Vahan Shirxanyan

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հոդված է գրել Հոկտեմբերի 27-ի պատճառների և այդ ոճրագործության բացահայտման անհրաժեշտության մասին։ 

«Վազգենին սպանել են, երբ նա իր ստեղծագործական, կազմակերպչական կարողությունների բարձրագույն կետում էր։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը 20-րդ դարի հայ հսկաներն են, պետական, քաղաքական, ռազմական առաջնորդներն են, և նրանք ամբողջ հայ ազգի սեփականությունն են։ Մենք պարտավոր ենք մանրամասնորեն ուսումնասիրել նրանց գործունեությունը, հասնել դրա էությանը, հաջողությունների և սխալների դրդապատճառներին և դա կծառայի, ապագա սերունդներին՝ որպես ուղեցույց։ Բոլոր նրանք, ովքեր շփվել, լսել են այդ հսկաներին, պետք է խոսեն, պատմեն նրանց նպատակների, ծրագրերի մասին, որովհետև դրանց մեջ ամփոփված են ազգի միասնության, երկրի զարգացման նրանց տեսլականները, որովհետև նրանք ամբողջ հայության հարստությունն են, որովհետև նրանց մասին չխոսելը կլինի դավաճանություն, որովհետև նրանց սպանելու պատվիրատուի գլխավոր հաշվարկը հենց լռության վրա է արված՝ ժամանակը մոռացության կտա նրանց, և նրանք վերջնականապես… կսպանվեն։ Նրանց սպանությանը հաջորդեց նրանց ծրագրերի պետականորեն ոչնչացումը, որոշումների չեղարկումը, իսկ 2001-ից Վազգենի վարկաբեկման անզուսպ մոլուցքը մամուլով։ Թերահավատներին խորհուրդ եմ տալիս կարդալ «Առավոտ» թերթին 2001թ. հուլիսի 7-ին տված «Վազգենին վարկաբեկելով՝ 27-ը չի պարտակվի» իմ հարցազրույցը։

Անսխալ մարդիկ չեն լինում։ «Սեփական հողում մարգարե չկա»։ Հայտնի խոսք է։ Բայց մենք պետք է կարողանանք վեր կանգնել նախանձի, չկամության քայքայիչ, պառակտիչ իրողությունից։ Մենք բոլորս պետք է անցնենք ինքնամաքրման քավարանով, միայն դրանից հետո, պատմության մեջ ազգային արժեքները կվերագտնեն իրանց արժանվույն տեղը, մեղավորները իրանց տեղը, միայն դրանից հետո կվերադառնան Հայրենիքից պարտադրողաբար դուրս մղված միլիոնավոր հայորդիները։ Մտավոր տկարությունը, նախանձը և ագահությունը, տարիներ շարունակ քանդել, ավերել, թալանել են երկիրը և այն վերածել ավերակի։ Ոմանց ամբիցիան, ինքնասիրահարվածությունը, ինքնամեծարման տենդը բերել է պատմության համատարած կեղծմանը։

Իրական հերոսները, ինչպիսիք են գեներալներ Իվանյանը, Անդրեասյանը, Դալիբալթայանը, Մարտիրոսովը, Հարությունյանը, Զինեվիչը, Սարգսյան Ալիկը, Սարգսյան Մուրազը, Աբրահամյանը, Գզողյանը, Հայրապետյանը, Տեր-Թադևոսյանը, մղվել են հետին պլան, իսկ առաջին պլանում հայտնվել են թալանչիների ռեժիմին քծնող և սպասարկող, թերուս, կարիերիստ անձինք։ Ստեղծվել էր մի ճահիճ, որում բազմացվել էին որդեր, հայաստանակեր որդեր։ Ճահիճը մշտապես սնուցվել էր։ Հիմա որդերը կատաղել են, զրկվելով սնուցումից, վայելքի, տռփանքի, հղփանքի կյանքից։ 27-ի վերաբացման, Մարտի 1-ի ամբողջական բացահայտման հեռանկարը նրանց հանել է հավասարակշռությունից, զրկել է քնից, դադարից, համախմբել ու ջրի երես է հանել նախկինում, գլուխները 10 վերմակի տակ պահած, հայատյաց, դասալիք, հետախուզվող, թալանից մշտապես սնվող, մատնիչ մարդկանց։ Թվում էր, թե հրաժարականին հաջորդած համահայկական ցնծությունը, որը սերժա-ռոբերտական իշխանությանը տրված ողջ հայության ամփոփ ու դաժան գնահատականն էր, այդ խայտառակ իշխանության մաս կազմող մարդկանց պետք է ստիպեր, գոնե մի քանի տարով լռել, ամոթից փողոց դուրս չգալ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ հայաստանաքանդ իշխանությունը իր շուրջ էր հավաքել ամոթից, արժանապատվությունից, ինքնահարգանքից ու նաև հայկականությունից զուրկ մարդկանց։ Ռոբերտա-սերժական թալանի փողերը մի ամբողջ ոհմակ են ոտքի հանել և դրանց միջոցով, գիշեր-ցերեկ աշխատում են հեղափոխությունը, նոր իշխանությանը վարկաբեկելու, նրա աշխատանքները, ծրագրերը տապալելու, պատասխանատվությունից փախչելու ելք գտնելու համար։ Չկա այդպիսի ելք, վերադարձրեք թալանը և կրեք ձեր հայաստանաքանդ ոճրագործությունների համար օրենքով նախատեսված պատիժը։ Սա է միակ ելքը։

Դուք կատարել եք.

  1. իշխանության բռնազավթում տասնյակ տարիներ,
  2. ուժային կառույցների բազմակի կիրառում ժողովրդի դեմ,
  3. արտագաղթում և աղքատացում խթանող պայմանների ծրագրված ստեղծում,
  4. երկրի արդյունաբերության, գիտության, ագրոտնտեսության, սոցիալական ոլորտի քայքայում, հիմնահատակ ավերում, ազգային ունեցվածքի թալան,
  5. ամրապնդել, օրինականացրել և սնել եք բարոյազրկման, այլասերման հիմքերը։

Սա դավաճանություն է, և դուք պետք է պատասխանեք դավաճանության համար։ Նման դավաճանություններ եղել են հարյուրամյակներ շարունակ, և դրանք են եղել հայության՝ մարդկային և տարածքային կորուստների պատճառը՝ ընդհուպ մինչև Ապրիլյան քառօրյան։

Հիմա ես մեջբերում եմ Վազգեն Սարգսյանին՝ վարչապետ դառնալուն դրդող պատճառներից մի քանիսը հետմահու տպագրված «Հայաստանի Հանրապետություն» թերթում 2000 թ. մարտի 3-ին.

ա. Հասարակությանը սկզբնապես ՉԲԱՑԱՏՐՎԵՑ, թե ձևով և էությամբ ինչպիսի երկիր ենք կառուցելու, ինչ պետք էր անել, որպեսզի չիմաստազրկվեն հայ ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները։

բ. Հանրապետությունում ՉՁԵՎԱՎՈՐՎԵՑ բարեփոխումներ իրականացնող համակարգ, չհաջողվեց մասնավոր ներդրողների համար ստեղծել վստահության և հավասարության դաշտ։

գ. Հողի սեփականաշնորհումը կատարվեց կայծակնային արագությամբ, վայրիվերո սեփականաշնորհվեցին ձեռնարկությունները, որոնց մեծ մասը ընդհանրապես ԴԱԴԱՐԵՑ աշխատել, հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի և լքեցին Հայրենիքը։

դ․Տնտեսության որոշ կարևորագույն ճյուղեր ՄՈՆՈՊՈԼԻԶԱՑՎԵՑԻՆ։

ե. ՉԱՊԱՀՈՎՎԵՑ բնակչության նվազագույն կենսամակարդակը, առաջացավ սոցիալական հրեշավոր բևեռացում։

զ. Նախորդ կետում նշված գործընթացների կարգավորումից ԻՆՔՆԱՁԵՐԲԱԶԱՏՎԵՑ ինքը՝ պետությունը։

է. Կոռուպցիան վերածվեց ԱՂԵՏԻ՝ խոչընդոտելով երկրի զարգացմանը։

Վազգեն Սարգսյանը, խորապես համոզված լինելով, որ այս իրողությունները տեղ չպետք է ունենան հաղթանակած Հայաստանում, դարձավ վարչապետ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՎԱՐՉԱՊԵՏ, ԵՎ ԹԱԼԱՆԻ ՈՒ ԱՎԵՐՄԱՆ ծրագրի վրա ստեղծված համակարգը նրան չներեց։ Նա առաջինն էր, որ ստեղծված համակարգը բնութագրեց որպես ՎԱՅՐԻ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՀԱՄԱԿԱՐԳ։ Նշված դրույթները այսօր էլ առավել քան արդիական են, սակայն դրանք, «Միասնություն» դաշինքի ծրագրի, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի կողմից մշակված բազմաթիվ նախագծերի հետ խոր թաղվեցին, քանզի դրանք անհամատեղելի էին ԹԱԼԱՆԻ ՈՒ ԱՎԵՐՄԱՆ համակարգի հետ։ 27-ի սպանդը, իր էությամբ պետականաքանդ է։ Դրա արդյունքում, Հայաստանում վերջնականապես հաստատվեց կեղծիքի, ակնհայտ թալանի, ստի, անարդարության, յուրայինների անպատժելիության համակարգ։ Ձևավորվեց մի ռեժիմ, որը իշխանությունը կորցնելու մշտական սարսափի մեջ լինելով, ստեղծեց համընդհանուր հետապնդման, գաղտնալսման, մատնիչա-սադրիչային համակարգ, իրեն շրջապատեց փշալարերով, պարիսպներով, հանցագործ թիկնապահներով, զինվեց ջրանետերով, ահաբեկման հատուկ միջոցներով։ Հայաստանն ընկավ մղձավանջի մեջ, և դա տևեց 19 տարի։ Սրանք Հոկտեմբերի 27-ի ուղղակի հետևանքներն են։ Բայց կան նաև այլ, առավել ծանր հետևանքներ՝ փոխվեց ժողովրդի հոգեբանությունը։ Աճող սերնդի համար նմանակման էտալոններ դարձան հաստավիզ թալանչի, ջիպավոր չարչիները և «հաջողած» պետական չինովնիկ-խոպանչիները։ Հայաստանում հաստատվեցին ամենաբարձր սակագները, գները, ամենացածր թոշակները, նպաստները և աշխատավարձերը, ու դրանց համեմատ, ուսման և բուժման ամենաբարձր գները։

Իսպառ ոչնչացվեց, վաճառվեց 70 տարում ստեղծված հզոր գիտաարտադրական համալիրը։ Սրանք նույնպես 27-ի հետևանքներ են։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դեռ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանից 27-ի հետևանքների վերացման համար։

Նկատի ունենանք, որ այսօր էլ սերժա-ռոբերտական չարչիա-խոպանչիական կլանը շարունակում է հարստանալ խաբեության և կեղծիքի միջոցով խլված, կառուցած օբյեկտների շահագործումով։

ԹԱԼԱՆԻ ՈՒ ԱՎԵՐՄԱՆ մսուրի մնացորդներից սնվող, քաղաքական բանավեճի անկարողունակ, թերուս, սեփական անհաջողություններից թույնով լցված ծախու և ծախող, մատնիչ մարդիկ դարձել են նույն թալանի համակարգի պաշտպաններ, հայ հասարակությանը հեղեղելով փողոցային, հայհոյախառը ստերով, զրպարտություններով, որովհետև Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մոտեցել է սրբության սրբոցին և քայլ առ քայլ ժողովրդին հանում է համակարգին սպասարկողի ստոր, ստրկական վիճակից և համակարգին է ստիպում սպասարկել ժողովրդին։ Սա է կարևորագույն խնդիրը, և ժողովուրդը պետք է առավելագույն մասնակցություն և աջակցություն ցուցաբերի այդ խնդրի հաջող լուծման համար, ինչից հետո Հայաստանում զգալիորեն կմաքրվի նեխած ճահճային միջավայրը և կուտակված աղբը։

Նոր, արդար, արժանապատիվ, հզոր, բարեկեցիկ Հայաստանի կայացման գլխավոր նախապայմաններից է 27-ի կազմակերպիչների բացահայտումը։ Հայաստանը գլխիվայր շուռ տված այս ծանրագույն բեռով, դեպի ապագա ճանապարհ չկա»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...