Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների՝ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից:

Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է. այսօր հրապարակված հոդվածում գրել է Ռոբերտ Քոչարյանը, որն անազատության մեջ է գտնվում՝ մեղադրվելով ծանրագույն հանցագործությունների կատարման մեջ:

Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանն այս հոդվածը, որի բովանդակությանն անդրադառնալ չենք ուզում, գրել է հենց այս նախադասությունն ընդգծելու համար:

Դժվար չէ հասկանալ ազատազրկված նախագահի մոտիվացիան: Անցած ամիսների ընթացքում նա կատարելապես ձախողել է «Կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» արհեստական օրակարգը ու հիմա կտրուկ փոխել է մարտավարությունը՝ հասարակության աջակցությանը դիմելու և այլընտրանք ձևավորելու փոխարեն ձևակերպելով «հինգերորդ շարասյուն» ձևավորելու հայտ:

Հասարակությունն ունի կոնսենսուս, որը, սակայն, արտահայտում է համընդհանուր մերժում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ:

Ավելին, անցած մեկուկես տարիների ընթացքում երկրորդ նախագահը չի կարողացել անգամ կուսակցություն ձևավորել, իսկ նրա աջակիցների թիվը նույնիսկ նվազում է, որի լավագույն ցուցիչը մարզերում Քոչարյանի աջակցության համար նախաձեռնված ստորագրահավաքի զրոյական արդյունքն է:

Այլընտրանք ձևավորելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն ֆինանսական, մեդիա, այլ նաև՝ մարդկային, քաղաքական, գաղափարական ռեսուրսներ: Ո՞րն է Քոչարյանի թիմը, արդյո՞ք այն մարդիկ, որոնք գումարի դիմաց պարբերաբար հայտնվում են դատարանների շենքերի առջև: Նման պոտենցիալով հնարավոր չէ անգամ մեկանգամյա ակցիաներ կազմակերպել, էլ չասած՝ կուսակցություն ձևավորելու կամ այլընտրանք դառնալու մասին:

Քաղաքական ասելիք Քոչարյանը չի ունեցել ո՛չ իշխանության տարիներին, ո՛չ հիմա, էլ չխոսենք նախկին պարտկոմի արժեքային-գաղափարական կրեդոյի մասին:

Ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում կոնսոլիդացնել հասարակությանը՝ պետական քաղաքականությանը հասցված թալանի՞, Հոկտեմբերի 27-ի՞, թե՞ Մարտի 1-ի մասին հիշողություններով:

Ռոբերտ Քոչարյանը շարքային հանցագործ է, որ մսխել է երկրի զարգացման հեռանկարը, ռուսական վասալության ռեժիմի հաշվին ստեղծել է թալանչիական ու ավտորիտար ռեժիմ:

Այսօրվա հոդվածը ի ցույց դրեց, որ ժամանակները փոխվել են, սակայն նույնն է մնացել Քոչարյանը՝ իր գավառական ասելիքով, սեփական իշխանության համար երկիրը ռուսական ծայրագավառ դարձնելու մոլագարությամբ:

Այսօր Քոչարյանը բաց տեքստով հրապարակել է «հինգերորդ շարասյան» մանիֆեստը՝ դիմելով Պուտինին շողոքորթելու հնարքի, քարոզչական մանիպուլյացիայի, կեղծիքի: Հայաստանի կառավարությունում ո՞վ կամ ովքե՞ր են ամերիկյան դրածոները, որոնց վրա Մոսկվային «քսի» է տալիս Քոչարյանը:

Քոչարյանը կրկնում է ռուսական կայսերական քարոզչության թեզերը՝ անտեսելով այն ֆունդամենտալ փոփոխությունները, որոնք ապրում է Ռուսաստանի հասարակությունը: «Քարնեգի» հիմնադրամի ու «Լևադա» կենտրոնի համատեղ անցկացրած հարցման համաձայն՝ այսօր ռուսաստանցիների մեծ մասը՝ շուրջ 59 տոկոսը, ցանկանում է, որ երկրում տեղի ունենան կտրուկ փոփոխություններ, ընդ որում՝ վերջին երկու տարիներին այս ցուցանիշը բարձրացել է գրեթե 20 տոկոսով:

Այլ խոսքով՝ Քոչարյանը հույսը դրել է մայրամուտի մեջ գտնվող Պուտինի կայսրության վրա՝ չնայած քաղաքական մայրամուտ ապրող մարդը թերևս այլընտրանք չունի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...