Vitali Balasanyan

Վիտալի Բալասանյանը, որ Արցախի նախագահի թեկնածու է, դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանությունը հայկական երկու պետությունները տանում է կործանման: Բալասանյանի այդ մոտեցումն ու գնահատականները հասկանալի է՝ նոր չեն, և միաժամանակ հստակ է, թե ինչով են դրանք պայմանավորված:

Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ Վիտալի Բալասանյանը նախկին իշխող համակարգի հետ աշխատում է նոր իշխանության դեմ: Բալասանյանը Արցախի նախագահի թեկնածու է, համենայնդեպս հայտարարել է առաջադրվելու մտադրության մասին, իսկ այստեղ բնականաբար նա որպես իր հաղթաթուղթ պետք է դիտարկի Հայաստանի իշխանության շուրջ առավելագույն «դավադրապաշտություն» հյուսելը, դրանով մտահոգ հանրային շրջանակների կամ ընտրազանգվածի առավելագույն մոբիլիզացիան և նաև հնարավոր մրցակիցներին թիրախավորելը, որոնց ևս մեծ հավանականությամբ փորձ կարվի ասոցացնել Հայաստանի իշխանության հետ: Այդ տեսանկյունից Բալասանյանի մարտավարության քաղաքական մոտիվները միանգամայն հասկանալի են:

Նրա նոր հայտարարությունը, սակայն, բավականին ուշագրավ լույսի ներքո է հայտնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվերի», մասնավորապես Արցախի հարցի վերաբերյալ նրա «լայվի», ինչպես նաև Սերժ Սարգսյանի վերջին հանդիպման՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ֆոնին:

Բանն այն է, որ Վիտալի Բալասանյանը, ինչպես հայտնի է, «դավադիր ծրագրի» հետևում տեսնում է Միացյալ Նահանգներին՝ «Բոլթոնի պլան» և այլն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ Արցախի հարցում չի կարող լինել որևէ ստվերային պայմանավորվածություն, և որ իր ու Արցախի իշխանության մոտեցումներն այդ հարցում բացարձակապես նույնական են: Արցախի իշխանության որևէ ներկայացուցիչ, այդ թվում՝ Բակո Սահակյանը, կասկածի տակ չի դրել Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունը: Ըստ այդմ՝ ստացվում է, որ Վիտալի Բալասանյանը, «դավադրության» համար մեղադրելով Հայաստանի իշխանությանը, մեղադրում է փաստորեն նաև Արցախի ներկայիս իշխանությանն ու գործող նախագահ Բակո Սահակյանին:

Անշուշտ, այդ մեղադրանքի քաղաքական տողատակն էլ հասկանալի է. ըստ ամենայնի Բալասանյանի այդ անուղղակի դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ Արցախի իշխանությունը չի պատրաստվում նախագահի ընտրությանն աջակցել իրեն: Արդյոք ժամանակի ընթացքում պաշտոնական Ստեփանակերտին ուղղված Բալասանյանի դժգոհությունը կսկսի՞ արտահայտվել ավելի ու ավելի բաց: Եվ արդյոք դա միայն նրա՞ դժգոհությունն է, թե՞ նաև Ռոբերտ Քոչարյանի, որի պաշտպանության համար Վիտալի Բալասանյանը սկսել է ստորագրահավաք Արցախում: Թե՞ այդ ստորագրահավաքով Բալասանյանը փորձում է նախագահի առաջիկա ընտրության համար ստանալ Ռոբերտ Քոչարյանի հաստատուն աջակցությունը: Ինչպես հայտնի է, Քոչարյանը կալանավորումից առաջ ասել էր, որ ունի նախագահի իր նախընտրելի թեկնածուն, բայց չի հայտնի, թե ով է նա:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպման ֆոնին էլ Բալասանյանի հայտարարությունները ստացվում են մեղադրանք նաև Սերժ Սարգսյանի հասցեին: Համենայնդեպս, Սարգսյան-ԱՄՆ դեսպան հանդիպմանը ոչ միայն չի եղել նկատելի հակադրություն, այլև հակառակը՝ կարծես թե եղել է հանդիպումները շարունակելու և միասին աշխատելու պայմանավորվածություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...