Seyran Ohanyan

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, որով որպես մեղադրյալ անցնում է նաեւ ինքը, արել է հայտարարություն, որն առանց չափազանցության հնարավոր է գնահատել սենսացիոն:

Դատարանը քննարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հերթական միջնորդությունը: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կողմ է կալանքը փոխելուն: Նա հայտարարել է, թե հարգում է մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով հարազատ կորցած անձանց, բայց այդ դատավարությունը կապ չունի զոհերի հետ եւ այդ դատավարությունը կապ ունի Հայաստանի երեք նախագահների ընտրական եւ հետընտրական խնդրի հետ:

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ «մեկը ընտրվել էր, մյուսը չէր ընդունում ընտրությունը, եւ երրորդը պետք է ինչ որ կերպ կարգուկանոն ապահովեր եւ փոխանցեր իշխանությունը հաջորդ ընտրված նախագահին»:

Պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է նաեւ, որ այդ իմաստով Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով կալանքում, անհավասար պայմաններում է: Ըստ Օհանյանի, կան մարդիկ, որոնք հրճվում են, թե ինչպես է երկրորդ նախագահը գտնվում կալանքի տակ:

Արդյոք պաշտպանության նախկին նախարարն ասելով այդ մասին, նկատի ունի նաեւ մյուս երկու նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին, ակնարկելով, որ նաեւ նրանք են այսպես ասած հրճվողների շարքում:

Համենայն դեպս այն, որ Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համեմատ, Սեյրան Օհանյանը ասում է չափազանց պարզ, այդպիսով գործնականում նաեւ բացահայտելով գործընթացի թերեւս ամբողջ «անատոմիան»:

Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք քաղաքացու հետ «անկեղծ զրույցի» մասին Սերժ Սարգսյանի օրերս կատարած ազդով, որը առավել նյարդայնացրել է Ռոբերտ Քոչարյանին եւ ստիպել բացել խաղաքարտերը Սեյրան Օհանյանի միջոցով: Արդյոք պաշտպանության նախարարի այդ բաց հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում է, որ կարող է խոսել էլ ավելի բաց: Եվ արդյոք ներքին որոշակի հաղորդակցության արդյունք չէր նաեւ Սերժ Սարգսյանի ազդարարումը, որը կարող էր պայմանավորված լինել Ռոբերտ Քոչարյանի ունեցած դիտողություններով: Խիստ հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը խոսում էր ձերբակալության պատրաստ լինելու մասին: Ասելով, թե պատրաստ է՝ եթե դա կերջանկացնի ժողովրդին, արդյոք նկատի ուներ, որ պատրաստ է ձերբակալվել, եթե դա կերջանկացնի Ռոբերտ Քոչարյանին:

Առայժմ լռում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...