Սերժ Սարգսյանն անկեղծացավ. նա վախենում էր

Serzh Sargsyan

«Տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը 20 տարի չի վախեցել մարդասպաններից, չի վախեցել բյուջեն թալանողներից, չի վախեցել աստղաբաշխական սեփականություն կուտակած իր մերձավորներից ու հիմա իր համար ինչ-որ բանաձև է ձևակերպել՝ «անպատասխանատու պոպուլիստներ», ասում է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի օրերս հնչեցրած գնահատականներին:

Պատգամավորը թերեւս սխալվում է, ասելով, որ Սերժ Սարգսյանը չէր վախենում իր թվարկած շերտերից: Սերժ Սարգսյանը վախենում էր, ու հենց դրա համար էլ գնաց վա բանկ՝ փաստացի երրորդ ժամկետի, լավ պատկերացնելով, որ դրան դեմ է ոչ միայն հանրությունը, այլ նաեւ իշխող գրեթե ամբողջ համակարգը, իր տարբեր թեւերով, որոնք բաղկացած էին այդ թվում հենց այն շրջանակներից, որոնք թվարկում է Հայկ Գեւորգյանը:

Պարզապես, այդ շրջանակների մտքով իսկ չէր անցնում, որ Հայաստանում հնարավոր է ժողովրդական հեղափոխություն, երբ դրության տերը կդառնա ոչ թե համակարգի, այլ «ժողովրդի թեկնածու» նոր վարչապետը:

Սերժ Սարգսյանը վախենում էր, այլապես նրան ոչինչ չէր խանգարի գնալ ռեֆորմների, փոփոխությունների, հատկապես որ իր նախագահության տասնամյա շրջանում արեց մի քանի կարկամ փորձ: Նրան խանգարում էր վախը համակարգից՝ իր հանրային գրեթե զրոյական լեգիտիմության պայմաններում:

Այն, ինչ ներկայում տեղեկատվա-քարոզչական գրոհի տեսքով կատարվում է գործող իշխանության հանդեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, գործնականում տեղի էր ունենալու Սերժ Սարգսյանի նկատմամբ՝ վերափոխման, փոփոխության որեւէ փորձի պարագայում: Գուցե լրատվամիջոցների անվանական այլ հարաբերակցությամբ կամ վիճակագրությամբ, սակայն տեղի էր ունենալու, ինչպես օրինակ տեղի էր ունենում նրա նշանակած վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, որը փորձեց ծավալել ռեֆորմիստական «դիսկուրս», ի վերջո ոչիշխանական բեuեռի ճնշման ներքո տեղը զիջելով «ավանդական» Հովիկ Աբրահամյանին:

Այն, որ Սերժ Սարգսյանը վախենում էր, դա իհարկե ամենեւին չի նշանակում, թե նա թեւերով հրեշտակ էր հրեշների համակարգում, եւ վախենում էր որեւէ բան փոխել, քանի որ հրեշները կապստամբեին: Նա իհարկե ուներ այդ համակարգի մոտ երեք տասնամյակի ձեւավորման ու գոյության համար պատասխանատվության իր բաժինը: Բայց նրա նախագահության վերջին տասնամյակի վրա «դուրս գրվեց» համակարգի ամբողջ պատասխանատվությունը, Սերժ Սարգսյանին թողնելով մենակ:

Եվ այն, որ նա այժմ դիմում է իշխանությանն ու խոսում իր ձերբակալության մասին, շարժառիթային տողատակում պայմանավորված է թերեւս նաեւ նրանով, որ Սարգսյանը նախկին համակարգում այժմ էլ մենակ է եւ իշխանությանը կարծես թե կոչ է անում՝ ձերբակալեք, որ ազատվեմ այդ համակարգից, որովհետեւ իշխանությունը թողնելով ազատվել կարծես թե չստացվեց:

Միեւնույն ժամանակ, համակարգն էլ թե իշխանության կարգավիճակում, թե դրանից դուրս թերեւս իր հարցադրումներով իրավացի է յուրովի: Ցանկացած ռեֆորմ, փոփոխություն ունի գին: Եվ Սերժ Սարգսյանին ուղղված հարցը եղել է ու թերեւս մնում է իհարկե այն, թե ինչու՞ իրենք պետք է գին վճարեն, իսկ Սարգսյանը՝ ոչ:

Դա Հայաստանում իշխած քրեաօլիգարխիկ համակարգի գլխավոր արատից բխող իրավիճակ է՝ համակարգի բոլոր մասնակիցները միմյանց հանդեպ իրավացի եւ արդարացի են յուրովի, համակարգը ինքնին պետության ու հանրության հանդեպ հանցավոր է ու վտանգավոր:

Սերժ Սարգսյանն ունի թերեւս հենց այդ հին համակարգի հետ անկեղծ զրույցի անհրաժեշտություն, ոչ թե քաղաքացիների, ինչի մասին ազդարարում է: Բայց, ըստ երեւույթին այդ զրույցը չի ստացվում, այդ իսկ պատճառով Սարգսյանը անկեղծ զրույցի համար դիմում է քաղաքացիներին, կոնկրետ ժամկետ չնշելով թերեւս այն պատճառով, որ ժամկետը պետք է որոշեն քաղաքացիները:

Կունենա՞ն նրանք Սերժ Սարգսյանի հետ անկեղծ զրույցի ցանկություն: Կախված է թերեւս հանգամանքից, թե ինչի՞ մասին է ուզում զրուցել Սերժ Սարգսյանը եւ ինչ ձեւաչափով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments