ՀՔԾ աշխատակցի օրվա առիթով իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նկատել է, որ հաճախ այդ մասին խոսակցություններում ընկալվում է, որ նկատի են առնվում միայն նախկին պաշտոնյաներ:

Մինչդեռ, ըստ վարչապետի, ավելի կարեւոր է նոր պաշտոնյաների հարցը, եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունը պետք է առաջին հերթին առնչվի հենց նոր պաշտոնյաների վարքագծին:

Վարչապետն առաջին անգամ չէ, որ խոսում է այդ շեշտադրումով: Բայց ՀՔԾ-ում ասվածը զուտ ժամանակային առումով համընկնում է հետհեղափոխական շրջանում ոչ առաջին կոռուպցիոն կասկածի եւ աղմուկի ֆոնին՝ քաղաքապետարանի նվեր ստացած Կամազների: Առաջինը կարող ենք դիտարկել ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործը:

Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի արտահայտվել քաղաքապետարանի շուրջ աղմուկի թեմայով: Աղմուկը իրապես հիմնավոր է, որովհետեւ քաղաքապետարանը մեկը մյուսի հետեւից թույլ է տվել մի քանի կոպիտ սխալ: Նախ, հանրությանը չի իրազեկվել ստացված նվերի մասին, եւ այդ մասին հայտնի է դարձել ընդդիմադիր խմբակցության բարձրացրած աղմուկից: Հետո քաղաքապետարանը չի կարողացել տալ նվերի մասին լռելու վերաբերյալ սպառիչ բացատրություն, որովհետեւ ասել, թե շնորհակալագրեր են պատվիրել Նոր Տարվա առիթով հանձնելու համար, մեղմ ասած նշանակում է ծիծաղել հանրության վրա:

Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանը հերքեց Սամվել Ալեքսանյանից նվեր ստացած լինելու տեղեկությունը: Ֆորմալ առումով այն հերքելի էր, սակայն ոչ ֆորմալ տեսանկյունից ակնառու է խնդիրը, եւ պետք էր պարզապես պատասխանել այնպես, ինչպես կա, հետագայում անհարմար վիճակում չհայտնվելու համար:

Քաղաքապետարանը մեկը մյուսի հետեւից թույլ է տվել այնպիսի պարզունակ սխալներ, որ գրեթե անհավատալի է, թե դրանք կարող էին լինել պարզապես ակամայից, առանց որեւէ դիտավորության: Դա դեռ որեւէ կերպ չի նշանակում դիտավորություն եւ առավել եւս կոռուպցիա, սակայն խնդիրն այլեւս բացարձակապես այդ տիրույթում չէ, այլ հանրությանը տարրական տեղեկատվություն տրամադրելու հարցում թույլ տրված ստի, կեղծիքի, ինչ որ տեղ նաեւ ցինիզմի դաշտում:

Կոռուպցիա կարող է եւ չլինել, բայց սուտն արդեն կա: Այդ հարցը պահանջում է լուծում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից հետո հայտնվելով աղմկոտ պատմության մեջ, դարձյալ մեկնել է արձակուրդ: Արդյոք նա աղմուկից հեռու փորձում է մտածել լուծման, հանրության հետ լրջորեն խախտված հարաբերությունը վերականգնելու մասին:

Թե՞ փորձում է հասկանալ՝ ինչու է տեղի ունեցել այդ չափազանց պարզունակ թվացող վրիպումը, որը հետահայաց գնահատմամբ պատկերանում է կարծես թե բավական հմտորեն հյուսված, հասունացված եւ ծրագրված մի ծուղակ, որում հայտնվում է Մարությանը եւ ըստ այդմ՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը: Որովհետեւ Մարությանը գործնականում հենվել է թերեւս մեկ մարդու՝ Փաշինյանի վրա, բայց մյուս կողմից կարծես թե ներկայում դարձել է Փաշինյանի տակից մի հենարան քաշած լինելու պատճառ:

Մարությանը կտա՞ հրաժարական: Պետք է նկատել սակայն, որ հարբերական է, թե այդ պարագայում նա կլուծի որեւէ հարց եւ էլ ավելի չի ծանրացնի խնդիրը նույն Փաշինյանի համար: Այլ հարց է, որ խնդրի լուծման վրա մտածում է վարչապետ Փաշինյանը, ոչ թե քաղաքապետ Մարությանը: