Մինչ Հայաստանում սպասում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որն այսօր ժամանում է Երևան, ԱՄՆ պետքարտուղարը երեկ հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով։

«Մոսկվան չի կարող արևմուտքի դաշնակիցը համարվել», – պնդել է Մայք Փոմփեոն ընդգծելով՝ Ռուսաստանն այսօր առաջնորդում են Դրեզդենում տեղակայված ԿԳԲ-ի աշխատակիցները, որոնց հրահանգներով երկիրը հարձակվում է իր հարևանների վրա և ոչնչացնում քաղաքական ընդդիմախոսներին:

Ելույթ ունենալով Գերմանիայի մայրաքաղաքում՝ Բեռլինի պատի փլուզման 30-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, Փոմփեոն նշել է՝ Արևմուտքը սխալվել է, կարծելով, թե խորհրդանշական այդ քայլով բռնապետության դեմ պայքարն ավարտված է:

«Մենք այսօր մրցակցում ենք երկրների հետ, որոնք ազատ չեն և կարծրացնում են իրենց քաղաքականությունը», – հայտարարել է պետքարտուղարը, ապա հավելել է․ «Հենց այդ պատճառով է Միացյալ Նահանգները հորդորում Գերմանիային չխորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում, մենք չենք ուզում, որ Եվրոպան մատակարարումների հարցում կախված լինի Վլադիմիր Պուտինից»:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, տվել է այսօրվա Ռուսաստանի իրական գնահատականը՝ մատնացույց անելով այդ երկրի չեկիստական, զավթողական բնույթը։ Վաշինգտոնի հերթական հիշեցման հիմնական հասցեատերն, անշուշտ, Գրեմանիան է, սակայն Փոմփեոյի խոսքերին առաջին հերթին ականջալուր պետք է լինեն հետխորհրդային երկրները, որոնք Մոսկվայի ագրեսիվ քաղաքականության հիմնական թիրախներն են։

Ինքնին հասկանալի է, որ նման գնահատականներից հետո մոտ ապագայում դժվար է ակնկալել ԱՄՆ-ի, արևմտյան երկրների ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորում ու, այսպես ասած, «Սառը պատերազմը» շարունակվելու միտում ունի, ինչն, անշուշտ, որոշակի մարտահրավերների առաջ է կանգնեցնելու նաև Հայաստանի քաղաքական համակարգին։

Այն, ինչ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը գրել էր իր «բացառիկ» անվանված հոդվածում՝ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանում ռուսական վասալության ռեժիմը հավերժացնելու կոչ ու հեղափոխության արդյունքները չեղարկելելու բացահայտ փորձ։ Մենթալ առումով Պուտինի իշխանության հայաստանյան դաշնակիցները հենց նախկին համակարգի պարագլուխներն են, որոնք պատրաստ են մեր երկրի ինքնիշխանության զոհաբերմանը՝ ֆորպոստ «նայողի» կարգավիճակը ստանալու դիմաց։ Մոսկվային պետք է տոտալ ազդեցություն, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի տիպի առաջնորդներին՝ թալանի ինդուլգենցիա։ Ահա այս կետում ռուսական այսօրվա էլիտան ու հայկական քրեօլիգարխիան բնական դաշնակիցներ են, անփոխարինելի գործընկերներ, որոնց երկուսի թիրախն էլ Հայաստանի ինքնիշխանությունն ու քաղաքացու ազատությունն են։

Հեղափոխությամբ այս վտանգավոր ընթացքը կասեցվեց, սակայն պատմական շրջադարձը տակավին նոր որակ չի հաղորդել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերություններն առայժմ ձերբազատված չեն վասալային ռեժիմի բաղադրիչներից։

Քոչարյանն ինքնուրույն կամ ռուսական «պասով» Փաշինյանի իշխանությանը մտադիր է ներքաշել եվրասիական հորձանուտ։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի իշխանությունը կուլ չտա այս դավադիր խայծը՝ իրապես ձեռնամուխ լինելով Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...