռնությամբ: Ընդ որում, դեսպանը պայմանավորվել է հետագա հանդիպումների համար, հետաքրքրվելով ՀՀԿ ծրագրերով:

ԱՄՆ փաստացի արձանագրել է հետհեղափոխական իրավիճակում Սերժ Սարգսյանի դերը, որը բավական վճռորոշ է նախկին իշխող համակարգի վարքագծի շրջանակում: Միաժամանակ, այդ համակարգի շրջանակում ակնառու է պայքարը առաջնորդության համար: Ռոբերտ Քոչարյանն օրինակ հայտարարել է կոնսենսուս մինուս մեկ բանաձեւը, այդպիսով ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի դեմ բոլորին իր շուրջ միավորելու հայտ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրեր առաջ հայտարարել էր, որ որեւէ մեկի մոտ ոչինչ չի ստացվի, եթե գործեն առանց ՀՀԿ: Արմեն Աշոտյանը նախօրեին Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման մասնակիցների շարքում էր:

Վաշինգտոնը Սերժ Սարգսյանին ըստ ամենայնի դիտարկում է հետհեղափոխական Հայաստանում ներքաղաքական զարգացումների կանխատեսելիության ու կայունության կարեւոր դերակատար: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մոտենում է հանրության հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, այդ դերի համար Սարգսյանի պատրաստակամությունն է: Անկախ քաղաքական դիմակայությունից, Սերժ Սարգսյանի համար Հայաստանում հետհեղափոխական կայունությունն ու կանխատեսելիությունը, նոր իշխանության արդյունավետությունը շարունակում է լինել անվտանգության որոշակի եւ թերեւս բացառիկ երաշխիք:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ ԱՄՆ Հայաստանի ներքաղաքական նոր ստատուս-քվոն դիտարկում է Քաղաքացիական պայմանագիր-ՀՀԿ պայմանական երկբեվեռ դիմակայությամբ: Հազիվ թե: Հայաստանում ԱՄՆ դեսպանը կունենա դեռ շատ հանդիպումներ, ինչպես թերեւս այլ դեսպաններ:

ԱՄՆ համար գերխնդիրը կայունությունն ու կանխատեսելիությունն է, որը անհրաժեշտ գործոն է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ռազմավարական կապիտալիզացիայի համար: Այլապես  խնդիրներ են առաջանալու ռեգիոնալ անվտանգության համակարգի վերափոխման, ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության ու կայունության գործընթացում: ԱՄՆ համար այստեղ է գլխավոր հարցը, եւ դրանում է Հայաստանի անփոխարինելի դերը:

Հատկանշական է, որ Ռուսաստանը հետեւում է: Հայաստանի ներքին կանքին ՌԴ աշխույժ միջամտությունն այն բանից հետո, երբ տապալվեց դարձյալ ԱՄՆ ջանքով ձեւավորվող Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյանի երկխոսությունը եւ Տեր-Պետրոսյանը մղվեց ԲՀԿ գիրկ, հանգեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմի գեներացման:

Կմիջամտի՞ Ռուսաստանն այս անգամ, թե՞ կգերադասի չանել դա, զերծ մնալով շատ ավելի լուրջ խնդիրների ռիսկից, քան նրանք, որոնց առերեսվեց Մոսկվան իր իսկ քաղաքականության հետեւանքով հասունացած ապրիլյան քառօրյայի հետեւանքով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...