Vazgen Manukyan

Հանրային խորհրդի կազմից Վազգեն Մանուկյանի հրաժարականը արժանացել է հանրային որոշակի քննարկումների, թեեւ դժվար է իհարկե այդ իրադարձությունը դիտարկել որպես հույժ կարեւոր ու նշանակալի: Այստեղ ուշադրության առիթը թերեւս Վազգեն Մանուկյանի անձն է:

Չնայած 1996-ի աստեղային ժամից հետո նրա վարկանիշի ազդեցության նվազմանը, իսկ Սերժ Սարգսյանի հետ գործակցությունից հետո էլ քաղաքական որոշակի արժեզրկմանը, Մանուկյանն արցախյան շարժման ու պատերազմի իր մեծ դերակատարմամբ, պաշտպանության նախարարի պաշտոնում արձանագրած արդյունքով կուտակել է որոշակի «անձեռնմխելի» պաշար:

Այդուհանդերձ, Մանուկյանն ինքը թերեւս համարժեք չգնահատեց իր արժեքն ու դերը:

Մանուկյանի հանգամանքը սակայն դրսեւորում է Հայաստանի հանրային կյանքում հոգեբանական եւ «արժեբանական» խորքային խնդիրների ու մանիպուլյատիվ շերտերի առկայությունը:

Ի վերջո, այստեղ կա երկու ցավալի, ու գուցե նույնիսկ մարդկային եւ հանրային ողբերգության աստիճան ունեցող տարր:

Արցախի շարժման, պատերազմի, Հայաստանի անկախ պետականության ձեւավորման գործում մեծ ներդրում ունեցող, առանցքային ռազմա-քաղաքական դերակատարում ունեցած գործիչը հետագա տարիներին հենց իր իսկ մի շարք որոշումներով ու գործողություններով ենթարկվեց քաղաքական արժեզրկման, հանրության հայացքում ստվերելով իր իսկ վաստակը, եւ բնականաբար դրա առիթը տալով նաեւ այդ վաստակը տարբեր շարժառիթներով ստվերելու նպատակ հետապնդող քաղաքական շրջանակներին, այդ թվում եւ այն իշխանությանը, որի հետ Մանուկյանը գործակցեց 2008-ից հետո:

Մանուկյանը հանգամանքը օրինակ է, Հայաստանի անկախության, հետխորհրդային շրջանում լայն երեւույթի մի օրինակ:

Մյուս հանգամանքը այն է, որ Վազգեն Մանուկյանը գործնականում եղել է Հայաստանի պետականության եւ պետության ապագայի դեմ գործված համակարգային հանցագործության՝ ընտրության արդյունքը կեղծելու երեւույթի առաջին անվանական զոհը, քաղաքական հետապնդումների առաջին զոհը:

Ի դեպ, թավշյա հեղափոխությունից հետո այդ հանգամանքը փաստացի արձանագրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2019 թվականի մարտի 1-ի իր ուղերձում, խոսելով այն մասին, որ մարտի 1-ը եղել է երկար տարիներ արատավոր համակարգի գործունեության հետեւանք: Վարչապետը այդ ուղերձով փաստացի տվեց Հայաստանում հետխորհրդային շրջանում իշխած համակարգի գնահատականը, պետության անունից ներողություն խնդրելով քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանցից: Դրանից ժամեր անց ընդունելով ՀԽ անդամներին, Փաշինյանը պետության անունից այդ ներողությունն անձնապես խնդրեց նաեւ Վազգեն Մանուկյանից:

Ընդ որում, Մանուկյանի համար դա գուցե քաղաքական կապիտալի վերարժեվորման եւ շրջադարձի հնարավորություն էր, ինչը սակայն Մանուկյանը չօգտագործեց:

Այդուհանդերձ, նա Հայաստանի պետության դեմ գործված համակարգային հանցագործության առաջին զոհն է, ու չնայած հետագա տարիներին նրա քաղաքական արժեզրկմանը, առնվազն տարօրինակ ու անարդարացի է հանգամանքը, որ Մանուկյանը ներկայումս «համազգային մերժվածի» կարգավիճակում է, իսկ համակարգային հանցագործության համար քաղաքական, իսկ գուցե նաեւ իրավական պատասխանատվության ենթակա մի շարք դերակատարներ՝ տրենդային հերոսի դերում: Այստեղ իհարկե խնդիրը լոկ անարդարացիությունն ու տարօրինակությունը չէ, այլ հանրային արժեհամակարգային սանդղակի լղոզվածությունը կամ բացակայությունն ընդհանրապես:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...