Քաղաքական գազանանոց. ավանակն ամենահայրենասերն է, քանի որ նա բոլորից բարձր է կարողանում զռալ

- in Վերլուծական

Հայաստանի քաղաքական համակարգը գազանանոց է հիշեցնում, բայց ո՛չ սովորական, այլ ռազմահայրենասիրական։ Հավաքված են տարատեսակ կենդանիներ՝ հիմնականում գիշատիչներ, որոնք տարերային ընթացքով վազվզում են այս ու այն կողմ, կանոնավոր սնվում և անկանոն հոգում բնական կարիքները։

Պայմանականորեն գազանիկներին կարելի է բաժանել երկու խմբի, որոնք են՝ պրոֆեսիոնալ ռազմահայրենասերները, այսինքն՝ կենդանիներ, որոնք հայրենասեր են աշխատում, և գազանանոցակենտրոն կենդանիները, որոնց համար առաջնայինը գազանանոցի կենդանական շահն է, ավելի շուտ՝ բնազդը։

Իհարկե, այս երկու խմբերը չափազանց տարբեր են, բայց կան նաև ընդհանրություններ, որոնք միավորում են նրանց։ Օրինակ՝ ավանակն ամենահայրենասերն է, քանի որ նա բոլորից բարձր է կարողանում զռալ, իսկ խոզուկները հանդես են գալիս կենդանիների իրավունքների և ազատությունների պաշտպանության դիրքերից, քանի որ իրենք ամենափնթին են, և ավելի քան որևէ մեկը օգտվել են փնթի և անլվա լինելու իրավունքից։ Կապիկները գազանանոցի քաղաքական վերլուծաբաններն են, քանի որ նրանք օժտված են սեփական հետույքը տեսնելու կարողությամբ։ Նայում են, հոտոտում և գազանանոցի ապագայի վերաբերյալ քաղաքական կանխատեսումներ իրականացնում։ Կենգուրուները դեմ են Մասիվի կոնվենցիային, բայց դեմ են զուտ այն պատճառով, քանի որ Մասիվ տեղանվան հետ վատ հիշողություններ ունեն։ Գեյ գայլերը պայքարում են պանդայի դեմ՝ վերջինիս մեղադրելով ավանդական կենդանական արժեքներից հեռանալու մեջ, իսկ սպիտակ բևեռային արջուկը քաղաքական ապաստան է խնդրում՝ սև արջուկի ռասիստական ճնշումներից խուսափելու համար։

Վերջերս մի խումբ ծեր և հիվանդ գազաններ հավաքվեցին և իրենց համար սպանդանոց ստեղծեցին, որը Վերնավանդակ է կոչվում։ Սա, իհարկե, բացառիկ դեպք է։ Օրեր առաջ ծեր փղիկը բոլորին հավաքեց Վերնավանդակում և հայտարարեց, որ գազանանոցի անվտանգությանը վտանգ է սպառնում։ Իբրև թե՝ սորոսական առյուծիկները ցանկանում են կործանել գազանանոցը՝ վերածելով այն կրկեսի։ Իսկ կրկեսում գազաններին թույլատրված չէ ցանկացած պահի բնական կարիքները հոգալ, իսկ դա դեմ է կենդանական ավանդույթներին։ Կրկեսում կենդանիները դատապարտված են հավերժ շրջագայությունների և աշխարհի հետ ինտեգրման, այսինքն՝ անհայրենիք են և ապազգային։

Հարցին փորձում է միջամտել ծեր կրիան, որը պահանջում է բանտարկել իրեն վանդակում, եթե, իհարկե, դա կերջանկացնի կապիկներին, իսկ հերոս վագրիկը պահանջում է բաց թողնել իրեն վանդակից՝ պնդելով, թե ինքը հերոս է և կարող է գազանանոցի ցանկացած հատվածում արտաթորել։ Վագրիկի իրավունքները փորձում է պաշտպանել ընձուղտը, որը գազանանոցի կենդանական դատարանի պատասխանատուն է։ Ահաբեկչի համբավ ունեցող Դինգո շունիկները պահանջում են մուֆլոնի հրաժարականը, քանի որ վերջինս առաջարկում է հաչալ կամավոր, այլ ոչ թե պարտադիր։ Բայց ամենախորհրդավորը կրիայի փեսան է՝ գետնի տակ ապրող ծովախոզուկը, որը պարբերաբար գլուխը վեր է բարձրացնում ու ծվծվում։

Խառն է կյանքը գազանանոցում, հատկապես երբ հարևան գազանանոցի գառնուկն ամեն օր սպառնում է պատերազմով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...