Քոչարյանին «լքում» են ոչ միայն ռուսները, այլ նաև՝ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները

- in Պնակալեզներ
serzh-robert

Այսօր կվերսկսվի Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատավարությունը: Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը և հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին:

Այս օրերի ընթացքում տեղի են ունեցել մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենալու դատական այս գործընթացի վրա։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հոդվածով, որի բովանդակությունը թերևս երկրորդական է, որովհետև երկրորդ նախագահի միակ նպատակը Մոսկվային քծնելն էր ու Հայաստանի իշխանության վրա «տղա բերելը»։ Նման հոդվածներով Քոչարյանն ավելի է արժեզրկվում մեր հասարակության աչքերում՝ ոչնչացնելով իր՝ առանց այն էլ, զրոյական վարկանիշը։

Սակայն Քոչարյանը ցինիզմին հասնող պրագմատիզմ ունի ու նրա հոդվածի հասցեատերը թերևս ոչ թե մեր հասարակությունն էր, այլ՝ Մոսկվան։ Այս հարթության վրա Քոչարյանը հիասթափվելու բավարար առիթ ունի, համենայն դեպս՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցն ավելի բարդացրեց նրա վիճակը։ «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը»,- երեկ Երևանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Այսպիսով Մոսկվան փաստացի հրաժարվեց Քոչարյանի ծառայություններից, համենայնդեպս՝ Լավրովի ասուլիսից այդպիսի տպավորություն ստացանք: Իհարկե, հապճեպ գնահատականները հակոտնյա են քաղաքականությանը, սակայն սա այն դեպքերից է, երբ Փաշինյանի թիմը կարող է համարել մարտավարական հաղթանակ: Մանավանդ, որ խնդիրը վերաբերում է ԼՂ հարցում Քոչարյանի գործած սխալին, ինչի մասին հիշեց Լավրովը՝ որոշակի հնարավորություն ստեղծելով պաշտոնական Երևանի համար:

Սակայն Քոչարյանին «լքում» են ոչ միայն ռուսները, այլ նաև՝ Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցները։ Մինչ ազատազրկված նախագահը դիրքավորվում է ռուսական ուղղաթյան վրա՝ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ ու կուսակցական քննարկումներ է անցկացնում Գերմանիայի կառավարող կուսակցության հովանու ներքո գործող հիմնադրամի աջակցությամբ։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցների տարանջատումը խիստ կանխատեսելի է․ Մարտի 1-ի գործը նրանց ոչ թե միավորում, այլ տարանջատում է, ինչի մասին գրել եմ քանիցս։ Դատավարության բովանդակային քննության ընթացքում հարց է առաջանալու, թե նրանցից ով է ավելի մեծ պատասխանատվություն կրում կամ չի կրում, ում դերակատարումն էր ավելի մեծ կամ փոքր: Այսինքն՝ օբյեկտիվորեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դառնալու են հակառակորդներ, և չի բացառվում անգամ, որ սկսեն միմյանց դեմ կատաղի պայքար ծավալել դատարանում և դրա պատերից դուրս։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...