Վազգեն Մանուկյանը բոլորին հավաքել է կասկածները ցրելու համա՞ր

Vazgen Manukyan

Երեւանի Կարեն Դեմիրճյան մարզամշակութային կենտրոնում տեղի է ունենում Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի առաջին լայն համաժողովը, որին մասնակցել են փաստացի բոլոր ուժերը, որ այս կամ այն կերպ առնչվում են նախկին իշխող համակարգին եւ ընդդիմադիր դիրքավորում ունեն նոր իշխանության հանդեպ:

Եթե փակվեր հավաքի հեռարձակման պատկերն ու միջին վիճակագրական ունիվերսալացման ենթարկվեր մասնակիցների ձայնը, ապա խոշոր հաշվով տպավորություն կլիներ, որ լսում են ասենք 2004 թվականին Արդարություն դաշինքի հանրահավաքներից մեկի ձայնագրությունը: Ի դեպ, Վազգեն Մանուկյանը՝ Վերնատուն ակումբի նախաձեռնողը, Արդարություն դաշինքի անդամ էր:

Հավաքը սակայն ունի ավելի հետաքրքիր ասոցիացիա: 2008 թվականի նոյեմբերին նույն կենտրոնի նույն դահլիճում Արցախի հարցի առնչությամբ լայն քննարկումների նպատակով Հայաստանի մոտ 50 տասնյակ կուսակցապետերի հետ հավաք էր կազմակերպել մի քանի ամիս նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Նա գործնականում հավաքել էր բոլորին՝ Արցախի հարցի մասին խոսելու համար, եւ այն ժամանակ հավաքին չէր մասնակցել միայն ԲՀԿ նախագահ Ծառուկյանը, որը նոյեմբերյան այդ օրը Մոսկվայում էր՝ Եդինայա Ռոսիայի համագումարին մասնակցելու համար:

2008 թվականին Սերժ Սարգսյանի եւ 2019-ին Վազգեն Մանուկյանի հավաքած կազմերը ամբողջությամբ նույնական չեն իհարկե, սակայն կա որոշակի կորիզ, եթե անգամ ոչ անվանական, ապա առնվազն արժեհամակարգային: Այդ իմաստով պատկերը իրապես խորհրդանշական է, նկատի առնելով նաեւ այն, որ 11 տարի առաջ Սերժ Սարգսյանը հավաքը կազմակերպել էր ավելի շատ Արցախի առիթով, իսկ բուն շարժառիթը իհարկե իշխանության անցման ներհամակարգային խութերը հաղթահարելն էր, առավել եւս, որ երկրորդ նախագահը Սարգսյանի նախագահության սկզբից մինչեւ վերջ բավական աշխույժ էր ստվերից այդ խութերը հարուցելու առումով:

Այժմ Ռոբերտ Քոչարյանը կալանատանն է, Սերժ Սարգսյանն էլ՝ տանը, բայց հավաստիացնում է, որ պատրաստ է լինել նաեւ կալանատանը, եթե դա կերջանկացնի հանրությանը: Սարգսյանը թերեւս նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, որը կալանատան առաջին իսկ օրից կասկածամիտ ակնարկում է՝ թե ինչու՞ այդ ճանապարհը չի սպառնում Սերժ Սարգսյանին: Սարգսյանն էլ թերեւս ակնարկում է նրան, թե արդյոք գոհ կամ երջանիկ կլինի, եթե միասին գտնվեն կալանատանը:

Սարգսյանն ըստ երեւույթին հավատացնում է, որ գտնվելով դրսում, կարող է օգտակար լինել Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանը սակայն ակնհայտորեն չի հավատում Սերժ Սարգսյանին:

Վազգեն Մանուկյանը բոլորին հավաքել է կասկածները ցրելու համար, բայց հազիվ թե որեւէ մեկը հավաքվեր, եթե չլիներ փոխադարձ խորը կասկածը: Ի վերջո, հավաքվող հանրույթի ճնշող մեծամասնությունը հիանալի է ճանաչում միմյանց, նրանք են անցել ճանապարհը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ, 2003 թվականի նախագահի առանցքային ընտրությունից սկսած, որից հետո ի դեպ ձեւավորվեց Արդարություն դաշինքը, միմյանց հանդեպ անարդարության Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փոխադարձ մեղադրանքի հողի վրա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...