Սևանում զորակոչից խուսափած 19-ամյա երիտասարդը դանակահարել է իր ընկերների հետ քաշքշուկի մեջ մտած տղամարդուն

- in Իրավունք
cec

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արսեն Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 2000 թվականին ծնված Արսեն Ա.-ն կցագրում անցնելով զինկոմիսարիատում՝ չի ներկայացել զորակոչային հանձնաժողովին ու դիտավորյալ խուսափել է զինվորական ծառայության հերթական՝ 2018 թ. ամառային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում:

Հարուցվել է քրեական գործ, 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Արսեն Ա.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ հոկտեմբերի 17-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հոկտեմբերի 25-ին Արսեն Ա.-ն ներկայացվել է համապատասխան քննչական բաժին: Նոյեմբերի 9-ին քրեական գործը վարույթ է ընդունել քննիչը:

Նման պայմաններում, երբ արդեն իսկ հերթական զորակոչից դիտավորությամբ խուսափելու մեղադրանքով քրեական գործը քննվում էր, ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունվարի 1-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Արսեն Ա.-ն մի խումբ ընկերների հետ գնացել է Սևան քաղաքի շենքերից մեկում բնակվող ընկերոջ ընտանիքի Նոր տարին շնորհավորելու:

Սեղանի շուրջ նստած ժամանակ Արսենի ընկերներից մեկը բնական կարիքը հոգալու ցանկություն է ունեցել, ամաչել է տանտերերից հարցնել զուգարանի տեղը, որոշել է դուրս գալ ու բակում հոգալ իր կարիքը: Սակայն գտնվելով շենքի մուտքում, դեռ առաջին հարկ չիջած՝ նա չի կարողացել իրեն զսպել ու կարիքը հոգացել է երկրորդ հարկի աստիճանահարթակին:

Դա նկատել է նույն շենքի բնակիչներից մեկը, նկատողություն է արել երիտասարդին: Վերջինս կոպիտ է պատասխանել, կողմերի միջև վիճաբանություն է սկսվել:

Նրանց ձայներից աստիճանահարթակ են դուրս եկել Արսեն Ա.-ն ու նրա ընկերները, ինչպես նաև նույն մուտքի տարբեր բնակարանների բնակիչներ:

Աղմուկն ավելի է թեժացել: Այդ պահին շքամուտք է մտել այդ մուտքի բնակիչներից՝ Նորիկ Ա.-ն: Լսելով աղմուկը՝ բարձրացել է երրորդ հարկ տեսել է հավաքվածներին, հորդորել է չգոռգոռալ. չաղմկել, բայց կողմերը շարունակել են գոռգոռալ, գոռգոռացել է նաև Նորիկ Ա.-ն:
Քիչ անց աղմկողները հանդարտվել են, բոլորը շենքից դուրս են եկել:

Նորիկ Ա.-ն դուրս գալով մուտքից՝ մոտեցել է քիչ հեռու գտնվող ավտոտնակի մոտ հավաքված երիտասարդներին՝ Արսեն Ա.-ի ընկերներին, ու հետաքրքրվել է՝ էս ի՞նչ հաշիվ էր, ինչո՞ւ էին աղմկում իրենց շենքում: Այս հարցն ընկալվել է որպես քիչ առաջվա վեճի շարունակություն, երիտասարդների ու Նորիկի միջև քաշքշոց է առաջացել:

Այդ պահին մոտեցել է Արսեն Ա.-ն: Տեսնելով, որ Նորիկն ու իր երկու ընկերները քաշքշում են միմյանց, Արսենը նույնպես սկսել է քաշքշել Նորիկին, քաշքշոցի ընթացքում նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածել է Նորիկի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ հեմոռագիկ շոկով զուգակցված՝ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող վերքի, ստամոքսի միջանցիկ, ենթաստամոքսային գեղձի գլխիկի կապսուլայի վնասումների ձևով:

Արսեն Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:

Որպես Արսեն Ա.-ի խափանման միջոց՝ ընտրվել էր կալանավորումը:

Ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Տուժողը բողոք, պահանջ չի ներկայացրել:

Դատարանը Արսեն Ա.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված երկու արարքների համար և վերջին հաշվով նրան դատապարտել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը՝ 2019 թվականի հունվարի 2-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արսեն Ա.-ի շահերի պաշտպանը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, Արսեն Ա.-ի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Պաշտպանը նշել էր, որ Արսեն Ա.-ն անկեղծորեն զղջացել է կատարածի համար, աջակցել է գործի քննությանը, պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում զորակոչվել զինվորական ծառայության:

Արսեն Ա.-ն դրական բնութագրվող երիտասարդ է, նա սովորում ու աշխատում է:

Արսեն Ա.-ն վերաքննիչ քրեական դատարանին ուղղված դիմումով խնդրել էր բողոքի քննությունն անցկացնել իր բացակայությամբ:

Լսելով կողմերին՝ վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ Արսեն Ա.-ն հերթական զորակոչից դիտավորյալ խուսափելու համար մեղադրվելու պայմաններում, երբ քրեական գործ էր քննվում, իսկ նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն էր, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակի գործադրմամբ կատարել է նոր՝ դիտավորյալ հանցավոր արարք՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ պատճառելէ ծանր վնաս:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Մնացականյան, Կ. Մարդանյան, Ռ. Մխիթարյան կազմով, եզրահանգելով, որ Արսեն Ա.-ի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառման համար առկա չեն օբյեկտիվ տվյալներ, որոշեց՝ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...