vanadzor

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Վարդան Ա. Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկեց Սամվել Ա.-ի գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Ա.-ն գործով պարզված ու չպարզված «մի խումբ մարդկանց հետ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է» Վանաձորի բնակիչ, «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մ.-ի սպանությունը:

Սամվել Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում պատվերով սպանության նախապատրաստության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ տեղեկությունների՝ Վանաձորում բնակվող «հեղինակության»՝ «Շալոյի» սպանությունը ծրագրվել էր 2017 թվականի գարնանը:

Հայաստան էր հրավիրվել դիպուկահար, որը լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել էր արտերկրում։ Դիպուկահարը Հայաստան էր ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին, մի քանի օր մնացել էր օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, իսկ ապրիլի 24-ին հանցակցի հետ տեղափոխվել էր Վանաձոր, որտեղ բնակվել էին նախապես վարձակալված բնակարանում։

Նախաքննության տվյալներով՝ մինչ դիպուկահարը կիրականացներ պատվերը ու կսպաներ «Շալոյին», վարձակալված բնակարանում սպանել էին… հենց դիպուկահարին…

Այդ դիպուկահարի՝ Եվգենի Կ.-ի դին հայտնաբերվել էր 2017 ապրիլի 29-ին Երեւանում, Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Հետագայում պարզվել էր, որ Եվգենին սպանվել էր Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով նրա դին տեղափոխել էին Երեւան։ Սպանվածի մոտ չկային փաստաթղթեր, որոշ ժամանակ չէր հաջողվել պարզել նրա ինքնությունը, մինչդեռ նա նախկինում եղել էր… ոստիկանության աշխատակից։

Եվգենի Կ.-ի սպանությունը բացահայտված չէ, բայց քննության ընթացքում բացահայտվել էր «Շալոյի» սպանության նախապատրաստությունը, և մեղադրանք էր առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Ա.-ին։ Ըստ նախաքննական տվյալների՝ Սամվել Ա.-ն ճանաչել էր Եվգենիին եւ հրավիրել էր Հայաստան՝ «Շալոյին» սպանելու համար։

Դատական այս նիստի սկզբում պարզվեց, որ դատակոչված 22 վկաներից 19-ը դատարան չէր ներկայացել: Չէր ներկայացել նաև գործով տուժողի կարգավիճակ ունեցող Շալիկո Մ.-ն:

Երբ դատարանն արձանագրեց տուժողի բացակայությունը, հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ծառուկյանը: Նա ասաց, որ գործով տուժողի կարգավիճակ ունեցող Շալիկո Մ.-ին պաշտպանական կողմը «տուժող» չի համարում: Բանն այն է, որ ինքը՝ Շալիկո Մ.-ն, նույնպես «մեկուսացել է» իր իրավունքից՝ հայտարարելով, թե իրեն… տուժող չի համարում:

Նախագահողը նշեց, որ անձը նախաքննական մարմնի կողմից ներգրավվել է որպես տուժող, գործի դատական քննության ընթացքում էլ կճշգրտվի նրա՝ տուժող լինել-չլինելը:

Դատական նիստին ներկայացած վկաներից մեկը փորձեց նախագահողին հարց ուղղել. «Չեք ասի՞ էդ չներկայացած 19 վկաներն ովքեր են»…

Քրեական գործը բաղկացած է 13 հատորից:

Այս գործով մեղադրյալի խափանման միջոցն ընտրելու և երկարացնելու վերաբերյալ 12 դատական ակտ է կայացվել՝ 6-ը՝ առաջին ատյանի, 6-ը՝ վերաքննիչ դատարանի կողմից: Ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մի քանի անգամ այն երկարացվել է: Բայց վերջին անգամ վերաքննիչ դատարանը մերժել է կալանավորումը երկարացնելու միջնորդությունը, վերացվել է Սամվել Ա.-ի կալանավորումը, և նա դատարանի դահլիճում անհապաղ ազատ է արձակվել: Նախագահողը տեղեկացրեց՝ երբ գործն իր վարույթ է ընդունել, քանի որ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէր, ինքը որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Միաժամանակ դատարանի կողմից սահմանափակում է կիրառվել Սամվել Ա.-ի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վրա:

Պաշտպանական կողմը բացարկ հայտնեց գործով մեղադրող դատախազ Վ. Սարգսյանին:

Բացարկի միջնորդությունը ներկայացրեց ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ա. Ծառուկյանը:

Որպես մեղադրող դատախազին բացարկելու հիմք՝ պաշտպանը նշեց, որ դատախազը «կանխակալ վերաբերմունք» է դրսևորել Սամվել Ա.-ի նկատմամբ, վերջինս ենթարկվում է ապօրինի քրեական հետապնդման, ինչով և նրա իրավունքները խախտվում են:

Ըստ պաշտպանական կողմի՝ Սամվել Ա.-ին առաջադրվել է «շինծու մեղադրանք», ինչը, իրենց կարծիքով, կհաստատվի արդար դատաքննության ընթացքում: Բայց մինչ այդ՝ պաշտպանական կողմը պահանջում է, որ գործից հեռացվի դատախազ Վ. Սարգսյանը, ով, ըստ պաշտպանական կողմի, դատախազական հսկողություն իրականացնելով ու տեղյակ լինելով այս գործով քննիչի կատարած խախտումներին, աչք է փակել դրանց վրա ու շարունակել է Սամվել Ա.-ի ապօրինի քրեական հետապնդումը:

Պաշտպանը նշեց՝ տուժող Շալիկո Մ.-ն նախաքննության ընթացքում հայտարարել է, թե ինքն իրեն տուժող չի ճանաչում, ինքը հանցավոր աշխարհի հետ առնչություն ունեցող մականունավոր չէ, այլ գործարար է, չի ճանաչում գործով անցնող Եվգենի Կ.-ին, որևէ առնչություն ու որևէ խնդիր չի ունեցել ենթադրյալ «օրենքով գող Արտյոմ Սարգսյանի» հետ:

Քրեական գործում կա օպերատիվ տեղեկատվություն, իբր՝ «ենթադրյալ օրենքով գող, ոմն Սարգսյանը կոնֆլիկտ է ունեցել «Շալո» մականունով հայտնի Շալիկո Մ.-ի հետ ու ցանկացել է նրան սպանել… Բայց պաշտպանն ընդգծեց՝ ինքը՝ տուժող Շալիկոն է հերքել իր ու «ենթադրյալ օրենքով գողի» որևէ կապը, առավել ևս՝ որևէ կոնֆլիկտը…

Պաշտպանը նշեց՝ այս գործով քննիչի կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել ԱԱԾ, հաղորդումը վերահասցեագրվել է քննչական կոմիտե:

Պաշտպանական կողմը չի կասկածում, որ դատախազը ծանոթ է գործի բոլոր նյութերին, տեղյակ է քննիչի կատարած անօրինականություններին ու՝ անգործություն է դրսևորել:

Որպես օրինակ՝ պաշտպանը մատնանշեց հետևյալը՝ դեռ մինչև քրեական գործի հարուցումը՝ նյութերի նախապատրաստության ժամանակ քննիչը իր հեռախոսահամարով աշխատանքային ժամից դուրս՝ գիշերվա ժամը երեքի սահմաններում, կապ է հաստատել ու հաղորդագրություններ է փոխանակել գործով հետագայում վկայի կարգավիճակ ձեռք բերած Իննա Ի.-ի հետ: Ըստ պաշտպանի՝ քննիչի «ջանքերի շնորհիվ» է Իննա Ի.-ն կարևոր վկա դարձել այս գործով:

Գործում առկա են ռուսերենից չթարգմանված նյութեր, դա էլ, ըստ պաշտպանի, միտումնավոր է արվել:

Բացի այդ, ըստ պաշտպանի, քննիչը, դատարանի որոշմամբ Վանաձորում խուզարկություն կատարելով Եվգենի Կ.-ի բնակության վայրում, կատարել է լուսանկարահանում, ապա լուսանկարները համացանցային կապով ուղարկել է Ղազախստանում գտնվող Իննա Ի.-ին, իսկ վերջինս հետագայում ցուցմունք տալով՝ նկարագրել է Եվգենի Կ.-ի բնակության վայրը՝ պատին կախված լուսանկարը և այլն՝ պարզապես դրանց ծանոթացած լինելով քննիչի ուղարկած նյութերից:

Պաշտպանը նշեց, թե «օբյեկտիվ մտավախություն» ունեն, որ դատախազը նշված հանգամանքին տեղյակ լինելով, դրանք իրավաչափ համարելով ու անգործություն դրսևորելով՝ իր կանխակալ վերաբերմունքն է հաստատել:

Ըստ պաշտպանի՝ հենց վկա Իննայից է «սկսվել շինծու մեղադրանքը»:

Նախաքննական մարմինը չի բացահայտել արարքի շարժառիթը՝ ինչի՞ց դրդված են նախապատրաստել անձին կյանքից զրկելը: Սամվել Ա.-ն որևէ կոնկրետ գործողության համար չի մեղադրվում…

«Գործի ելքով շահագրգռված դատախազի հետ գործ ունենք»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատախազը «ցանկանում է», որ Սամվել Ա.-ի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվի…

Բացարկի միջնորդությունը լրացրեց նաև ամբաստանյալի շահերի մյուս պաշտպանը՝ Գ. Հովհաննիսյանը՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ գործով քննիչը նյութերի նախապատրաստության փուլում նյութեր է տրամադրել Ղազախստանում գտնվող վկային: «Այս գործը տակից է փտած, դատախազը անտեսում է դա»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող դատախազ Վ. Սարգսյանը պաշտպանների միջնորդությունն անվանեց «անհիմն»: Նշեց, որ իմաստ չկա անդրադառնալու քննիչի գործողությունների վերաբերյալ պաշտպանների տված հաղորդմանը: Միջնորդության մեջ, ըստ դատախազի, պաշտպանները մեծ մասամբ անդրադարձել են քրեական գործում առկա ապացույցների վերլուծությանը, մինչդեռ դատաքննությունը դեռ չի սկսվել, մատնանշված ապացույցները չեն հետազոտվել, քննության արդյունքում դատարանը գնահատական կտա՝ որ ապացույցներն են թույլատրելի ու վերաբերելի:

Ըստ դատախազի՝ ներկայացված բացարկի միջնորդությունն ընդամենը «մի քայլ է, որ կատարվում է պաշտպանների կողմից: Եթե պաշտպանական կողմի տրամաբանությունից ելնենք, ապա առաջին հերթին պիտի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեին նախագահողին, քանի որ գործն իր վարույթ ընդունելուց առաջ դատավորը ծանոթանում է գործի նյութերին, նա կարող էր և գործի վարույթը կարճել, եթե դրա համար իրավական հիմքեր լինեին: Դատախազն ավելացրեց՝ իհարկե, նախագահողին հայտնելիք ինքնաբացարկն էլ անհիմն կլիներ տվյալ գործով:

Ըստ դատախազի՝ ինքը կատարել ու կատարում է իր լիազորությունները, ամբողջ ծավալով տիրապետում է գործի նյութերին, որևէ կողմի հանդեպ նախատրամադրվածություն չունի:

Ամբաստանյալին մեղադրանք է առաջադրված ոչ թե մեկ, այլ մի քանի ապացույցների հիման վրա, քրեական գործը 13 հատորից է բաղկացած, դրանցում տեղ գտած ապացույցները դատաքննության ընթացքում կհետազոտվեն, ու դատարանը կտա իր վերջնական գնահատականը: Իսկ մինչ այդ՝ պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի անհիմն միջնորդությունը, ըստ դատախազի, ենթակա է մերժման:

Պաշտպանները նշեցին, որ ամբաստանյալը «բացառիկ հարգանք ու վստահություն» է տածում դատարանի հանդեպ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 17-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...