Հայաստանում շարունակում է արձանագրվել անշարժ գույքի գնաճ: Երեւույթն ինքնին տնտեսական առողջ գործընթացների ցուցիչ է ընդհանրապես եւ անշարժ գույքի շուկայի դինամիկան սովորաբար որեւէ տնտեսության առողջության կամ ներդրումային գրավչության չափիչներից մեկն է:

Այդուհանդերձ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի՞ հաշվին, ինչ տրամաբանությամբ է աճում անշարժ գույքի գինը:

Անշարժ գույքի գների աճի առնչությամբ ոգեւորությամբ է խոսում կառավարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրինակ այդ մասին խոսել էր Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը, արձանագրելով նաեւ, որ շատ սփյուռքահայեր ունեն Հայաստանում տուն գնելու մտադրություն: Հավանաբար վարչապետին լսողների մեջ էլ շատերը ունեցել են այդ մտադրությունը, կամ արդեն տուն ունեն Հայաստանում, կամ դրանից հետո են որոշել տուն ձեռք բերել, քանի շուտ է:

Ի վերջո, երբ վարչապետը խոսում է այդ մասին, որ գներն աճում են, դա փաստացի ինչ որ առումով ակամա մեսիջ է՝ տուն գնեք Հայաստանում, քանի շուտ է:

Դա լավ մեսիջ է, սակայն, ինչպես ասում են՝ «դժոխքի ճանապարհը լեցուն է բարի ցանկություններով»: Իսկ այս դեպքում իհարկե խոսքը կարող է լինել տնտեսական, եւ թեկուզ պայմանական դժոխքի մասին, բայց այդուհանդերձ տնտեսական վատ էֆեկտի, մեծ ռիսկի, որի հետեւանքը տնտեսության համար կարող է լինել ծանր:

Բանն այն է, որ Հայաստանը մեկ անգամ արդեն իսկ անցել է դրանով՝ երկնիշ աճի կամ վագրային թռիչքի տարիներին, ինչով հպարտանում է Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ Հայաստանի տնտեսությունը, որպես այդպիսին, դրանով հպարտանալու ավելի քիչ բան ուներ, քանի որ բավական էր լուրջ մարտահրավեր, եւ պարզվեց, որ տնտեսության այդ աճը մեծ հաշվով փուչիկ էր:

Իսկ գլխավոր պատճառն այն էր, որ անշարժ գույքի վրա կառուցված տնտեսությունը, լինելով հավելյալ դիվերսիֆիկացիոն ներուժից զուրկ, արձանագրում էր սպեկուլյատիվ աճ, այսինքն անբովանդակ, դատարկ աճ: Ի վերջո, դրա սպեկուլյատիվ բնույթի գնահատականն անկեղծորեն հնչեցրել էր այդ տարիներին ԿԲ նախագահ, իսկ հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ արդեն վարչապետի պաշտոնում կրում էր այն սպեկուլյատիվ աճի հետեւանքի ծանրությունը, որի ձեւավորմանը մասնակցել էր իբրեւ ԿԲ նախագահ:

Այդ շրջանում էլ Երեւանում արձանագրվում էր անշարժ գույքի գնաճ, կապիտալ շինարարության մեծ թափ, մուլտիպլիկատիվ որոշակի էֆեկտ եւ այլն, անգամ միգրացիոն դրական սալտո: Բայց, բանն այն է, որ այդ աճը կառուցվում էր ոչ թե տնտեսական զարգացման շնորհիվ բնակչության աճող գնողունակության կամ բանկային ռեսուրսների հասանելիության, մատչելիության աճի շնորհիվ, այլ մի քանի այլ գործոնների՝ այդ թվում «Արարատին նայող պատուհաններով» բնակարանների վաճառքի առավելապես սփյուռքի գնողունակ հայերին, եւ նաեւ տարբեր կալիբրի պաշտոնյաներին կամ գործարարներին, որոնք չունեին հավելյալ բնակարանի կարիք, սակայն ունեին կարիք իրենց «մասնակցությունն» ունենալ տնտեսական երկնիշ ցուցանիշների ձեւավորմանը՝ իրենց անձնական տնտեսական ցուցանիշների վրա իշխանության հետ «չհասկացվածության» հետեւանք չունենալու համար:

Այդ ամենի հետեւանքի ծանրությունն ընկավ տնտեսության վրա:

Ներկայում նոր իշխանությունը չունի այդպիսի հարց պաշտոնյաների կամ գործարարների հետ, սակայն, եթե անգամ անշարժ գույքի գներն առավելապես աճում են Հայաստանի թավշյա հեղափոխությամբ անկեղծորեն ոգեւորված սփյուռքահայ հայրենակիցների շնորհիվ, դա պետք է լինի լրջագույն քննության առարկա՝ վիճակագրական ոգեւորության փոխարեն:

Որովհետեւ գներն աճում են, կաճեն ցուցանիշները, գուցե կապիտալ ներդրումները, սակայն չի աճում Հայաստանում իրապես նոր բնակարանի կարիք ունեցող հանրության մեծ մասի գնողունակությունը, համենայն դեպս չի աճում գներին համարժեք, գների աճին համարժեք չեն նվազում հիփոթեքի տոկոսները: Իսկ Հայաստանում բնակարանի կարիք ունի հանրության ճնշող մեծամասնությունը, որովհետեւ խնդիրը լոկ սեփական բնակարան ունենալը չէ, այլ նաեւ եղած բնակարանների ահռելի մասի՝ բնակֆոնդի էական մաշվածությունը:

Այդպիսով, անշարժ գույքի ներկայիս գնաճը խորքային առումով կառավարության համար թերեւս մարտահրավեր է, որին պետք է արձագանքել արագ եւ արդյունավետ, հետո պայթած փուչիկի կամ սպեկուլյատիվ աճի որեւէ հետեւանքի չբախվելու համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...