Վերնատան պայմանը իշխանությանը. վիրավորական առաջարկ

- in Կեղտոտ լվացք
Vazgen Manukyan

Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբը, որն ինչպես հայտնի է նախաձեռնել է ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, հայտարարություն է տարածել իր առաջին համաժողովից հետո:

Կրկնելով Արցախի հարցում, դատական համակարգի եւ ատելության մթնոլորտի հարցում իր հնչեցրած մտահոգություններն ու գնահատականները, ակումբն իշխանությանը ներկայացնում է «քայլեր ու պահանջներ», միաժամանակ հայտարարելով, թե Հայաստանում չունի թշնամիներ:

Վերնատունը իշխանությանը փաստացի առաջարկում է համախմբման եւ հանդուրժողության առաջարկ, բայց սեփական պայմաններով: Գործնականում, այդ առաջարկը անում է նախկին իշխող համակարգը՝ իր ամենատարբեր թեւերով, որոնք հավաքված են Վերնատանը:

Այն, որ հանդուրժողության եւ հանրային համերաշխության օրակարգը Հայաստանի համար կարեւոր է, կասկած չկա: Ամբողջ հարցն այն է, որ նախկին իշխող համակարգը գեղեցիկ փաթեթավորումների եւ խելոք արտահայտությունների ներքո փորձում է հանրային համերաշխության պատասխանատվությունը դնել հանրային վստահությամբ ու լեգիտիմությամբ ձեւավորված իշխանության, ասել է թե՝ հանրության վրա:

Այլ կերպ ասած, պետության համար իրապես կարեւոր հարցերի բարձրաձայնումով գործնականում փաթեթավորվում է նույնքան կարեւոր հանրային համերաշխության խնդրի կամ ավելի շուտ պատասխանատվության նենգափոխումը:

Այդ պատասխանատվությունը նախկին իշխող համակարգի վրա է, որը կամ անկեղծորեն, կամ խորամանկորեն փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, որ իշխանությունից խաղաղ հեռանալով այսպես ասած «քավել» է հանրության առաջ ունեցած մեղքը, եւ հանրությունը հաշիվը մեկնելու փոխարեն, պետք է մեկնի ձեռքը, այլապես՝ անհանդուրժող է:

Մինչդեռ, հանրային համերաշխության խնդրի այդ նենգափոխումը ստեղծում է համերաշխության խիստ միակողմանի բանաձեւ: Ստացվում է, որ հանրությանն առաջարկում են վճարել իր իսկ ներկայացրած հաշիվը: Այն դեպքում, երբ նույն հանրությունն է մոտ երեք տասնամյակ փակել այդ համակարգի հարստանալու հաշիվը:

Ընդ որում, խորքային խնդիրն առաջանում է թերեւս նաեւ այնտեղ, որ նախկին իշխող համակարգը փորձում է գնալ նոր կառավարող ուժի հետ պայմանավորվելու ճանապարհով, դարձյալ՝ խորամանկորեն անտեսելով, կամ միամտաբար թյուր ընկալելով այն, որ համերաշխության խնդիրը հանրության հետ է, ըստ այդմ պետք է փնտրել հանրության, ոչ թե կառավարող նոր ուժի հետ պայմանավորվելու ուղի կամ բանաձեւ: Եվ այստեղ միակողմանի առաջարկը հանրության համար դառնում է ոչ միայն անարդյունավետ, այլ նույնիսկ վիրավորական:

Այն դեպքում, երբ տրամաբանված եւ հավասարակշռված համերաշխության մոդելը կամ բանաձեւը ունի թերեւս հանրային ընդունելության մեծ շանս, քանի որ Հայաստանի քաղաքացիներն այդուհանդերձ միանգամայն ռացիոնալ են, որքան էլ նույն այդ նախկին համակարգը փորձում է տարաբնույթ խոսնակներով ստեղծել տպավորություն, թե հանրությունն «արյուն է ուզում»:

Հանրության այդպիսի ցանկության պարագայում Վերնատունն օրինակ հազիվ թե կարողանար համաժողով եւ հայտարարություն անել: Հանրությունը ուզում է ընդամենը, որ իրեն չդնեն հիմարի տեղ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...