ՍԴ մասին օրենքում լրացումներ կարվեն. Նիկոլ Փաշինյանը հեգնեց

- in Հասարակություն

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց, որ ներդրվում է վաղ կենսաթոշակի սխեման։

«Նպատակը հետևյալն է՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրական դատարանի 9 դատավորները պետք է հետյալ ընթացակարգով ընտրվեին՝ Ազգային ժողովի կողմից, երեքական թեկնածու առաջադրում էր կառավարությունը, երեքական՝ Դատավորների ընդհանուր ժողովը և երեքական՝ հանրապետության նախագահը։ Եվ ըստ էության ստացվում է այնպես, որ հնարավոր է, որ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետև սահմանադրական փոփոխությունները 2015 թվականին էին, դրանից առաջ պաշտոնավարում էին ՍԴ անդամները, որոնք ընտրվել էին հին կարգով։ Եվ կառավարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանում տարիներ շարունակ բարձր կոռուպցիայի մակարդակ է եղել և այդ կոռուպցիան իր ազդեցությունն է ունեցել նաև դատական համակարգի վրա, խնդիր ենք դրել տարբեր գործիքների միջոցով ստուգել դատավորների բարեվարքությունը։ Ոչ միայն դատավորների, այլ նաև տարբեր իրավապահ մարմինների։ Եվ այս վաղ կենսաթոշակի ներդրումը հերթական քայլն է։ Այս նախագծով պահպանվում են ՍԴ անդամների սոցիալական երաշխիքները»,- ասաց նախարարը։
Բադասյանի խոսքով՝ նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում ՍԴ անդամի անդամին մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը հատկացնել կենսաթոշակ նրա հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով։ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ որևէ առարկություն չի կարող լինել այն դեպքում, եթե վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարևոր է արձանագրել այն խնդիրը, որն ուզում են դրանով լուծել։ Ըստ նրա՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով հիմնադրվել է ՍԴ մոդել։ «Ընդ որում այդ ՍԴ մոդելը լայնորեն քարոզվել է նաև սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում։ Մոդելը հետևյալն է՝ ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված՝ 12 տարի։ Երկրորդ՝ նախատեսվում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրեն ՍԴ անդամները, նախագահի պաշտոնավարման ժամկետ է ընտրված վեց տարին։ Հիմա այս բոլոր դրույթները ուժի մեջ են մտել սահմանադրական մյուս դրույթների հետ։ Բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չի լինի իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը։ Մի կողմից ասել են՝ տեսեք , ժողովուրդ ջան, մենք երազանքի սահմանադրական մոդելը գտել ենք, մյուս կողմից արել են գործողություններ, որոնք ՀՀ-ին մինչև 2035 թվականը թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան»,- ասաց նա։ Փաշինյանն ասաց, որ տասը տարին մեկ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում։

«Հիմա մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որպեսզի խնդիրը լուծվի։ Հաշվի առնելով, որ ՍԴ դատավորների առնվազն մի մասը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այդ երազանքի ՍԴ ձևավորմանը, մենք սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...