Վերնատունը կարող է դառնալ Վազգեն Մանուկյանի հայտարարած քաղաքական «Նեմեսիս» գործողություն

Vazgen Manukyan

Վազգեն Մանուկյանն իր նախաձեռնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովին խոսելով լրագրողների հետ, ասել է, որ գարնանը մտնելու է ակտիվ քաղաքականություն եւ վերստեղծելու է կամ վերականգնելու է ԱԺՄ-ն, կուսակցության նոր շնչի, նոր դերի մտադրությամբ:

Վազգեն Մանուկյանը Վերնատան տակ է հավաքել նախկին իշխող համակարգի գրեթե ամբողջ ներկապնակը, բացառությամբ գուցե ԲՀԿ-ի, ու թերեւս նաեւ ՀԱԿ-ի կամ պայմամանական՝ ՀՀՇ-ի: Որովհետեւ Հայաստանում իշխող համակարգը, որ կառուցվել է ընտրակեղծարարության եւ հանրային կամքից անկախ վերարտադրության սկզբունքի կամ փիլիսոփայության վրա, ձեւավորվել է հենց ՀՀՇ իշխանության տարիներից: Նվազագույն պայմանական մեկնակետը 1995-96 թվականների ընտրափուլն է:

Այստեղ է նաեւ Վազգեն Մանուկյանի՝ ԱԺՄ-ն վերականգնելու որոշման կամ մտադրության ուղերձը: Դրանով Վազգեն Մանուկյանը կարող է քաղաքական պատասխանատվության տակ դնել բոլորին, որոնք պատասխանատու են Հայաստանում ընտրակեղծարարության արմատավորման եւ հետագայում դրա կիրառման միջոցով համակարգի բյուրեղացման համար: Թվում է, որ այստեղ կա որոշակի հակասություն՝ չէ՞ որ Մանուկյանն ինքը հետագայում գործակցել է այդ ընտրակեղծարար համակարգի հետ, դրանում ստացել կարգավիճակ:

Այո, եւ Վազգեն Մանուկյանն իր հանդեպ հանրության վերաբերմունքով լիուլի կրում է դրա պատասխանատվությունը: Նա կարող էր կատարել այլ ընտրություն: Թե ինչու չի կատարել, այլ հարց է: Ներկայում, հետհեղափոխական իրավիճակում Մանուկյանը փաստորեն օգտվում է հենց հեղափոխության ստեղծած ազատության հնարավորությունից: ԱԺՄ-ն վերստեղծելու մտադրությամբ Վազգեն Մանուկյանն իր «վրեժն» է լուծում իր քաղաքական ապագայի վրա կառուցված ամբողջ համակարգից, ինչի համար էլ թերեւս հավաքել է համակարգը Վերնատան ներքո:

Կստացվի՞ դա Մանուկյանի մոտ, թե ոչ, իհարկե այլ հարց է: Դա կախված է մի շարք գործոններից, սակայն ԱԺՄ վերստեղծելու մտադրությունը նրա համար «պատմական արդարության» վերականգնման ակտ է: Ընդ որում, Մանուկյանն այդ հանգամանքն ակնարկեց նաեւ Վերնատան բացման իր ելույթում, խոսելով այն մասին, որ ժողովրդավարական, ազատ ճանապարհից շեղումներ սկսեցին ավելի վաղ, իսկ 1995-96-ից սկսվեց էական շեղումը:

ԱԺՄ-ն եւ Վազգեն Մանուկյանն այդ շեղման առաջին «զոհն» էին: Ընդ որում, հետագա շրջափուլերում էլ իշխող համակարգը, 1998-ից փոխանցված իշխանությունն արեց հնարավորը՝ Վազգեն Մանուկյանի վերականգնման արգելափակման համար: Ադ գործում իրենց դերն են ունեցել 1998-ից հետո հիմնական խաղացողի կարգավիճակում հայտնված սուբյեկտների գերակշռող մասը, որոնց մի մասը դարձավ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ, մյուս մասն այս կամ այն կերպ դարձել է Վերնատան մասնակից:

Վերնատունը կարող է դառնալ Վազգեն Մանուկյանի հայտարարած քաղաքական «Նեմեսիս» գործողություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...