Այդքան էլ հարմար բան չէ, երբ դուրս են հանում տեղեկություններ ու ստեղծում անտեղի քամի:

Այս հայտարարության հեղինակը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է, որն այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ աջակցությամբ կառուցված կենսալաբորատորիաների խնդրին: Լրագրողները նախարարին հարց են ուղղել ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տեղեկության մասին: Պարբերականը գրել էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի շրջանակում ստորագրվելու է հուշագիր, որով պետք է բացվի կենսալաբորատորիաներ մուտքը ռուսաստանցի մասնագետների համար: Թեման, ինչպես հայտնի է, շրջանառվում է դեռևս նախորդ իշխանության շրջանից:

Կառուցված կենսալաբորատորիաները, որոնք միայն Հայաստանում չեն, այլ այդպիսի լաբորատորիաներ ԱՄՆ-ը կառուցել է նաև հետխորհրդային, այդ թվում՝ ԵՏՄ անդամ մի քանի այլ երկրներում, առաջացնում են ՌԴ խանդը և անհանգստությունը: Ռուսաստանը կասկածներ ունի, թե դրանցում իրականացվում են գաղտնի ռազմական մշակումներ, որոնք կարող են ուղղվել ՌԴ շահերի դեմ: Իրակա՞ն են Մոսկվայի այդ կասկածները, թե՞ դրանք ընդամենը խանդի, այսպես ասած, հիմնավորում են՝ միարժեք դժվար է ասել, սակայն Ռուսաստանն այդ հարցը բարձրացնում է և ակնկալում մուտք կենսալաբորատորիաներ՝ այսպես ասած, համոզվելու համար, որ այնտեղ չկա որևէ դավադիր բան: Հայաստանը տվել է այդ մուտքի հավանություն, և այդ մասին պաշտոնական դիրքորոշում արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ այդ կենսալաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են, կառուցվել են ամերիկյան աջակցությամբ, սակայն պատկանում են Հայաստանին: Դրանցում իրականացվում են Հայաստանի առողջապահական անվտանգության տեսանկյունից կարևոր ուսումնասիրություններ: Ռուսաստանի կասկածամիտ հավակնությունն անշուշտ հակասում է Հայաստանի ինքնիշխանության տրամաբանությանը, սակայն միևնույն ժամանակ իրական քաղաքականության ռեժիմում հասկանալի է, որ Երևանը նպատակահարմար չի համարում Մոսկվայի այդ հավակնությունն արհամարհելը՝ ելնելով քաղաքական որոշակի այլ խնդիրներից կամ անհրաժեշտություններից:

Սակայն քաղաքական հավանության հարցին զուգահեռ՝ անշուշտ հարց կա քննարկելու, թե ռուսաստանցի մասնագետներն ինչ սկզբունքով ու տրամաբանությամբ կարող են մուտք ունենալ այդ լաբորատորիաներ: Այսինքն՝ եթե նպատակը կասկածը ցրելն է, ապա՝ լավ, բայց եթե նպատակը դրանց գործունեությանը դե ֆակտո վերահսկողություն հաստատելն է, ապա այստեղ իհարկե կա Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ լուրջ ոտնձգության խնդիր: Այդ հանգամանքը արտահայտվում է նախարար Մնացականյանի՝ լրագրողներին տված պատասխանում, որ ընթանում է բանակցություն, և ուրեմն կա բանակցելու հարց:

Նախարարը նշում է, որ միայն բանակցության ավարտին է հնարավոր հասկանալ՝ համաձայնագիր ստորագրվո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպիսի՞ն է համաձայնագիրը: Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Լավրովի այցը Երևանը չի դիտարկում դրա համատեքստում, այլ երկկողմ և ռեգիոնալ անվտանգային ու քաղաքական երկխոսության լայն շրջանակում, որտեղ կա հարուստ օրակարգ:

Ահա այդ առումով էլ հետաքրքիր է, որ նախարարը խոսում է «դուրս հանվող» տեղեկատվության և անտեղի քամի ստեղծելու մասին: Ո՞ւմ է ակնարկում Զոհրաբ Մնացականյանը: Արդյո՞ք ռուսական կողմին՝ նաև ակնարկելով, որ դա ազնիվ խաղ չէ, երբ բանակցության ընթանալուն զուգահեռ՝ կազմակերպվում է արտահոսք, որը անկասկած ստեղծում է աժիոտաժ առաջին հերթին, բնականաբար, Հայաստանի իշխանության շուրջ՝ վերաճելով այդ իշխանության նկատմամբ որոշակի մթնոլորտային ճնշման:

Նախարարը փաստորեն ակնարկում է Լավրովի այցից առաջ այդպիսի ճնշման անազնիվ փորձի մասին՝ միաժամանակ թերևս ցույց տալով նաև, որ Երևանը չի տրվի դրան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...