Samvel Babayan

Սահմանադրական փոփոխություններ ենթադրող նախագիծն Արցախի Ազգային ժողովում չընդունվեց՝ ձայների 24 դեմ, 4 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությամբ ստորագրահավաք էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նա ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին:

Փոփոխությունը հնարավորություն կտար Բաբայանին և Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններում:

Այս իրադարձությունն առնվազն միֆեր կոտրեց՝ հուսախաբ անելով հին համակարգի ներկայացուցիչներին։

Նրանք պնդում էին, թե իբրև Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանի «մարդն» է, որի միջոցով վարչապետը փորձում է հարցեր լուծել Բակո Սահակյանի հետ կամ նույնիսկ հեղափոխությունն արտահանել Արցախ։ Նախկինների այս կանխատեսում-պնդումը չաշխատեց, որովհետև Փաշինյանն ոչ միայն անուղղակիորեն կանխեց Բաբայանի «մաուզերիստական» հեղափոխությունն Արցախում, այլ նաև թույլ չտվեց, որպեսզի ՊԲ նախկին հրամանատարի միջոցով Արցախը դառնա հին համակարգի ռեստավրացիայի օջախ։

Կասկած չկա, որ Արցախի խորհրդարանի վերջին որոշումը, այլ խոսքով՝ սահամանադրական փոփոխությունների մերժումը համաձայնեցված է նաև պաշտոնական Երևանի հետ, մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը հայտարարել է, թե դառնալու է Արցախի օրինական ընտրությունների երաշխավորը։

Եթե նույնիսկ ապրիորի ընդունենք, որ տեղի է ունեցել այն անհավանական վարկածը, որ Սամվել Բաբայանը կարող էր դառնալ Նիկոլ Փաշինյանի արցախյան հենարանը, ապա առնվազն տարակուսելի էր այն ճանապարհը, որով ՊԲ նախկին հրամանատարը փորձում էր վերադառնալ Երևան։

Եթե ընդունվեին նրա առաջարկած սահմանադրական փոփոխությունները, ապա Արցախի նախագահի թեկնածուի կարգավիճակում կարող էր հայտնվել ոչ միայն Սամվել Բաբայանը, այլ՝ օրինակ, Ռոբերտ Քոչարյանը ու փաստորեն կստացվեր այնպես, որ Արցախի ընտրություններում լեգիտիմացվում է ռևանշիզմի հնարավորությունը։

Մյուս կողմից՝ Սամվել Բաբայանի «հեղափոխականության» խրախուսումը հանգեցնելու էր պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների առճակատման խորացմանն, ինչի վրա խաղադրույք էին անում թե հայաստանյան քրեաօլիգարխիան և թե նրա մոսկովյան հովանավորները։

Այս ամենը հուշում է, որ Արցախի խորհրդարանի որոշումը, մեծ հաշվով, Երևանի ու Ստեփանակերտի համատեղ քաղաքական որոշումն է, ինչի հետևանքով Սամվել Բաբայանն, ըստ էության, դուրս դրվեց քաղաքականությունից։

Հիմա Արցախում իրավիճակն ավելի կանխատեսելի է։ Մի կողմից Բակո Սահակյանն այլևս չի առաջադրվելու ու, ըստ ամենայնի, չի աջակցելու նախկին համակարգի հետ ասոցացվող որևէ գործչի, օրինակ՝ Վիտալի Բալասանյանին, մյուս կողմից՝ մյուս թեկնածուները մրցելու են ոչ թե Փաշինյանի իշխանության, այլ՝ միմյանց հետ՝ Երևանի լոյալությանն արժանանալու համար։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...