Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն անցյալ շաբաթ հրաժարական տվեց։

Իտալիայի հավաքականից կրած խայտառակ պարտությունից հետո այդ իրադարձությունը կանխատեսելի էր, սակայն ուշագրավ է, որ Վանեցյանի հերթական հրաժարականը նրա մոտ դարձյալ քաղաքական սրացում առաջացրեց, ու նա 168.am-ի «Պրեսինգ» հաղորդման ժամանակ հանդես եկավ մի քանի ուշագրավ հայտարարություններով, որոնք բովանդակային առումով նորություն չէին պարունակում, սակայն դրանցում առկա էր քաղաքական շանտաժի բաղադրիչ։

Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում վարչապետից ստացած հանձնարաություններին՝ Արթուր Վանեցյանը մասնավորապես ասել է․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այս պահին ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել այդ իմ տարակուսանքներից ելնելով է նաև կազմվել իմ հրաժարականի տեքստը»։

Ե՞րբ է խոսելու Վանեցյանը։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին՝ հատկապես, որ Հայաստանում մոդայիկ է դարձել քաղաքականությունն ինտրիգի վերածելու մարտավարությունը։ Սերժ Սարգսյանն աշխարհացունց ելույթ է խոստանում՝ չնայած Զագրեբում ընդամենը շարքային խոսք հնչեցրեց՝ ցույց տալով, որ իր աշխարհընկալումներով ու պատկերացումներով չի տարբերվում միջին վիճակագրական որևէ հանրապետականից։ Հիմա Վանեցյանն է գեներացնում ինտրիգ՝ թեև անհասկանալի է, թե ինչ ասելիք կարող է ունենալ միջին վիճակագրական չեկիստը, որի «աստեղային ժամը» վրա հասավ ընդամենը հեղափոխության թիմում հայտնվելու շնորհիվ։

Շատ հնարավոր է, իհարկե, որ Վանեցյանն ընդամենը «աճուրդի» է հանում իր հնարավոր ծառայությունները՝ հին համակարգին կամ մոսկովյան որոշակի շրջանակների հուշելով իր «գինը»։ Հնարավոր է՝ ԱԱԾ նախկին տնօրենն ինքը չի որոշում իր խոսել-չխոսելու հանգամանքն ու ժամանակը ու ընդամենը քաղաքական շանտաժի մահակ է, որը ոմանք պահում են Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին։

Սրանով հանդերձ՝ «Պրեսինգի» տաղավարում Վանեցյանի ինտրիգային «բլիցը» որոշ հարցեր է առաջացնում ու բացահայտում է նրա կերպարը։

«Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է»՝ հարցնում է հաղորդավարը, ինչի հետևում է Վանեցյանի նույնքան լակոնիկ պատասխանը՝ չեմ պատասխանի այդ հարցին:

ԱԱԾ նախկին տնօրենի պատասխանն անորոշ է, սակայն եթե նա չի հերքում լրագրողի կոնկրետ մտահոգությունն, անուղղակիորեն հաստատում է, որ երկրի անվտանգության հարցում առնվազն ռիսկեր կան։ Նման դեպքերում Վանեցյանը իր հնարավոր բացահայտումները չպետք է պայմանավորի քաղաքական գործոններով ու հանգամանքերով ու անհապաղ պարտավոր է խոսել, որովհետև խնդիրը վերաբերում է երկրի անվտանգությանը և նրա լռությունը տեսականորեն կարող է ճակատագրական լինել։

Անգամ կարծում եմ՝ այս հարցազրույցից հետո իրավապահ մարմինները պարտավոր են բացատրություններ պահանջել Վանեցյանից։ Եթե պարզվի, որ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանությունների գործունեությունը կամ որոշակի քայլեր վտանգում են Հայաստանի անվտանգությունն, ապա հասարակությունն ու քաղաքական ուժերը պարտավոր են հետևություններ անել՝ տուն ուղարկելով մարդկանց, ովքեր հեղափոխական կարգախոսների ներքո սպառնում են Հայաստանի շահերին։

Մյուս կողմից՝ եթե Վանեցյանն ակնարկում է անվտանգային ռիսկերի մասին, սակայն լռում է կամ ասելիք չունի, նա սովորական «պուտչիստ» է, որը փորձում է մանիպուլյատիվ հնարքներով շանտաժի ենթարկել իշխանությանը, ահաբեկել հասարակությանը։ Նման մարդկանց անհրաժեշտ է ոչ միայն դուրս դնել քաղաքականությունից, այլ նաև՝ մեկուսացնել հասարակությունից, եթե նրանց գործողություններում «հիբրիդային պատերազմի» բաղադրիչներ կան։