Տերն ու ծառայի կռիվը. Վարչապետի առակը

- in Վերլուծական

Հայաստանում պետական պաշտոնյաները շատ արագ դառնում են իշխաններ, բդեշխներ, ՀՔԾ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնյաներին հորդորելով ապրել եւ գործել ոչ թե այդ, այլ Հիսուսի բարդույթով, այսինքն ինքզինք համարել ոչ թե միայն տեր, այլ նաեւ ծառա՝ տեր ու ծառա միաժամանակ:

Նիկոլ Փաշինյանը փորձում է շարունակել Միլանում բացած թեման, որտեղ եւս փորձեց համեմատություն անցկացնել իր եւ Հիսուս Քրիստոսի միջեւ, սեր տարածելու, բայց միաժամանակ անհրաժեշտւթյան դեպքում տաճարն ապականողներին շատ կոշտ վերաբերվելու առումով: Քրիստոնեական բարոյականությունը ժողովրդավարական կառավարման համակարգերում եղել է կայուն ուղեկից, եւ այդ հանգամանքը գուցե առանձնահատուկ դեր կարող է ունենալ հասարակությունում, որտեղ Սահմանադրությամբ է առանձնահատուկ դեր վերապահված եկեղեցուն:

Սակայն, քրիստոնեական բարոյականության քարոզը թերեւս արժե թողնել հենց եկեղեցուն, դնելով նաեւ դրա առաջ լիակատար պատասխանատվության տակ:

Իշխանությունը պետք է առաջնորդվի օրենքի բարդույթով՝ վերից վար, ինչ պաշտոնյա էլ լինի: Որովհետեւ իշխանությունը տեր չէ, կամ՝ ինչպես վարչապետն ինքն է բազմաթիվ անգամներ հայտարարել միանգամայն իրավացի եւ սկզբունքային դիրքերից՝ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է: Հետեւաբար, պաշտոնյան կարող է առաջնորդվել միայն ծառայի բարդույթով, ոչ երբեք՝ տիրոջ: Պաշտոնյան ծառայում է, իսկ տերը՝ ժողովուրդն է, հանրությունը, ընտրողը, միմիայն: Հետեւաբար այստեղ չափման ամենաարդյունավետ միավորը օրենքն է, ըստ այդմ պաշտոնյաներին թող առաջնորդի օրինականության, իրավականության, հանրության առաջ հաշվետվողության բարդույթը՝ միմիայն:

Հակառակ պարագայում, Հիսուսի բարդույթը ոչ միայն կարող է ինչ որ պահից վերածվել պարզ Աստվածանարգության՝ թեկուզ ամենաանկեղծ մղումների պարագայում, այլ պարզապես ավելի ծանր բեռ լինել, քան կարող է տանել տվյալ կամ որեւէ պաշտոնյայի հոգեբանական քաշային կատեգորիան: Ի վերջո, պաշտոնյայի մեջ տերն ու ծառան հանկարծ կարող են պայքար սկսել միմյանց դեմ, եւ Աստված գիտե, թե որ պահին ով առավելություն կստանա, կամ առավել եւս ով հաղթի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments