Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր ստորագրահավաք են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։

«Մենք ցանկանում ենք Ձեզ հետ կիսվել Հայաստանի առջև ծառացած խնդիրներով։ Ձեզանից շատերը կամա թե ակամա տեղյակ չեն, թե ինչ է կատարվում այսօր Երևանում։ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, այս պատճառով եկել ենք Ձեզ հետ զրուցելու, մտածելու և կիսվելու, որոշելու, թե ինչ ենք անելու, որ մեր երկիրը դառնա մեր երազանքների հայրենիքը։ Մեր շարժման կարգախոսն է «Միացումը», մենք կոչ ենք անում միանալ մեզ»,- իր ելույթում նշել է շարժման ներկայացուցիչներից մեկը։

Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։

Մենք «Հաղթանակի» քոչարյանական հետագիծը բացահայտել ենք վաղուց, երբ այս նախաձեռնության անդամները քողարկվում էին հայրենասիրական լոզունգների ու բարձրագոչ հայտարարությունների ստվերում։

Առնվազն մեկ շաբաթ է՝ «Հաղթանակը» «բացահայտվել» է ու Քոչարյանի համար ստորագրավաք է իրականացնում։ Իհարկե, հասարակությանը շատ ավելի հետաքրքիր է, թե, օրինակ, այս ընթացքում քանի մարդ է ստորագրել Քոչարյանի աջակցության համար, քան՝ այն պոռոտախոս ելույթները, որոնք տիրաժավորվում են երկրորդ նախագահի կողմնակիցների կողմից։ Վստահ չեմ, որ «Հաղթանակը» թվեր կհրապարակի, քանի որ հասարակական տրամադրությունները հուշում են Քոչարյանի աջակիցների սակավաթվության մասին։ Ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Քոչարյանին աջակցող հերթական նախաձեռնությունը, ինչպես և մյուսները, իմիտացիոն բնույթ ունի, որի նպատակը ցույց տալն է, թե իբրև Հայաստանում երկրորդ նախագահն աջակիցներ ունի։

Երբ «երազանքների հայրենիք»-ի մասին խոսում են Քոչարյանի կողմնակիցները, տպավորություն է ստեղծվում, թե հասարակությանը միտումնավոր ծաղրում են կամ ստեղծում են միջավայր, երբ նույն այդ հասարակությանը ստիպում է ավելի կոնսոլիդացվել՝ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ու ազատազրկելու հարցում։

Քոչարյանի պատկերացրած «երազանքների հայրենիքում» տեղի է ունեցել երկու աննախադեպ ոճիր, գավառական մեկը թալանել է երկիրն ու հասարակությանը՝ դառնալով միլիարդավոր դոլարների հարստության տեր, երկիրը վերածվել է արյունոտ խրախճանքներով ու կոռուպցիոն պատմություններով հարուստ մի տարածքի։

Դա «երազանքների հայրենիք» էր բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու նրա կլանի համար, իսկ երբ հասարակությունը սկսեց երազել իր հայրենիքի մասին, ապա տեղի ունեցավ հեղափոխություն՝ Ռոբերտ Քոչարյանի համար անշրջելի դարձնելով կալանքը։

Այնպես է ստացվել, որ Հայաստանում «երազանքների հայրենիք» կարող են ունենալ կամ հասարակությունը կամ Ռոբերտ Քոչարյանը ու այս հարթության վրա այսօր ամեն բան բնական է, անհասկանալի է միայն, թե հասարակության մեջ ո՞ւմ է փնտրում Քոչարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...