Serj Sargsyan

Նոյեմբերի 5-ին ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:

Հանդիպումը, ըստ ՀՀԿ հաղորդագրության, եղել է դեսպանի նախաձեռնությամբ, նա հետաքրքրվել է ՀՀԿ ծրագրերով եւ հավաստիացրել, որ հանդիպումները կլինեն պարբերական:

Դա հետաքրքիր է, քանի որ փաստացի ստացվում է, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը սկսում են ԱՄՆ հետ ինչ որ գործընթաց, եթե հաղորդագրության մեջ տեղ է գտնում դեսպանի այն հավաստիացումը, որ «այսուհետ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ»:

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում հայտնել է, որ ՀՀԿ համար շարունակելու է գերակա մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, ռեգիոնալ կայունության ու խաղաղության հարցերը:

Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հյուրն էր, քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Արդյոք այդ հանդիպումի՞ց հետո է դեսպան Թրեյսին ունեցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն, թե՞ այդ անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 30-ի հայտարարությունից հետո, որտեղ նա ազդարարեց, թե «մոտենում է քաղաքացիների հետ անկեղծ զրույցի ժամանակը»: Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաեւ, որ պատրաստ է անգամ ձերբակալվելուն, եթե դրանից կլուծվեն հանրության խնդիրներն ու մարդիկ կդառնան երջանիկ:

Սերժ Սարգսյանը ԱՄՆ դեսպանի հետ սկսե՞լ է իր անկեղծ զրույցը: Համենայն դեպս ակնառու է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը իր հանդիպման նախաձեռնությամբ փաստացի արել է հենց այդ առաջարկը: Ինչպե՞ս է արձագանքել երրորդ նախագահը: Համենայն դեպս հենց հանգամանքը, որ նրա գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հանդիպումների պարբերականության մասին դեսպանի հավաստիացումը, հուշում է, որ Սարգսյանը զրույցի առնվազն պատրաստ է, հարցն այն է, թե որքան է լինելու դրա անկեղծության աստիճանը:

Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, թե արդյոք Սարգսյանի հետ հանդիպման ցանկություն առաջիկայում կհայտնի Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, որն ինչպես հայտնի է մայիսին հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Հայաստանում այդ հանդիպման առիթով բարձրացրած աղմուկից հետո դեսպանատունը պարզաբանեց, թե հանդիպումն ընդամենը հասարակական-քաղաքական գործիչների հետ հանդիպումների շարքից է: Առավել եւս հատկանշական է, որ այդ շարքում մայիսից ի վեր չի հայտնվել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյան-ԱՄՆ դեսպան հանդիպումն ուշագրավ է նաեւ նույն օրը Ընդհանուր իրավասության դատարանում հնչած առանցքային հայտարարության ֆոնին, երբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ դատավարությունը առնչվում է երեք նախագահներին, եւ Ռոբերտ Քոչարյանը մյուս երկուսի հանդեպ անհավասար պայմանում է՝ նա զրկված է ազատությունից: Սեյրան Օհանյանի հայտարարությունը հուշում է նախկին իշխող համակարգում այդ առնչությամբ տեղի ունեցող լրջագույն խմորումների մասին:

Միաժամանակ ակնառու է նաեւ, որ Հայաստանի նախկին իշխող համակարգը «անմարդաբնակ կղզի» չէ եւ ավելին, այդ համակարգը ինքնին ոչինչ էր, եթե կապակցված չլիներ ավելի լայն համակարգային շրջանակների: Եվ այդ իմաստով անշուշտ առանցքային է դառնում ռուսական համակարգի դերը, որտեղ նույնպես տեղի են ունենում ներքին տրանսֆորմացիոն խմորումներ՝ աշխարհքաղաքական շարժերի տրամաբանության ազդեցությամբ, եւ այդ ներռուսական խմորումների հարցում էական կողմնորոշիչ են դիտարկվում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, հաշվի առնելով մի շարք արտաքին շրջանակներում Հայաստանի վրա ռուսական գերազդեցության համոզվածությունը, որն ըստ տրամաբանության անհնարին էր դարձնում Հայաստանում որեւէ ժողովրդական հեղափոխություն:

Այդ առումով, Հայաստանի ներքին կյանքը գործնականում դառնում է ոչ միայն ներհայկական, այլ նաեւ ներռուսական խմբերի դիրքային պայքարի թատերաբեմ, որոնց որոշակի խոսնակի կարգավիճակ ունի օրինակ հայտնի պատգամավոր Զատուլինը: Նախօրեին նա էլ Երեւանում էր եւ հայտարարել էր, թե Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն եւ շարունակվում է հայ-ռուսական ծանոթության գործընթացը:

Հայաստանի հեղափոխությունից հետո իրադարձությունների զարգացման ծանրության կենտրոնը՝ թե հեղափոխության, թե նաեւ միջազգային զարգացումների շնորհիվ ձեւավորվող իրողությունների բերումով տեղափոխվում է հայ-ռուսական հարաբերության վերափոխման տիրույթ, ինչը իր հերթին լինելով բավական ժամանակատար եւ բարդ, բազմաշերտ գործընթաց, ռեգիոնալ իրողությունների առումով ունենալու է հեղափոխական ազդեցություն: Այդ իմաստով հատկանշական է նաեւ, որ Հայաստանում վերը թվարկված իրողությունների «բռնկումը» տեղի է ունենում նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցին ընդառաջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...