Սերժ Սարգսյանը մեծ արգելափակոց է ընդդիմության ձևավորման ճանապարհին

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Հանրապետական կուսակցությունը հանգստյան օրերին Ծաղկաձորում կուսակցական աշխատաժողով է անցկացրել, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Աշխատաժողովի թեման եղել է քաղաքական պոպուլիզմը, ավելի շուտ՝ դրան դիմագրավելու հանգամանքը: Թեև աշխատաժողովն անցկացվել է գերմանական Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի աջակցությամբ, քննարկվող թեման համահունչ է եղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման բովանդակությանը: Դեսպանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել էր իրական ժողովրդավարության անհրաժեշտության և քաղաքական պոպուլիզմի վտանգների մասին:

Այդպիսով, փաստացի, ԱՄՆ դեսպանի հետ այդ հանդիպումից մի քանի օր անց Սերժ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումը կուսակցության շրջանակում: Դեսպանի հետ հանդիպումը հանրային-քաղաքական տեսանկյունից հետաքրքիր էր այն հանգամանքով նաև, որ խոսք է գնացել հետագա պարբերական հանդիպումների մասին, ինչն այլ բան, քան դեսպանատուն-ՀՀԿ քաղաքական ձևաչափի մեկնարկ, թերևս դժվար է գնահատել: Այստեղ, իհարկե, տողատակային շարժառիթները կարող են լինել բազմապիսի, սակայն այն, որ խոսքը բավականին լուրջ գործընթացի մասին է, ակնհայտորեն դրսևորվեց Ռոբերտ Քոչարյանի «խանդոտ» հոդվածից: Նա ռուսական պետական «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունում հրապարակեց «հակաամերիկյան» տրամաբանությամբ մի հոդված՝ ահազանգելով Ռուսաստանին, որ Հայաստանը «տանում» են: Գործնականում, սակայն, խոսքը ոչ թե Հայաստանը տանելու մասին է, այլ ավելի շուտ ընդդիմադիր առաջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի ձեռքի տակից տանելու մասին:

Սերժ Սարգսյանն ակնհայտորեն անցնում է ավելի ակտիվ գործունեության, ինչը թեև հանրային տարածված արձագանքում դիտարկվում է այսպես ասած՝ հեղափոխության դեմ ակտիվություն, իրականում այն ակտիվություն է հեղափոխությանն հանդեպ գլխավոր ընդդիմություն լինելու մյուս փորձերի դեմ: Իսկ այդ շարքում ակտիվ հայտատուներից և հավակնորդներից է հենց երկրորդ նախագահը, մի շարք հասկանալի պատճառներով ու շարժառիթներով: Սերժ Սարգսյանն այդ իմաստով մի մեծ արգելափակոց է ընդդիմության ձևավորման ճանապարհին, կամ ավելի շուտ՝ Հայաստանում հին բովանդակությամբ, բայց նոր դեմքով կամ նոր փաթեթավորմամբ ձևավորման ճանապարհին: Հատկանշական է, որ առանցքում հայտնվել է քաղաքական պոպուլիզմի թեման: Որքան էլ հնչի տարօրինակ, Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի և գերմանական հիմնադրամի հետ ստանձնել է նոր ընդդիմությունը քաղաքական պոպուլիզմից զերծ պահելու դերակատարումը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...