Սեդրակ Երկանյանի դաշնամուրային կատարումները՝ հոգևոր տվչանք

- in Մշակույթ

Նոյեմբերի 22-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղ. ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի դաշնամուրային հոբելյանական մենահամերգն էր:

Տվչություն, ասել է թե՝ շնորհ, պարգև:
Նա այս համերգին Աստծուց տրված և իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում զարգացրած, հղկած, կատարելության հասցրած՝ երաժշտի շնորհը, որպես դաշնամուրային կատարման կատարելատիպ, մատուցեց մարդկանց: Դա սովորական արվեստային երեկո չէր, այլ հոգևոր արար, ոնց պարգև են անում սրբատեղիում, ոնց աշխարհից վերացած՝ խոսում են Աստծո հետ…

Տվչություն, ասել է թե՝ տուրք:

Սեդրակ Երկանյանն իր հոբելյանական համերգին, ասես, կամովի տուրքը մատուցեց այն հանճարներին, որոնց ստեղծագործությունը ոգեշնչել, հեռակա ուսուցանել, իր կյանքի ուղին և ստեղծագործությունն էին ուղենշել: Հոգու ջանք, ճիգ, աշխատանք է պետք եղել՝ հասնելու ոգեղենության նման աստիճանի, ինչպիսին ունեն Ս. Երկանյանի դաշնամուրային կատարումները: Ռոմանտիզմից մինչև էքսպրեսիվ ժայթքումներ, խոհականություն և խորն ու ապրված զգացմունքայնություն, բնական արտիստիզմի զորությամբ և ապրումի անկեղծությամբ հեղինակային երաժշտական մտասուզումներն ունկնդրի հոգուն և մտքին հաղորդելու մեծ վարպետություն, սեփական անձից վերացմամբ, ասես, իր մարմնից ու կոնկրետ ժամանակից պոկված, տարանջատված,- մի հոգեշաղախ, ոգեշունչ վիճակ,- ահա սա՛ է Սեդրակ Երկանյանի նվագը: Այդ նվագը դառնում է իր շնչառության կերպը, իր սրտի տրոփյունի հանգաչափը:
Տվչություն, ասել է թե՝ փոխադրություն, թարգմանություն:

Մաեստրոն այս համերգի համար իր իսկ կողմից հատուկ ընտրված հեղինակների ստեղծագործությունների ոչ միայն գերազանց կատարողը եղավ, այլև, իմ տպավորությամբ, իր անհատականությամբ կերպավորեց այդ հեղինակներին, իր նվագով անսխալ ուրվագծեց, սեփական շորհքի զորությամբ «թարգմանեց» նրանց բնույթը, մտածելակերպը, աշխարհընկալումը… Հեշտ չէ մի երեկոյի ընթացքում նման մի քանի կերպավորումներ ունենալ, մի հոգեվիճակից լիակատար կերպով անցնել մյուսին, մի զգացողությունից փոխադրվել մի այլ հոգեկերպ,- և սա անել սահունորեն, դալիճին մոգականորեն առաջնորդելով, թափանցելով յուրաքանչյուր ունկնդրի հոգեխորշերը… Սեդրակ Երկանյանի երաժշտական այս «կերպավորումների» գերակշիռ մասն առաջին անգամ էր հնչում մեզանում: 2019թ. նոյեմբերի 22-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը հնչած՝ Սկրյաբինի, Շումանի, Բրամսի, Լիստի, դե Ֆալյայի, Էդ. Միրզոյանի դաշնամուրային ստեղծագործությունների կատարումներից շատերը հայաստանյան պրեմիերաներ էին:

Սեդրակ Երկանյանի գրություններից մեկում կարդացել եմ. «Ցանկացած մեծ գաղափար արվեստում իր մեջ պարունակում է ռոմանտիկականի տարրեր»: Այդ մեծ գաղափարն է Լիստի «Ռիգոլետտոյի» համերգային պարաֆրազում:

Ս. Երկանյանի նվագում ուրվագծեց լիստյան իդեալի կերպարը, լիստյան ինքնաբուխ զգացումը: Գերազդեցիկ էր Մաեստրոյի նվագը՝ լիստյան ստեղծագործությունը մեկնաբանելիս: Նա ունկնդրին տեղափոխեց լիստյան «հանճարի մեկուսարան» (Մաեստրոյի խոսքերն եմ մեջբերոմ), դեպի մի էություն, որը «լռելյայն ձոներգ է ուղղված բնությանն ու անբեկանելի հույսին»: Ու այդ էությունը, մկրտված լամարթինյան հայեցողությամբ, միայնակ է, թախծոտ ու երազկոտ, վեհախոհ մտքերով, այս գործում հախուռն ու կրքոտ կերպար է ստեղծել:
Թախծոտ ու ոգեղեն՝ էությամբ՝ հեղինակը, ասես, նոր ծիր է բացում այս գործով, ելք մենության աշխարհից: Ֆերենց Լիստի հոգեաշխարհի քննությունով հարստացնելով իրեն՝ Մաեստրոն իր նվագով հատեց կոմպոզիտորի «մենության շեմը», կատարելության եզրագիծը: Եվ արդյունքում պատահեց այն հոգեզատումն ու Լիստի էության հետ նույնացումը, այն աստվածացնող նվագը, ինչին հերթական անգամ ականատեսը և ունկնդիրը եղավ հայ հանդիսականը:
Ս. Երկանյանի նվագն այս երեկոյին նույնական էր այն տողերի հետ, որ գրել է ինքը՝ Լիստի արվեստի տպավորությամբ՝ «Եվ ղողանջներ լուսակամար \\ Հոգուց բխեալ ի ծոր-ծոր \\ Սավառնեցին որպես օրոր \\ Խորհուրդ առ իս իրիկնամայր…»:

Համերգային ծրագրում Մաեստրոն ընդգրկել էր մեկ այլ հանճարի՝ Լիստի գաղափարական հակառակորդի՝ գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Յոհաննես Բրամսի ստեղծագործություններից Ռապսոդիա op 79-ը: «Նրա ստեղծագործություններն ունեն այնպիսի հետաքրքիր և բազմապիսի տարրեր, որոնց ես երբեք չեմ հանդիպել…»,- Բրամսի մասին ասել է վիտուոզ ջութակահար Յոզեֆ Յոախիմը: Բրամսը ստեղծել էնոր երաժշտական շարժում, որով հավատարիմ է մնալով դասական երաժշտության ավանդույթներին՝ դրանց համատեղելով ռոմատիկ ուղղությունը, օգտագործելով նաև միջնադարյան գրային ոճեր: Բրամսի գրվածքները համարվում են կատարման համար շատ դժվար: Դասական և ռոմանտիկ երաժշտությունների համատեղմամբ են ստեղծված նաև նրա Ռապսոդիան, որը աչքի է ընկնում նրբությամբ և բավական բարդ կառուցվածք ունի: Դաշնակահարը հաղորդեց այդ ստեղծագործության ողջ հզորությունը, տոնայնությունների բազմաբղետությունը և անընդմեջ փոփոխությունները՝ ստեղծելով բազմաձայնության տպավորություն:

Բրամսն իր կյանքի կարևորագույն իրադարձությունն է համարել Ռոբերտ Շումանի հետ հանդիպումը: Ահա այս ներքին տրամաբանական կապը շարունակելով՝ Ս. Երկանյանը համերգային ծրագրում ներառել էր 19-րդ դարի ռոմանտիկ դպրոցի խոշորագույն կոմպոզիտոր, դաշնակար, դիրիժոր և գրող Ռոբերտ Շումանի Երեք ռոմանսը:

Սեդրակ Երկանյանը ռոմանսները կատարեց՝ հաղորդելով դրանց քնարահոգեբանական ողջ բովանդակությունը: Այդ երաժշտական երկերի հոգեբանական խորությունն ու նրբագեղությունը, մեղեդայնությունը, զգացմունքային փխրունությունն առկա էին Ս. Երկանյանի կատարումներում: Նրան դյուրությամբ հաջողվեց հաղորդել գերմանացի հանճարեղ ռոմանտիկի ստեղծագործությունների դրամատիզմը, սուր արտահայտչականությունը և բանաստեղծականությունը՝ ունկնդրին տանելով դեպի հոգեբանական ենթաշերտերի բացահայտումներ:

Իբրև բացարձակ անհավասարակշռելիության վիճակ է նկարագրում Մաեստրոն դաշնամուրային զորեղ կատարումները: Համաչափություն և անհավասարակշռություն,- թվում է՝ անհամատեղելի են: Բայց ո՛չ Ս. Երկանյանի կատարողական արվեստի դեպքում: «Անհանգիստ է մարդը կատարման ժամանակ ու առավել հմայիչ բոլոր այն երաժիշտներից, որոնք փորձում են բարձրանալ դեպ հանճարի հոյակապ մեկուսարանը»,- մեջբերում է Մաեստրոյի խոսքից:

Իսպանական Անդալուզիայի ծնունդ, Մադրիդի թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ Մանուել դե Ֆալյան ստեղծագործել է 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարի 40-ական թվականները: Նա այն կոմպոզիտորներից է, որ ապրել է արվեստի և երաժշտական ուղղությունների և հոսանքների բուռն «շրջապտույտի», բախումների, հակադրությունների և համադրությունների ժամանակներում: Դե Ֆալյայից համերգին կատարվեց «Բետիկա» ֆանտազիան: Իսպանական ոգու հախուռնություն, վառ կերպարայնություն, ժողովրդական երաժշտական թեմաների խորն ընկալում,- ահա այս երաժշտության գույնը, որի բոլոր նրբերանգները՝ հոզումնալից, կրքոտ, հետո՝ պահեր խաղաղվող, նորից փոթորկալից, հրաշալիորեն հաղորդեց իր նվագով դաշնակահարը:

Ս. Երկանյան դաշնակահարին զուր չեն համարում Սկրյաբինի լավագույն մեկնաբաններից մեկը: Կոմպոզիտոր, դաշնակահար Ալեքսանդր Սկրյաբինն իր առաջին ստեղծագործությունների շոպենյան ուշ ռոմատիզմից հասել է մինչև հանճարեղ նորարարության՝ իր պրելյուդների և էտյուդների ներդաշնակ լեզվի տարրերով: Սկրյաբինի սիմվոլիստական պատկերների շարքում է Սոնատ թիվ 3-ը: Հզո՛ր, հզոր մի կատարում. որքա՜ն խորն էր երաժշտի ապրումը՝ այն կատարելիս, որքա՜ն հզոր էին այն վերերկրային ուժերը, որ կառավարում էին իրեն՝ հոգու բոլոր ելևէջները հաղորդելիս, գաղտնածածուկ խորքերը բացելիս:

Երաժշտությունը չեն պատմում. այն թարգմանվում է ունկնդրի՝ երաժշտությանը համաչափ շնչառությամբ, որ կառավարվում էր այս համերգաին երեկո Սեդրակ Երկանյանի մատների տակ հույզ-օվկիանի ծովածփումը հաղորդող նվագարանի հնչողությամբ:

Հայ հեղինակներից դաշնակահարն ընտրել էր Էդուարդ Միրզոյանի «Պոեմը»՝ 20-րդ դարավերջի երաժշտական նորարար արտահայտչամիջոցների կիրառմամբ կառուցված՝ զորեղ էներգիայով և համեմատաբար փոքր ծավալի մեջ՝ լայն բովանդակայնությամբ::

Համամասնությունների ճշգրտություն, էքսպրեսիայի մաքրություն.- սա է հատուկ Մաեստրոյի դաշնամուրային կատարումներին: Նման ճշգրտության և մաքրության հասնելու գործում, ոնց հանրահռչակ դաշնակահար Արթուր Շնաբելն է մի առիթով նկատել, մեծ դեր ունի բության հետ առնչվելը: Ս. Երկանյանը բնությանը ներդաշնակ էություն է, բնության շարժի ու փոփոխության յուրատիպ ընկալմամբ: Եվ այդ ներդաշնակության զգացումն էր, որ ստեղծվել էր դահլիճում՝ Մաեստրոյի դաշնամուրային կատարումների ազդեցությամբ:
Ունկնդիրն անցավ զգացմունքային զարգացման բազում փուլերով՝ յուրաքանչյուրն անհատապես ապրելով նվագների խռովքը, դրամատիզմը, ունենալով հույզերի ալեկոծումներ:

Տվչություն, ասել է թե՝ պատվիրան:
Սեդրակ Երկանյանի հոբելյանական համերգը նաև պատվիրան էր՝ ընչաքաղցության և բազմադիմի մեր ժամանակներում կասեցնելու հոգևոր արժեքների անկումը՝ ընտրելով արվեստի միջոցով ներքին մաքրագործման, Աստվածային բնակունքին հանգելու և ներդաշնակվելու ճշմարիտ ուղին…

Հասմիկ Սարգսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments