Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկեց Հարություն Թորոսյանի և Հայկ Հայրապետյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ աշխարհահռչակ նկարչի ծոռը՝ Ղ. Ս.-ն, 2018 թվականի հոկտեմբերին դիմել է Հարություն Թորոսյանին՝ «այլ անձանց տիրապետության տակ գտնվող գույքը՝ նկարները, վերցնելու խնդրանքով»:

Հարություն Թորոսյանը, ըստ մեղադրանքի, որոշել է առիթն օգտագործել ու իր ծանոթ Հայկ Հայրապետյանի օժանդակությամբ Ղ. Ս.-ից առանձնապես խոշոր գումար շորթել:

2018 թվականի հոկտեմբերի 30-ին Հարություն Թորոսյանն իր որդու՝ Պ.- ի և Հայկ Հայրապետյանի հետ գնացել է Ղ. Ս.-ի հետ հանդիպման: Բնակարան են բարձրացել Հայկ Հայրապետյանն ու Թորոսյանի որդին: Թորոսյանն ասել է, թե քիչ անց կմիանա նրանց: Որոշ ժամանակ անց Թորոսյանի որդին դուրս է եկել բնակարանից՝ ասելով, թե կվերադառնա, բայց չի վերադարձել: Հարություն Թորոսյանն է եկել այդ բնակարան ու հայտնել է, թե որդուն բռնել, մոտը թմրամիջոց են գտել ու ձերբակալել են և, իբր, ազատ արձակելու համար պահանջել են 250 հազար դոլար:

Հարություն Թորոսյանը, ըստ մեղադրանքի, Ղ. Ս.-ին ու Հայկ Հայրապետյանին է մեղադրել որդու ձերբակալման համար ու պահանջել է, որ նրանք ճարեն ու իրեն տան 250 հազար դոլար, այլապես, ըստ մեղադրանքի, սպառնացել է վնասել նրանց ու նրանց ընտանիքի անդամներին:

Ըստ մեղադրանքի՝ Ղ. Ս.-ն վախենալով՝ համաձայնել է, բայց ժամանակ է խնդրել, որ գումար ճարի: Թորոսյանը ժամանակ է տվել:

Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Հայկ Հայրապետյանը, Հարություն Թորոսյանի հետ կազմած ծրագրի համաձայն՝ Ղ. Ս.-ին վախեցրել է՝ ասելով, թե պահանջված գումարը չստանալու դեպքում Թորոսյանը կարող է ի կատար ածել սպառնալիքները: Հայրապետյանը հայտնել է նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե ինքը, իբր, Թորոսյանին արդեն տվել է 40 հազար դոլար:

Հարություն Թորոսյանը «մնացած» 210 հազար դոլարը պահանջել է Ղ. Ս.-ից՝ նրա ու նրա մերձավորների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Ստեղծված իրավիճակում Ղ. Ս.-ն իր նկատմամբ կատարվող շորթման մասին տեղեկացրել է իրավապահներին:

Ղ. Ս.-ն Հարություն Թորոսյանի հետ պայմանավորվել է, որ գումարի մի մասը ճարել է ու կարող է հանձնել նրան: Հայկ Հայրապետյանը, ըստ մեղադրանքի, Թորոսյանին է տրամադրել իր մեքենան, և 2018 թվականի նոյեմբերի 3-ին Թորոսյանն ու Հայրապետյանը մեքենայով գնացել են Հանրապետության հրապարակ՝ Ղ. Ս.-ից գումարը վերցնելու:

Հանրապետության հրապարակում իրականացվել է օպերատիվ-հետախուզական գործողություն, Ղ. Ս.-ն, ըստ մեղադրանքի, Թորոսյանին է հանձնել 80 հազար դոլար, ինչից հետո ԱԱԾ աշխատակիցներն իրականացրել են ենթադրյալ շորթումը կատարած անձանց բռնելու գործողություն:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հայկ Հայրապետյանը դիմադրել է իրավապահներին, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ԱԱԾ աշխատակից Յ. Դ.-ի նկատմամբ՝ ձեռքերով հարվածել է նրան ու պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Բացի այդ, հաջորդ օրը Հայկ Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:

Այսպիսով՝ Հարություն Թորոսյանին մեղադրանք է առաջադրված բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Հայկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի շորթմանն օժանդակելու, իրավապահ մարմնի աշխատողին դիմադրություն ցույց տալու և առանձնապես խոշոր չափերի ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 316 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 3-րդ մասերով:

Դատական այս նիստի սկզբում Հարություն Թորոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Թ. Ալեքսանյանը դատախազ Ս. Պողոսյանին բացարկ հայտնեց: Պաշտպանը նշեց, որ Ս. Պողոսյանի կողմից պատշաճ դատախազական հսկողության բացակայության պայմաններում «քննիչն ինչ ուզեցել՝ արել է»: Ըստ պաշտպանի՝ դատախազը կանխակալ վերաբերմունք ունի տվյալ գործի ու, մասնավորապես, իր պաշտպանյալի նկատմամբ ու չի կարող մասնակցել այս գործի քննությանը: Պաշտպանը նաև հիշատակեց, որ նախաքննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանությունների՝ մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները:

Նախագահող դատավորը հիշեցրեց, որ դատախազին բացարկ հայտնելու հիմքերի թվարկումից ներկայումս հանված է «կանխակալ կարծիք ունենալ» արտահայտությունը. Եթե մեղադրող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, ուրեմն դա նրա կարծիքն է:

Պաշտպան Ալեքսանյանը խոսքի մեջ նախ ասաց, թե դատախազ Ս. Պողոսյանի անձի դեմ ոչինչ չունի, բայց հետո պնդեց, որ բացարկ է հայտնում ոչ թե ընդհանրական՝ դատախազին, այլ՝ հենց Ս. Պողոսյանին:

Դատախազ Ս. Պողոսյանը հայտարարեց, որ պաշտպանի միջնոդության մեջ արված հղումները վերաբերելի չեն իրեն, իսկ միջնորդությունն ամբողջությամբ հիմնազուրկ է:

Հայկ Հայրապետյանի շահերի պաշտպաններ Գ. Գալիկյանն ու Ա. Ղազարյանը չառարկեցին Թ. Ալեքսանյանի միջնորդության դեմ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշ ժամանակ անց հրապարակվեց դատարանի որոշումը: Պաշտպան Թ. Ալեքսանյանի միջնորդությունը՝ դատախազ Ս. Պողոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ, մերժվեց անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատական նիստին ներկայացել էր գործով տուժող Յ. Դ.-ն ու տուժող Ղ. Ս.-ի ներկայացուցիչը:

Տուժող Յ. Դ.-ն հայտարարեց, թե աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել նիստի հետագա ընթացքին: Նա խնդրեց իրեն դատարան հրավիրել այն ժամանակ, երբ իր ներկայությունն անհրաժեշտ կլինի:

Դատարանը տուժողին թույլատրեց հեռանալ:

Այլ միջնորդություններ չեղան:

Մեղադրող դատախազ Ս. Պողոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Նախագահողը ամբաստանյալներին պարզաբանեց, որ բռնության սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի գումարի շորթումը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, այդ արարքի համար նախատեսված է 6-ից 10 տարի ազատազրկում: Հայկ Հայրապետյանին պարզաբանվեցին նաև մյուս մեղադրանքները:

Հարություն Թորոսյանն ասաց, որ իրեն հասկանալի է առաջադրված մեղադրանքը, ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հայկ Հայրապետյանը հայտարարեց, թե դիրքորոշում չի հայտնում:

Դատարանը, կողմերին լսելով, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ կհետազոտվեն այն ապացույցները, որոնք քրեական գործից կներկայացնեն կողմերը, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, քրեական գործում առկա փաստաթղթերը, կհարցաքննվեն տուժողները, վկաները, վերջում՝ մեղքը չընդունող ամբաստանյալները:

Քրեական գործը բաղկացած է 4 հատորից:

Ամբաստանյալներից՝ կալանքի տակ է միայն Հարություն Թորոսյանը: Հայկ Հայրապետյանը գրավով ազատ է արձակվել:

Դատարանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում Հայկ Հայրապետյանն ասաց, թե ընդհանրապես կապ չունի «շորթում» մեղադրանքի հետ, Թորոսյանին չի օժանդակել ու գաղափար չունի՝ ինչի մասին է խոսքը: 2018 թվականի նոյեմբերի 3-ին Հարությունը խնդրել է, որ տրամադրի իր մեքենան, ինքը ընկերաբար տրամադրել է: Ինչ վերաբերում է ԱԱԾ աշխատողին դիմադրություն ցույց տալուն, ապա ինքը որևէ մեկին, այդ թվում՝ գործով տուժող ճանաչված երիտասարդին չի դիմադրել, այդ երիտասարդին չի էլ տեսել: Հակառակը՝ բերման ենթարկելու ժամանակ իր նկատմամբ են բռնություն գործադրել, ու ինքը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել…

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 11-ին, քրեական գործում առկա ապացույցները կներկայացնի մեղադրանքի կողմը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...