Սերժ Սարգսյանի անկեղծ խոստովանությունը. քանի դեռ կա

- in Կեղտոտ լվացք
Serj Sargsyan

Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը անկեղծ էր: Իհարկե չափազանցություն կլինի ասել, թե անկեղծությունը լիարժեք էր, ընդգրկուն, սակայն նշմարելի էր բավականաչափ:

Սերժ Սարգսյանը պատասխանատվություն ստանձնեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության համար եւ գործնականում հայտարարեց, որ պատրաստ է աշխուժանալ հեղափոխության սխալներն ու բացթողումները, վրիպումներն ու շեղումները ծածկելու՝ իրենով ծածկելու համար:

Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը գործնականում ներկայացնում էր Հունան Ավետիսյանի հայտը՝ իրենով ծածկել այն գնդացրերը, որոնք թիրախավորում են հեղափոխությունը:

Որովհետեւ, Սերժ Սարգսյանը որքան աշխույժ է քաղաքականության մեջ, այնքան գործնականում բեւեռացնելու է իրավիճակը: ԵԺԿ-ում նա փաստացի հայտարարում է, որ Նիկոլը սխալներ է անում, ես պատրաստ եմ ուղղել դրանք: Սարգսյանը Եվրոպային մեծ հաշվով ասում է՝ քանի ես կամ, հեղափոխությունը կա, իր սխալներով հանդերձ: Բայց բավական է ես չլինեմ, ու սխալները կարող են դառնալ ճակատագրական: «Եվ հիմա ես այստեղ եմ՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում», ասել է նա:

Իհարկե հնարավոր է, որ Սարգսյանի համար դա ընդամենը Եվրոպային առաջարկվող քաղաքական այսպես ասած բանաձեւ-գործարք է, սեփական անվտանգությունը կառուցելու համար: Ասենք, ի տարբերություն երկրորդ նախագահի, եւ գուցե ունենալով նրա դառը փորձը, երրորդ նախագահը գերադասում է պաշտպանություն կառուցել նախապես՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Եվ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, նա այդ պաշտպանության հիմնական գործընկեր դիտարկում է Եվրոպային, ոչ թե Պուտինին:

Կընդունի՞ Եվրոպան Սերժ Սարգսյանին, ինչպես փաստորեն ընդունեց Միացյալ Նահանգները, համենայն դեպս դեսպանի մակարդակով: Ի դեպ, հատկանշական է, որ ԵԺԿ մեկնելուց ու ելույթից առաջ Սերժ Սարգսյանը հարկ համարեց ապահովագրվել ներսում եւ պատասխանել Նիկոլ Փաշինյանի հետ շփումների վերաբերյալ լուրերին: Նրա գրասենյակը հայտարարեց, որ երբեւէ չի ունեցել շփում թե մինչեւ հեղափոխությունը, թե դրանից հետո:

Ամբողջ հարցն այն է, որ քաղաքական շահերի համակարգը հաճախ ընկալվում է պարզունակ տրամաբանությամբ՝ պայմանավորվածության տեսքով: Իրականում սակայն, հեղափոխության արդյունավետությունը բխում է Սերժ Սարգսյանի շահից, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ դեպքում հնարավորինս քիչ կլինի նրա «մաշկի» հանդեպ հանրային պահանջը, կամ պահանջարկը եւ բոլորը կբավարարվեն միայն Ռոբերտ Քոչարյանով:

Չի բավարարվի միայն Ռոբերտ Քոչարյանը, սակայն Սերժ Սարգսյանը նրա առաջ մաքուր է, քանի որ 2014 թվականին Սահմանադրության փոփոխության մասին խոսելով առաջարկել էր հեռանալ միասին, պայմանավորվել դրա շուրջ, սակայն առաջարկը մերժվել էր: Այլ հարց է իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանը համոզված էր Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության անհաստատության հարցում:

Կպայմանավորվի՞ Եվրոպան Սերժ Սարգսյանի հետ հեղափոխության հարցում: Սարգսյանը որպես երաշխիք հիշեցրել է իր նախագահության օրերին ստորագրված համապարփակ համաձայնագիրը: Միեւնույն ժամանակ, Եվոպան էլ թերեւս հիշում է հանկարծ չստորագրված ասոցացմանը: Բայց, Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դա էլ նախատեսել էր, հայտարարելով, թե ունի մեղքի իր բաժինը, բայց շատ հարցեր ուղղակի ստորադասել է ռեգիոնալ խաղաղությանն ու անվտանգությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...