Վարչապետը երկու կրակի արանքում

- in Վերլուծական

1996 թվականին ընտրակեղծիքի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դարձել է նրա հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների սուր քննադատության պատճառ:

Թավշյա հեղափոխությունից հետո տեւական ժամանակ նախկին իշխող համակարգի մի շարք շրջանակներ նրան մեղադրում են Լեւոն Տեր-Պետրոսյանի «նախագիծ» լինելու եւ նրա քաղաքականությունը վերարտադրելու համար: Երբ Նիկոլ Փաշինյանը նախկին համակարգի քաղաքական գնահատական հնչեցնելիս դիտարկում է նաեւ Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանը, օրինակ քաղաքական հետապնդումների եւ ընտրակեղծիքի համատեքստում, նրան սուր քննադատում են Տեր-Պետրոսյանի համակիրները:

Այդ իրողությունը բնորոշում է Հայաստանի հետհեղափոխական շրջանի ներքին զարգացումների առանցքային հատկանիշներից մեկը:

Փաստացի, վարչապետ Փաշինյանն այդ իմաստով հայտնվել է Արցախի պատերազմի ավարտից հետո իր մենաշնորհի հաստատմանը ձեռնամուխ եղած, հետո առաջին ընտրակեղծիքը եւ վերարտադրությունը թույլ տված, հետո այդ հարցում բյուրեղացած, հմտացած, տարիների ընթացքում «անաղմուկ տեխնոլոգիայի» հասած համակարգի երկու կրակի արանքում:

Հատկանշականն այն է, որ համակարգի այդ երկու թեւերը հեղափոխությունից հետո Փաշինյանի «վրա» են պարզում միմյանց միջեւ տարիների հարաբերությունից առաջացած հաշիվները: Նրանցից ամեն մեկը մյուսի նկատմամբ ունեցած իր յուրովի հաշիվը փակելու է ներկայացնում հենց Նիկոլ Փաշինյանին:

Այդպիսով, Փաշինյանին փաստացի վերածելով իրենց հարաբերությունների պարզաբանման «պրովայդերի», նախկին իշխող համակարգի այս բեւեռները գործնականում պահպանում են «քաղաքականության մենաշնորհը»:

Նիկոլ Փաշինյանը չի կարող չցանկանալ դուրս գալ արանքից: Այն, որ նա քաղաքական գնահատականի շրջանակ ներառում է նաեւ 1996-ը, ոչ միայն բխում է հանգամանքից, որ 1995-96 փուլը պարզապես եղել է ընտրակեղծարարության առաջին խոշոր գործողությունը անկախ Հայաստանում, այլ որովհետեւ ձգտում է նաեւ հետ մղել Տեր-Պետրոսյանի «նախագիծ» լինելու պարբերական մեղադրանքը:

Նիկոլ Փաշինյանը առաջնորդել է թավշյա հեղափոխությունը, ձեւավորվել է որպես հեղափոխության առաջնորդ, սակայն ունի որպես քաղաքական-պետական գործիչ ձեւավորվելու եւ ինքնուրույն դիմագիծ կերտելու խնդիր: Նրան դա թույլ չեն տալիս, անընդհատ դիտարկելով Տեր-Պետրոսյանի ստվերում: Ու թեեւ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ շրջանից հետո Հայկական Ժամանակում հրապարակած ծավալուն վերլուծական շարքով փորձեց դուրս գալ ստվերից եւ փակել իր հաշիվը Տեր-Պետրոսյանի հետ՝ «Մեծ խառնակչություն» հոդվածաշարով, այդուհանդերձ նախկին համակարգը շարունակում է հետապնդել նրան այդ ստվերով:

Ամբողջ հարցն այն է սակայն, որ Փաշինյանի միայն ցանկությունը՝ երկու կրակի արանքից դուրս գալու, բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Այդ հարցը լուծելու համար նրան անհրաժեշտ է խորքային աշխատանք դաշնակից սուբյեկտներ ձեւավորելու ուղղությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments