Serj Tankian

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը հոդված է հրապարակել New Europe-ում, որը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում վերջերս 296 բանաձևի ընդունումն ընդգծեց Թուրքիայի և իր դաշնակից ՆԱՏՕ-ի երկրների միջև հարաբերությունների գրեթե անհավանական դինամիկան: Տարիներ շարունակ Անկարան արել է ամեն ինչ՝ հիմնականում մտրակի և բլիթի տեխնիկայի կիրառմամբ սահմանափակելով Ցեղասպանության ճանաչման արշավների հաջողությունն ամբողջ աշխարհում: Ավստրալիայի դեպքում վտանգի տակ էր դրվում Անզակի օրվա միջոցառումները, իսկ ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների դեպքում նրանք վարձում էին հզոր լոբբիստական ընկերություններ՝ հակազդելու Ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված քայլերին:

Հայոց ցեղասպանությունը, որն ընդհանուր եզր է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի, հույների և ասորիների կոտորածների համար, տասնամյակներ շարունակ Թուրքիայի կողմից օգտագործվում է որպես քաղաքական կապիտալ աշխարհի հայտնի ժողովրդավարությունների դեմ: Ամերիկյան բլոկը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Իսրայել և մի շարք այլ երկրներ) բոլոր ջանքերը գործադրել են՝ կանգնեցնելու Թուրքիային և նրա առավել իռացիոնալ առաջնորդ Էրդողանին, և արդյունքում. 1) ապահովել ռազմատեխնիկայի առավել շատ վաճառք, 2) որպեսզի Թուրքիան մնա պատվար տարածաշրջանում Ռուսաստանի նկրտումների դեմ, և 3) որպեսզի Արևմուտքը պահպանի իր բազաները՝ Մերձավոր Արևելքում և ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ռազմական հետագա ներկայության համար: Դա հանգեցրել է իսկական աղետի՝ խոչընդոտելով Թուրքիայում ժողովրդավարությանը և օգնելով լռեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են այնտեղ էբալիտար, աշխարիկ պետության համար:

Անցած մի քանի տարիների ընթացքում Էրդողանի կողմից ամերիկացի պաստոր Էնդրյու Բրունսոնի ազատազրկումը, Թուրքիայի կողմից ռուսական S-400 հրթիռների ձեռքբերումը և վերջին շրջանում ռազմական ներխուժումը Սիրիա վերջնականապես խաթարեցին հավատը ՆԱՏՕ-ի այս հեռավոր դաշնակցի նկատմամբ: Զարմանալի է, որ հենց դա գրավեց Արևմուտքի ուշադրությունը: Տարիներ շարունակ Էրդողանի կառավարությունը ոտնահարում էր միջազգային կոնվենցիաները՝ բանտարկելով գյուլենականության մեջ կասկածվող տասնյակ հազարավոր մարդկանց, քրդերի, լրագրողների, արվեստագետների և շատ ուրիշների՝ առանց որևէ միջազգային նշանակալի արձագանքի: Եվ դա ստիպեց առաջնորդին մտածել, որ մշտապես կարող է ջրից չոր դուրս գալ: Թուրքիայի վերջին ներխուժումը Սիրիա, որը պատճառաբանվում էր անվտանգության միջանցք ստեղծելով և Սիրիայի արաբ փախստականների վերաբնակեցման համար, ուղղակիորեն ուղղված էր տեղի քրդերի, հայերի և այլ համայնքների դեմ և բացահայտորեն ցույց տվեց չպատժված մարդասպանի իրական դեմքը: Սա առաջ է բերում մի հարցադրում. երբ ինչ-որ մեկն ազատվում է սպանությունից կամ ցեղասպանության ժխտումից, ի՞նչը կխանգարի նրան մարդկության դեմ այլ հանցագործություն գործել: Ամբողջ աշխարհում հայերը բարոյազրկվել էին`ականատես լինելով, թե ինչպես է Թուրքիան ռմբակոծում Սիրիայում քրդական ուժերին և խաղաղ բնակչությանը: Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի հետո դա նման էր Հետտրավմատիկ սթրեսային խանգարման թեստի: Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ/քուրդ ամերիկյան դաշինքը մեկ գիշերում ոչնչացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Էդրողանի հետ ունեցած զրույցից հետո: Թրամփի տեսլականով քրդերը ծառայել էին ամերիկյան շահերին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում իրենց վրա վերցնելով առյուծի բաժինը, և հիմա կարելի էր դեն նետել: Բարեբախտաբար մեզ համար, ամերիկացիների մեծ մասն այդպես չի մտածում: Միացյալ Նահանգներում շատերը և նրանց ներկայացուցիչները Կոնգրեսում զայրացած էին այն բանի համար, թե որքան հեշտությամբ է ԱՄՆ դաշնակիցը բառացիորեն շպրտվել կրակի տակ մի նախագահի կողմից, որի դեմ այժմ իմփիչմենթի գործընթաց է գնում: Դա իսկապես լույս սփռեց Թուրքիայի շարունակական դիվանագիտական չարաշահումների վրա: Ամերիկահայերը բազում տարիներ պայքարել են ցեղասպանության ճանաչման համար: Առաջիկա օրերին և ամիսներին մենք կշարունակենք պայքարել Սենատի համանման բանաձևի համար: Նման բանաձևերի կարևորությունն այն է, որ վերջապես պարզ դառնա Թուրքիային, որ պետք է վճարել ցեղասպանությունների ժխտման համար, որ պետք է վճարել իր փոքրամասնությունների և ակտիվիստների դեմ անպատիժ մնացած գործողությունների և միջազգային օրենքները ոտնահարելու համար: Այս բանաձևերը չեն նախանշի ոչ պետքարտուղարության, ո՛չ նախագահի պահվածքը, բայց, այնուամենայնիվ, ուժեղ ուղերձ կհղեն առ այն, որ ամերիկացիները չեն աջակցի դրան: Աշխարհի մնացած երկրները նույնպես պետք է ուժեղ դիրքորոշում ունենան Էրդողանի և նրա անապահով պետության դեմ: Իմ ընկերներից շատերը ցնցված են, որ Իսրայելը նույնպես պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը: Անկախ Թուրքիայի և Իսրայելի միջև եղած վատ դիվանագիտական հարաբերություններից՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այդպիսի բոլոր ջանքերը՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հետախուզական տվյալների փոխանակման, և մինչ այժմ՝ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ պաշտոնյաների դիրքորոշման պատճառով: Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունած առաջին պետությունը, քանի որ մենք այժմ բոլորս էլ ծանոթ ենք, թե ինչ է ասել Հիտլերը, երբ նրան հարցրել են նացիստների կողմից եվրոպական հրեաների բնաջնջման մասին. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: Ժամանակն է, որ աշխարհում պատժեն ցեղասպանության մերժման համար:

Անցյալ տարի Հայաստանն ապրեց յուրահատուկ պատմական շրջադարձ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Թավշյա խաղաղ հեղափոխության միջոցով ձերբազատվելով իր հետխորհրդային կոռումպացված օլիգարխիկ իշխանությունից: Մենք պատրաստել են վավերագրական ֆիլմ «Ես մենակ չեմ», որի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում և ցույց է տալիս հեղափոխության մանրամասները: Ինձ համար շարունակում է առանձնահատուկ մնալ այն, թե ինչպես ապակենտրոնացված քաղաքացիական անհնազանդությունը հաջողությամբ օգտագործվեց որպես Հայաստանում խաղաղ իշխանափոխության գործիք: Թուրքիան շարունակում է Հայաստանի ապօրինի շրջափակումը՝ մի ամբողջ երկրի զրկելով միջազգային առևտրային ուղիներից և իրավունքներից: Այն դեպքում, երբ աշխարհի այդքան շատ երկրներ և նահանգներ պայքարում են իրենց ժողովրդավարական շարժումներով, օրինակ Հոնկոնգը, Լիբանանը, Չիլին և Իրաքը, Թուրքիայի քաղաքացիները պետք է հավատարիմ լինեն իրենց ճակատագրին և ճանապարհ գտնեն դեպի ավելի առաջադեմ, էբալիտար, ժողովրդավարական երկիր: Էրդողանը և նրա խորապես կոռումպացված կառավարությունը շարունակում են նրանց ուղարկել դժբախտության վայրընթաց գալարով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...