Սերժ Սարգսյանը հետևորդն է յուր փեսայի կոչերի

- in Վերլուծական
Mishik

Նոյեմբերի 20-21-ը բավականին հատկանշական ժամանակահատված ստացվեց հայաստանյան ներքաղաքական կյանքում:

Օրվա անցման մի քանի ժամերի ընթացքում հնչեցին երեք հատկանշական ելույթ, փաստացի երեքն էլ՝ Եվրոպայից: Իտալիայում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ելույթ ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազարում, Խորվաթիայում էր ու ԵԺԿ համագումարում ելույթ ունեցավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ու ֆեյսբուքյան գրառում-ելույթ ունեցավ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը: Երեք ելույթներն իհարկե միմյանց հետ չունեն որևէ ուղիղ կապ, սակայն ունեն էներգետիկ թերևս հետաքրքիր շրջանակ, ներքին քաղաքական յուրօրինակ եռանկյուն, որը բացահայտ և լուռ դիմադրության կոշտ երկրաչափությամբ կարող է դուրս թողնել շատ դերակատարների:

Օրերս Միքայել Մինասյանը արել էր կոչ՝ չնստել ձեռքերը ծալած ու աշխուժանալ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու խնդիրը լուծելու հարցում, ստեղծել նոր միավորներ կամ միանալ ստեղծվողներին, օրինակ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին կամ Վազգեն Մանուկյանի «Վերնատանը»: Մինասյանի կոչին փաստորեն առաջիններից մեկն արձագանքեց Սերժ Սարգսյանը, որը ԵԺԿ համագումարում ներկայացրեց փաստորեն աշխուժության հայտ: Բայց ամբողջ հարցն այն է, որ ինչքան աշխույժ է Սերժ Սարգսյանը, այնքան նա ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը:

Աշխուժանալու Մինասյանի կոչին արձագանքել էր, օրինակ, նաև Միլանի ուռուցքաբանության կենտրոնի աշխատակից ներկայացած մի հայուհի, որը Միլանի հայկական եկեղեցում Փաշինյանի և համայնքի հանդիպմանը նրան մեղադրեց երկիրը կործանելու համար և կոչ արեց հրաժարական տալ: Սերժ Սարգսյանի աշխուժությունն այդ ֆոնին կարծես թե թողնում էր ավելի շուտ կոնտրաշխուժության տպավորություն:

Իրավիճակը շատ արագ զգաց Միքայել Մինասյանը, որը առերևույթ արձագանքելով հրաժարականի կոչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանին՝ այդուհանդերձ, ավելի շատ արձագանքում էր թերևս Սերժ Սարգսյանի ԵԺԿ ելույթին՝ դրանում տեսնելով ընդդիմության կարգավիճակում նախկին իշխող համակարգի վարքագիծը թելադրող պատրիարքության հայտ: Մի բան, որին ակնառու հավակնություն ներկայացնում է ինքը՝ Միքայել Մինասյանը:

Այդպիսի ևս երկու հայտատու՝ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը, չեն դիտվում լուրջ կամ անհաղթահարելի մրցակից՝ այն պարզ պատճառով, որ նրանց ոչ ոք չի մեղադրում «իշխանությունը պոպուլիստներին հանձնելու» համար, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանին, ինչի մասին նա որոշել էր բարձրաձայնել անգամ ԵԺԿ ամբիոնից:

Մեղադրանքի փորձեց հավակնել, ի դեպ, նաև Ռոբերտ Քոչարյանը՝ դեռևս նախորդ տարի ամռանը տված հարցազրույցներից մեկում ասելով, թե մի՞թե դրա համար էր հեղափոխությունը, և ըստ երևույթին ակնարկելով դրանում իր դերի մասին: Բայց նրան ըստ երևույթին ոչ ոք չհավատաց:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...