Սերժ Սարգսյանը խոսել է Հայաստանում իշխանափոխության մասին

- in Ով ով է ...
serzh-sargsyan

Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով, նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Զագրեբում ընթացող ԵԺԿ համաժողովում ասաց ՀՀ 3–րդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Իր ելույթում 3-րդ նախագահը մասնավորապես ասել է. «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանն սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:

Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում:

Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով, գուցե, որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...