Դեկտեմբերի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում գյուղապետերի և ավագանիների ընտրություններ են: Արարատի մարզի Տափերական գյուղում համայնքապետի ընտրությունն է, որտեղ առաջադրվել են միանգամից 8 թեկնածուներ: 

Տափերականի նախկին ու երկարատև կառավարած գյուղապետ Միհրան Մանասերյանը չի առաջադրվել ու թերևս դա է պատճառը, որ թեկնածուներն այսքան շատ են 2 ընտրատեղամաս ու մոտ 3 հազար ընտրող ունեցող գյուղում:

Թեև՝ չի բացառվում նաև գյուղապետի թեկնածուներից մեկի կողմից դրածո մի քանի թեկնածուների առաջադրման հանգամանքը …

Մեր զրույցները Տափերականի տներում ու փողոցներում հիմնավորեցին թե՛ առաջին, առավել ևս՝ թե՛ երկրորդ տարբերակը: Տափերականցիների ուզածն ի՞նչ է՝ կյանքն ու սոցիալական վիճակը լավանա, խաղողը լավ ու բարձր գներով մթերվի, բերքառատ տարի լինի, անփորձանք … իմա՝ կենացի պես:

Ինչ վերաբերում է այն բանին, թե ով կլինի գյուղապետ՝ մեծամասնության համար միևնույն է, բոլոր 8 թեկնածուներին էլ բոլորը ճանաչում են՝ ազգուտակով, որպիսությամբ, ով է նրանցից եկվոր՝ էլ պարսկահայ, էլ մարտունեցի, էլ շամշադինցի, էլ … ով է սովխոզի ժամանակ իրեն ինչպես պահել, դեռևս, է՜, մանուկ հասակից:

Միևնույնը միևնույն, սակայն ցավով են արձանագրում, որ ՀՀԿ-ական ու ռոբերտքոչարյանական իշխանության տարիներին գյուղը բդեշխների ձեռնածության տակ է եղել, մեկ Սաշիկ՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Սեժի եղբոր, մեկ՝ Յուվեցի Կարո Կարապետյանի՝ վերջը երջանկահիշատակ դարձավ:

– Դե, հիմիկվաններից մի քանիսն էլ դրանց էն ժամանակվա թուլեքն են, էլի, այ աղջիկ ջան, եկել հին վերքերս եք իրար տալիս, էն վախտ ինչ ասես բացահայտ ու սպառնալով էին անում, հիմա՝ տականց, իրանց սուրբի տեղ են դրել, գիտեն մենք էլ լոխ ենք, էլի, հիշողություններս էլ՝ կա՜րճ, մոռացել ենք, պիտի իրանց ընտրենք,- բորբոքվեց պապը, ով շատ խնդրեց անունն անգամ չգրել, որովհետև կողքին արևկող նստած տատն էր մատնել՝ ամուսնուն դիմելու միջոցով, նա էլ շարունակեց,- սս, այ մարդ, բարեկամ են,- տո տհենց բարեկամի, թող գնա՜, անասունը, կհիշես մտա մոտը, թե օգնի …, գյուղապետարանում էր աշխատում, օգնե՞ց, առը հա, ամեն անգամ էլ բարեկամից են արյուն հանում … Տարեց ամուսնիններին թողեցինք իրենց համեստ գործին, բրնձի հատիկները մաքրել, իստկելուն …

Տափերականցիներն էլի հետաքրքիր պատմություններ պատմեցին գյուղում տեղակայված գործարանների ու նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանի հետ կապված, որը գուցե խմբագրմամբ ներկայացնենք առաջիկայում:

Երիտասարդներ էին կանգած, հարցրեցինք, թե ոնց եք, հեսա ընտրություններ են, ո՞ւմ եք ընտրելու, սրանք էլ սկսեցին խունջիկ մունջիկ գալ՝ չգիտես աղջիկների խոսացնելուց, թե չկողնորոշվելուց, բայց մեջներից դուխովներ, այնուամենայնիվ, գտնվեցին, դպրոցից վերադարձող երեխաններն էլ իրենց ունկնդիր. Այ, քուրիկներ ջան, մեր գյուղն ա, մեր գյուղապետն ա, մեկին կընտրենք, էլի: … էն մեկը սրա հոպարն ա, համ էլ՝ մոր կողմից են կիլոմետրերով բարեկամ, բայց ասել ենք, ընտրում ենք մենակ ջահելներին, Էրևան ղեկավարությունը ջահելներ են, ստեղ էլ թող ջահել ըլնեն, իրար լավ կհասկանան … Նախկիններից՝ ո՛չ մեկին, թող էթան խաղող մշակեն մեր պես, որ ղադրներս իմանան …

Զուտ զրույցների մասով հետաքրքիրներն ու քֆուր-քյաֆարով խոսացողներ էլ կային, իհարկե՝ չափի մեջ, սակայն մեր հարցումները կոնկրետ նպատակ ունեին պարզելու կամ՝ հստակեցնելու մեր տեղեկատվությունը, թե 8 թեկնածուների միջից ովքե՞ր են դրածոներն ու որո՞նց կողմից, իսկ ով է հավակնում գյուղապետ դառնալուն: Ինչպես մեր խմբագրի հետ զրույցում նաև թեկնածուներից Վահիկ Հարությունյանն էր հայտնել /տես՝ այստեղ/, չի կարող պատահել այնպես, որ 8 թեկնածուների միջև դրածոներ, կամ՝ ինչպես թեկնածուներից Գագիկ Նազարյանն է բնորոշում՝ խաղալիքներ չլինեն /տես՝ այստեղ/:

Եվ այսպես, ըստ մեր աղբյուրների ու զրույցների, թեկնածուներից ոմանք գյուղապետարանում կամ գյուղապետարանում աշխատելու համար սերժսարգսյանական խաղեր են խաղում՝ շախմատ ընդամենը մեկ գյուղի ընտրապայքարում, որի արդյունքում նրա կողմից կամ՝ հորդորով են առաջադրվել Մուշեղ և Մհեր Ղազարյանները՝ իրար հորեղբոր տղաներ: Մեկի հետ տեսահարցազրույցը տես այստեղ, մյուսը մեր խմբագրի հետ անգամ չի ցանկացել հանդիպել՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունի, իսկ հեռախոսով ճշտմանը, թե դրածո թեկնածո՞ւ եք, պատասխանել է, թե՝ ոչ: Բա հո չէր ասելու՝ այո: Ուղղակի բանն այն է, որ գյուղապօետարանից համապատասխան թեկնածուի կողմից առաջարկվել է առաջադրվել Մուշեղ Ղազարյանին, սակայն որովհետև անցողիկ շեմը շատ նուրբ է ու վտանգավոր յուրաքանչյուրի համար, նրան էլ կոնտր առաջարկվել է առաջադրվել Մհեր Ղազարյանին: Երբ մեկն առաջնորդվում է նախորդ իշխանությունների կողմից, սակայն այնքան են վախեցած ու անլիգիտիմության սինդրոմում, որ գործում է ստվերում, պարզվում է, այդքանով չի բավարարվել ու նմանատիպ երկյակ է ստեղծել նար ձկան պես լուռ ու անխոս մյուս երկու թեկնածուների ևս խաղալիքի վերածելով, ովքեր սակայն, ըստ մեր աղբյուրների, ամեն մեկը կարծում է մյուսներից թաքուն ինքն իր խաղն է սկսել խաղալ ու թակել մարզպետարանի, մարզպետի, մարզում քայլականների ու բարգավաճականների դռները:

Մի բան մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, ինչի հարցում խոստովանում ենք, թե թեկնածուներից ո՞վ է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալ թեկնածուն, գուցե՝ չկա՞ …

Մի խոսքով, հետաքրքիր, բայց մանր գյուղացիական խորամանկություններով ընտրություններ են սպասվում Տափերականում, որտեղ կարծես ընտրությունների օրվա ամսաթիվը բռնացրել են թեկնածուների թվի հետ՝ 8: Նրանցից, մեր հարցման փորձառությանը համաձայն, որը հիշեցնենք, գալիս է դեռևս 2002 թվականից՝ ՄԻՏՔ թերթից, ընտրությունն իսկապես գրեթե հավասար է Տափերականում, չի բացառվում ընդամենը մի քանի քվեով ավել ստացող մեկի հաղթանակը, սակայն լավ քարոզարշավ իրականացնելու դեպքում հավակնորդներ են Վահիկ Հարությունյանն ու Գագիկ Նազարյանը, իսկ Կարեն Խաչատրյանը գյուղում ուղղակի տարածում է, թե ինքն է հաղթելու, իսկ իրեն սատարում է նախկին գյուղապետ Միհրան Մանասերյանը:

Մենք հեռախոսով զրուցեցինք Միհրան Մանասերյանի հետ, նա ասաց, թե այդպիսի բան չկա, իսկ ինքը չի խոսի այն մասին, թե թեկնածուներից ով է նախընտրելին, սակայն երբ հարցրեցինք, թե այդքան երկար ղեկավարել եք Տափերականը, հիմա Ձեզ համար միևնո՞ւյն է, թե ով կշարունակի ղեկավարել, նա ասաց, թե իհարկե իր համար միևնույն չէ, սակայն չի ուզում խոսել որևէ մեկի մասին, որպեսզի իր կարծիքը չտարածվի ու դրանից հետևություններ չանեն:

Աշխեն ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տաթևիկ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ

Հ.Գ. Առաջիկայում կներկայացնենք մեր տեքստային հարցազրույցը գյուղապետարանի անկուսակցական թեկնածու՝ գյուղապետարանի հաշվապահ Կարեն Խաչատրյանի հետ: Մհեր Ղազարյանը հանդիպելու ժամանակ չուներ՝ գնում էր Արտաշատ՝ մարզպետարան, նրա հետ մի երկու բառ փոխանակեցինք հեռախոսով, Ոսկան Միսակյանն արդեն մարզպետարանում էր, Արմեն Տոնապետյանը՝ Արտաշատի հիվանդանոցում, իսկ Ազիզ Հովսեփյանը՝ Սպայկայի ջերմոցների կառավարման համակարգերի վրա էր աշխատում՝ շատ պատասխանատու աշխատանքում, ու տասը րոպեով անգամ չէր կարող առանձնանալ ու զրուցել մեզ հետ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...