Նոյեմբերի 4-ին Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Դիեպ Շումեյքերի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ խոսվել է երկկողմ հաջող գործակցության մասին, որ իրականացվում է տարիներ շարունակ, այդ թվում կոնկրետ գործերի բացահայտման առումով: Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Գրիգորյանն ասել էր, որ Ամուլսարի գործում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առաջացնում են նոր ուղղությամբ քննության անհրաժեշտություն, կհարցաքննվեն լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները: Ըստ Գրիգորյանի, հարցեր են առաջացել ՇՄԱԳ հետ կապված:

Ինչպես հայտնի է, «դիլեմաներից» մեկն էլ այն էր, թե արդյոք անհրաժեշտ է նոր ՇՄԱԳ, ինչը կարող է էապես նոր իրավիճակ ստեղծել Ամուլսարի շուրջ, առավել եւս պահանջել եւս մի քանի ամիս: Դրանից առաջ կառավարության վերջին արձանագրումն այն է, որ Հայաստանը ներկայում չունի Ամուլսարի հանքի շահագործում թույլ չտալու իրավական հիմք:

Կարո՞ղ է այդ հիմքն առաջանալ այն նոր ուղղությամբ քննությամբ, որի մասին հայտարարել էր Հայկ Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին:

Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետն ընդունել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբլը:

Հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ չկա խոսք այն մասին, որ շոշափվել է Ամուլսարի հարցը: Միաժամանակ, հանդիպման հիմնական թեման, դատելով պաշտոնական հաղորդագրության բովանդակությունից, եղել է տնտեսությունը:

Հայտնի է, որ Ամուլսարի հարցում ԱՄՆ հետաքրքրությունը բաց ներկայացվում է սկսած դեռեւս Ջոն Հեֆֆերնի դեսպանության շրջանից: Ամուլսարի ծրագիրն արեւմտյան խոշորագույն ներդրումային ծրագիրն է Հայաստանում:

Հետաքրքիր է, որ Ամուլսարի շուրջ նոր զարգացման մասին Քննչական կոմիտեի ղեկավարի հայտարարությունից հետո է տեղի ունենում ԱՄՆ դեսպանի եւ այլ պաշտոնյաների այցը կառավարություն, թեեւ բովանդակային առումով պարզ չէ՝ Ամուլսարի հարց քննարկվե՞լ է, թե ոչ:

Արդյոք ԱՄՆ իրավապահները ցանկացել են զուտ մասնագիտական աչքով հետաքրքրվել, թե Ամուլսարի հարցում որքանով է իրավական գործընթացը հիմնավոր:

Պատկերը հատկանշական է ԱՄՆ-ում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ճանաչման ֆոնին: Բանաձեւն ունի խորհրդատվական ուժ, սակայն բավական մեծ քաղաքական կշիռ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...