Մեկ տարուց ավելի կաֆկայական մոտիվներով ձգձգվող և այդպես էլ չսկսվող դատավարությունից, նրա հանգուցալուծումից խուսափող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հասցրեց այդ ընթացքում դիմել թե՛ Ռուսաստանի, թե՛ Անգլիայի, թե՛ Ֆրանսիայի օգնությանը։

Եթե որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանին օգնության էին հասնում ռուս վերլուծաբանները, նրա՝ հերթական կալանավորումից առաջ իր հեղինակավոր կարծիքն էր հայտնել պաշտպանական թիմի անդամ, Մեծ Բրիտանիայի փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Ֆիցջերալդը՝ խոսելով ՀՀ նախագահի ֆունկցիոնալ անձեռնմխելիության, 2008թ․ մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու իրավաչափության, ՀՀ վարչապետի կողմից անմեղության կանխավարկածը խախտելու մասին, ապա երեկ արդեն Ռոբերտ Քոչարյանի գործով ներգրավված ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն է <ահազանգել>, որ իր պաշտպանյալի դատավարությունը կախված է Նիկոլ Փաշինյանի կամքից։ Բանը հասել է այնտեղ, որ Սևակ Թորոսյանը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, վերջինս էլ պատասխանել է, որ հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։

Դե Ռ․ Քոչարյանի աջակիցներն էլ անցած մեկ տարվա ընթացքում լծվել են նրանից քաղբանտարկյալ կերտելու սուրբ գործին։ Բանն այնտեղ էր հասել, որ նախկին նախագահին պատկանող հեռուստաալիքներից մեկի լրագրողները ինչ մամուլի ասուլիսի գնում էին՝ բոլոր բանախոսներին մեկ հարց էին ուղղում՝ Ռոբերտ Քոչարյանին համարո՞ւմ եք քաղբանտարկյալ, թե՞ ոչ։

Քանի որ նույնիսկ քոչարյանական բիրտ ու դաժան ժամանակներում եղել են ակտիվ պայքարողներ, որոնք հանուն իրենց դավանած արժեքների հետապնդվել են, ազատազրկվել, կորցրել աշխատանք ու ունեցվածք, իսկ Ռ․ Քոչարյանին պատկանող նույն հեռուստաալիքն էլ իր այլ գործընկերների հետ միասին զբաղված էր միայն նրա օրոք արձանագրվող տնտեսական աճի <վագրային թռիչքները> ներկայացնելով՝ հընթացս աչք փակելով սպանությունների, ընդդիմախոսների հալածանքների վրա, արժե թարմացնել հենց Քոչարյանի աջակիցների հիշողությունը։

Մարտի 1-ից հետո, հայտնի է, որ եվրոպական կառույցներն իրար էին խառնվել Հայաստանում տիրող իրավիճակի պատճառով, փորձում էին հասկանալ ու վերլուծել տեղի ունեցածը, գտնել օպտիմալ հանգուցալուծման տարբերակներ։ Այդ ժամանակ էլ, ի թիվս եվրոպացի կաշառվող համազեկուցողների, Հայաստան էր գալիս Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը։ Թոմաս Համարբերգի հետ հանդիպած լրագրողները, քաղաքական և հասարակական գործիչները հիշում են, թե ինչպիսի անաչառությամբ էր նա հետևում և գնահատում հայաստանյան իրադարձությունները, որքան մտահոգ էր նա Մարտի 1-ի դատավարությունների ընթացքով, որքան հետևողական՝ իր գնահատականներում և զեկույցներում։

2008թ․ Թոմաս Համարբերգը Հայաստան այցելեց մի քանի անգամ, հանդիպեց քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց հետ՝ նրանց անվանելով «խղճի բանտարկյալներ»։ Համարբերգը հետևում էր Մարտի 1-ի գործով բոլոր դատավարություններին, այդ թվում նաև՝ հանրահայտ «Յոթի գործին»։ Համարբերգը, ըստ 2008թ․ մամուլի հրապարակումների, տարակուսել էր, որ «Յոթի գործով» ազատազրկված անձինք ավելի քան ութ ամիս կալանքի տակ են, մինչդեռ ներկայացված չեն հստակ ապացույցներ, որ նրանք հանցագործությունների համար պատասխանատու են։ Եվրոպացի իրավապաշտպանը զարմացած էր նաև այն փաստից, թե ինչպես կարելի է մարդկանց դեմ գործեր հարուցել և դատավարություններ իրականացնել բացառապես ոստիկանության ծառայողների վկայությունների հիման վրա։ Համարբերգը մտահոգիչ էր համարել նաև այն փաստը, որ Մարտի 1-ին սպանվել է տասը հոգի, որոնցից երեքը՝ ոստիկանների արձակած հատուկ միջոցների պատճառով, սակայն մինչև հիմա չեն հայտնաբերվել այդ կրակոցներն արձակած ոստիկանները։ Հենց Համարբերգի հետևողականության շնորհիվ էր, որ ԱԺ-ում ստեղծվեց Մարտի 1-ի դեպքերը հետաքննող փաստահավաք խումբը։ Իսկ արդեն տարիներ անց՝ 2011թ․, կրկին գալով Հայաստան, Համարբերգը տեղեկացել էր, որ Մարտի 1-ի տասը զոհերի սպանության հանգամանքները չեն բացահայտվել, ինչը համարել էր լուրջ ձախողում, որը համարժեք է անպատժելիությանը։ Կարելի է շատ բաներ հիշել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հնչեցրած մտահոգություններից, դիտարկումներից, զեկույցներից, որոնք ուղենշային դարձան և հենց եվրոպացիներ համար բացահայտեցին Հայաստանի այն մարդատյաց և դաժան համակարգը, որը գործում էր ընդդիմության դեմ։ Եվ հիմա 37 թվի մասին ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող հիշատակումները, Ռ․ Քոչարյանին քաղբանտարկյալ հռչակելու տխուր և հուսահատ փորձերը միայն առաջացնում են ժամանակին իրական քաղաքական հետապնդումների զոհ դարձած կամ դրանց ականատես ՀՀ քաղաքացիների քմծիծաղը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...