Sergey Lavrov

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան պաշտոնական այցից առաջ Մեդիամաքսին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-ռուսական հարաբերության թեմային, ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է ու պատասխանատու, իսկ հայ-ռուսական հարաբերությունը զարգանում է լայն օրակարգով եւ դրական ընթացքով:

Լավրովի խոսքի առումով անշուշտ կա մի հանգամանք՝ մի պետության արտաքին գործերի նախարար գնահատում է ինքնիշխան մեկ այլ պետության արտաքին քաղաքականություն: Դա թերեւս որոշակիորեն տարօրինակ եւ անգամ գուցե ոչ կոռեկտ իրողություն է: Այլ հարց է, եթե գնահատականը վերաբերի արտաքին քաղաքականության այն հարցերին, որոնք առնչվում են Ռուսաստանին: Թեեւ, մեկ այլ կողմից էլ, Հայաստանի անկախ պետականության ընթացքն իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով եղել է այնպիսին, որ արտաքին քաղաքականության առումով գործնականում առաջնահերթ ամեն ինչ այս կամ այն կերպ շոշափում է Ռուսաստանի կենսական հետաքրքրությունների շրջանակ:

Լավրովի հայտարարությունն ուշադրության է արժանանում նաեւ մեկ այլ, ավելի լոկալ խնդրի համատեքստում: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի աշխարհքաղաքական վերլուծության մասին է, որ նա հրապարակել է ռուսական պետական Սպուտնիկ գործակալության տիրույթում: Ռոբերտ Քոչարյանի հոդվածը գործնականում աշխարհքաղաքականության մասին չէ, այլ՝ դրա առիթով դիմում է Ռուսաստանին, որ Հայաստանը Ռուսաստանից կտրվում է «գունավոր հեղափոխության» եւ գրեթե «հակառուսական» իշխանության ձեւավորման հետեւանքով, եւ միայն ինքն է, որ կարող է պահել ռուսական շահը Հայաստանում:

Լավրովը Ռոբերտ Քոչարյանի դիմումից առա՞ջ է տվել հարցազրույցը Մեդիամաքսին, թե՞ հետո: Եթե առաջ, ապա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն «ուշացել» է, եւ Ռուսաստանը բացարձակապես այլ կերպ է պատկերացնում իրականությունը եւ չունի Ռոբերտ Քոչարյանի ծառայության անհրաժեշտություն: Եթե Լավրովի հարցազրույցը եղել է հետո, ապա ստացվում է, որ այն կամա թե ակամա մերժողական պատասխան է երկրորդ նախագահին:

Բոլոր դեպքերում, Ռուսաստանի ղեկավարությունը իրավիճակը գնահատում է բոլորովին այլ կերպ, քան երկրորդ նախագահը, կամ մարդիկ, որոնք երկրորդ նախագահին համոզում են իր գնահատականի հարցում: Որովհետեւ Քոչարյանն ինքը մի վիճակում է, երբ օբյեկտիվորեն կարող է չտիրապետել միջազգային գործընթացի անգամ տարրական իրողությունների, թեեւ տասը տարի պետության առաջին դեմք եղած գործչին այդպիսի դեպքերում օգնության պետք է գա գոնե ինտուիցիան: Բոլոր դեպքերում, երկրորդ նախագահի դրությունն իսկապես բարդ է, ըստ այդմ վրիպումները՝ օբյեկտիվ:

Կա մեկ այլ հանգամանք: Լավրովն անում է հետաքրքիր դիտարկում, ասելով, որ հայ-ռուսական հարաբերությունը անցավ 2018 թվականի քաղաքական փոփոխությունների շրջափուլով: Այստեղ հետաքրքիր է այն, որ 2018 թվականի հուլիսին Լավրովը բավական կոշտ էր արտահայտվել Հայաստանի նոր իշխանության հասցեին, մասնավորապես նախկին պաշտոնյաների դեմ քրգործերի առումով: Նա ազգանուն չէր տվել, սակայն ենթադրվեց, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանի գործընկերները խոստացել էին չհետապնդել նախկին իշխանության ներկայացուցիչներին:

Փոխվե՞լ է Լավրովի մոտեցումը, թե՞ այդ հանգամանքը Մոսկվան օգտագործեց Հայաստանի նոր իշխանությանը պայմաններ առաջադրելու համար, որի դիմաց էլ փաստորեն «հանձնեց» Ռոբերտ Քոչարյանին: Թե՞ Լավրովի խոսքը պայմանավորված էր լոկ ՀԱՊԿ նախկին ԳՔ Խաչատուրովի հանգամանքով:

Միեւնույն ժամանակ, հայ-ռուսական հարաբերության հետհեղափոխական ընթացքը գործնականում այնպիսին չէ, որ հիմք տա խոսել այն մասին, որ Երեւանը հայտնվել է Մոսկվայի թելադրած պայմանների տակ: Ավելին, Մոսկվան թերեւս հայտնվել է Երեւանի ստեղծած նոր իրողության պատասխանատվության առաջ, թե պատերազմի զսպման, թե դաշնակցային հարաբերության առումով: Միաժամանակ, պաշտոնական Երեւանը այդ պատասխանատվությունը ձեւավորել է, ընդգծելով դաշնակցային հարաբերության հանդեպ սեփական պատասխանատվության հանգամանքը:

Այդ ամենը առերեւույթ էական փոփոխություն չի բերել հայ-ռուսական հարաբերության բովանդակային դաշտ, սակայն ստեղծել է հայ-ռուսական փոխհարաբերության լիովին նոր միջավայր՝ ընդ որում աշխարհքաղաքական լայն ընդգրկումով: Նոր բովանդակության հեռանկարը այդ միջավայրում է: Երկրորդ նախագահը որեւէ կերպ չի կարողանում տեղավորվել այդ միջավայրում, չնայած պարբերական փորձերին:

Նրա քաղաքական արդիականության թեկուզ փոքր շանսը շատ ավելի իրատեսական կարող է դառնալ, եթե դադարեցնի այդ փորձերն ու պարզապես կենտրոնանա իր պաշտպանության բովանդակության վրա, հանգիստ թողնելով հայ-ռուսական եւ աշխարհքաղաքական որեւէ բովանդակություն:

Եթե իհարկե նրան հանգիստ թողնեն այդ հարցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...