ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան պաշտոնական այցը մեկնարկել է հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ դրական նոտաների ուղեկցությամբ՝ սկսած դեռևս այցից առաջ «Մեդիամաքս» գործակալությանը տված նրա հարցազրույցից, մինչև Հայաստանի վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումը:

Այդուհանդերձ, առերևույթ այդ բարձր նոտաների պայմաններում ակնառու է, որ հայ-ռուսական հարաբերությունն ունի որոշակի նյարդ, և այն տեսանելի է նաև ռուսական պատվիրակության դեմքին, վերջապես՝ Փաշինյանի հետ ձեռքսեղմումով: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա, այդ նյարդն ըստ երևույթին խոսում է հայ-ռուսական հարաբերության ծիրում թերևս առողջ միտումների մասին:

Հակառակ պարագայում նյարդի փոխարեն ռուսական պատվիրակության դեմքին կլիներ տանտիրոջ հանգստություն, ինչպես գրեթե միշտ:

Նյարդը նշանակում է, որ հարաբերությունը վերափոխման գործընթացում է, և կա որոշակի դիսկոմֆորտ Հայաստանի նոր իշխանության հետ շփումներում: Տարօրինակ կլիներ այդ դիսկոմֆորտի բացակայությունը:

Մյուս կողմից՝ այստեղ կարևոր հանգամանքներից մեկը թերևս այն է, որ Հայաստանի իշխանությունը գործնականում «զինաթափել» է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը կամ առնվազն դրա այն շրջանակներին, որոնք դիրքավորվում են Հայաստանի, այսպես ասած, անվերապահ ենթակայության տրամաբանությամբ և դա են դիտարկում հայ-ռուսական հարաբերության «դրականություն»:

Մինչդեռ Երևանը դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 8-ին Փաշինյան-Պուտին հանդիպմանը բարձրաձայնել է փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու տրամաբանության վրա կառուցված դաշնակցային, գործընկերային հարաբերության տեսլականի մասին:

Գործնականում, եթե անգամ դժկամությամբ, Մոսկվան ընդունում է դա, ինչի վկայությունն էր օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը ռուսական «Սպուտնիկ» գործակալության կայքում: Ռոբերտ Քոչարյանն այդ հոդվածում հերթական անգամ Մոսկվային գործնականում առաջարկում էր Հայաստանի հպատակություն, այդ հարցում իր ծառայությունը, ինչը անուղղակի նշանակում է, որ Ռուսաստանը չունի, չի տեսնում դրա պահանջարկը կամ պարզապես չունի այդ ուղղությամբ արդյունավետ աշխատանքի գործիքակազմ: Կամ Ռուսաստանն ունի հենց այն հարաբերության պահանջարկը, որն առաջարկում է Երևանը, որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից կամ, առավել ևս, կալանատնից, այլ շատ ավելի ընդարձակ դիտակետերից, որտեղից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ոչ թե ԱՄՆ գեոքաղաքական դերի անկման վկայություն է, այլ ռեգիոնալ առումով հայկական գործոնի դերակատարման նոր նշաձողերի սահմանում, որն ինքը՝ Ռուսաստանն անել ի վիճակի չէ, սակայն էապես ունի դրա անհրաժեշտությունը՝ իր քթի տակ թյուրքական գործոնի անկասելի ուժգնացմանը դիմագրավելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...