Սերժ Սարգսյանը «Վերնատան» փոխարեն ընտրում է «եվրոպական տան» տարբերակը

- in Պնակալեզներ
serzh-robert

Նոյեմբերի 19-21-ը Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Խորվաթիայում, ԵԺԿ համագումարին և վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Սարգսյանի այդ այցելությունը, բնականաբար, քիչ ուշադրության արժանացավ հայաստանյան ներքաղաքական շրջանակում, սակայն այն, թերևս, իր մեջ պարունակում է ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների, իրերի դրության, ուժերի հարաբերակցության յուրօրինակ արտացոլում և ազդակ: Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ համագումարին ու վեհաժողովին մասնակցությունը բավականին հատկանշական էր Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» խմբակի առաջին ժողովին նրա բացակայության պայմաններում: Տվյալ դեպքում խոսքը, իհարկե, անմիջապես Սարգսյանի բացակայության մասին չէ, կամ դրա մասին չէ միայն, այլ ընդհանրապես ՀՀԿ նկատելի բացակայության, թեև, իհարկե, անուղղակի, ոչ ֆորմալ ասոցիացիա արձանագրել հնարավոր է՝ ի վերջո, ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ ունեցած Դավիթ Շահնազարյանի մասնակցությունը:

Այդուհանդերձ, ՀՀԿ-ն բացակայում էր, և սա հետաքրքիր է այն առումով, որ «Վերնատունը» իր գերակա մեծամասնությամբ ֆորմատ է, որը հայաստանյան ներքաղաքական կյանքում շրջանառում է այսպես ասած՝ ռուսական մի շարք ազդեցիկ խմբերի թեզեր: Պատահական չէ, որ «Վերնատունը», խոշոր հաշվով, զատուլինյան Լազարևյան ակումբի, այսպես ասած, հայաստանյան «կիսագունդն» է՝ անկախ որևէ ուղիղ ֆորմալ կապի առկայությունից կամ բացակայությունից: Ահա այդ իմաստով, Սերժ Սարգսյանը, փաստորեն, «Վերնատան» փոխարեն ընտրում է «եվրոպական տան» տարբերակը և մեկնում է ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի: Դա իհարկե կարող է դիտարկվել նախկին իշխող համակարգի, այսպես ասած, բազմավեկտոր աշխատանքի տիրույթում, ի վերջո, նույն Ռոբերտ Քոչարյանն էլ պաշտպանություն է փնտրում ՄԻԵԴ-ում և Վենետիկի հանձնաժողովում: Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի քայլը գործնականում «դասակարգային» էր նախկին իշխող համակարգի հիերարխիայի իմաստով, և այդ առումով նաև որոշակի պատասխան Ռոբերտ Քոչարյանին, որը փորձում է իր «բարձր դասը» կամ «բարձր կարգը» ի ցույց դնել նախկին իշխող համակարգում՝ ՌԴ նախագահ Պուտինի հետ ընկերությամբ, մտերմությամբ, նրա հետ շնորհավորանքով կամ՝ ընդհուպ Պուտին-Բելլա Քոչարյան հանդիպումով:

Այդ կերպ երկրորդ նախագահն անշուշտ փորձում է հասնել թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական գերիշխանության այն համակարգում, որի մոբիլիզացիան դիտարկվում է հետագա քաղաքական դերակատարման անբեկանելի գրավական: Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարի ու վեհաժողովի միջոցով ցույց է տալիս իր «բարձր կարգը», իր «թռիչքի բարձրությունը»՝ առաջին հերթին հենց Ռոբերտ Քոչարյանի, ու նաև «Վերնատուն» խմբակի համեմատությամբ, առնվազն կիսելով համակարգը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...