«Մենք շատ մեծ հաճույքով կմտնենք դատական վիճաբանությունների փուլ: Ուղղակի որոշ մարդիկ մի քիչ խեղված են ընկալում էս փուլերի անցման պրոցեսը: Պարոն Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը շատ արագ մտնի վիճաբանությունների փուլ», – երեկ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Պաշտպանը զուտ ֆորմալիստական տեսանկյունից խիստ բնական միտք է հնչեցրել, որովհետև ցանկացած փաստաբան առաջին հերթին հետամուտ պետք է լինի իր վստահորդի շահերի պաշտպանությանը։ Մյուս կողմից՝ այս պարագայում ակնհայտորեն անտեսվում է արդարադատության շահը, որովհետև դատավարության բնականոն ընթացը պայմանավորվում է հանգամանքերով, նախապայամաններով։ Այլ խոսքով՝ պաշտպանը հասկացնում է, որ թույլ չեն տալու դատավարության բնականոն ընթացքը, քանի դեռ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ։

Ըստ էության, հենց այս մարտավարության հետ էլ գործ ունենք, երբ պաշտպանական թիմը տարբեր հնարքներով, միջնորդություններով փորձում է վիժեցնել դատավարության ընթացքը ու գործընթացը տակավին չի մտել բովանդակային հարթություն։

Նախ՝ անդրադառնանք Քոչարյանի խափանման միջոցի խնդրին։

Երկրորդ նախագահը մեղադրվում է ծանրագույն հանցագործությունների կատարման մեջ ու մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է երկարատև ազատազրկում։ Այլ խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը այնպիսին է, որ իրավաչափ է համարվում նրա խափանման միջոց կալանավորումը։ Համենայն դեպս, նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում հազիվ թե որևէ մեկը վայելի ազատությունը, երբ նրան առաջադրված է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։

Մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործի ապացույցները սկսել են կեղծվել դեռ այն փուլում, երբ Քոչարյանը տակավին գտնվում էր երկրի նախագահի պաշտոնում, ըստ այդմ՝ չկա որևէ երաշխիք, որ՝ գտնվելով ազատության մեջ, Քոչարյանը չի փորձի ազդել դատավարության, վկաների վրա, մանավանդ, որ նրանցից շատերը ժամանակին եղել են նրա ենթականերն ու օբյեկտիվորեն կաշկանդված են այդ հանգամանքով։ Իհարկե, դատական նիստերի ժամանակ Քոչարյանը հանդես է գալիս հակառակ պնդումներով, սակայն անցած տասը տարիների փորձը խոսում է միանգամայն այլ իրականության մասին։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին կասկածելի հանգամանքերում մահացել են մեկ այլ՝ Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային մեղադրյալներ, վկաներ։ Ազատազրկված նախագահն ունի հետքերը մաքրելու մեծ «փորձ»։

Չկա նաև որևէ երաշխիք, որ Քոչարյանն ազատության մեջ չի օգտագործի իր արտաքին կապերը՝ քննությանը խոչընդոտելու համար, մանավանդ, որ նա պարբերաբար խոսում է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ հարաբերությունների մասին՝ հիշատակելով անգամ «քիմիայի» մասին։

Այս լույսի ներքո Քոչարյանի պաշտպանի հայտարարությունը նմանվում է շանտաժի։

Այսքանով հանդերձ՝ այնքան էլ անկեղծ չենք համարում Օրբելյանի հայտարարությունը։ Երկրորդ նախագահի թիմը ցանկացած պարագայում փորձելու է վիժեցնել դատավարության բնականոն գործընթացը, եթե նույնիսկ Քոչարյանը հայտնվի ազատության մեջ։ Բանն այն է, որ գործի էստ էության քննությունը Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունն ակնհայտ է դարձնելու անգամ նրա սակավաթիվ կողմնակիցներից շատերի համար, այլ խոսքով՝ պատռելու է «քաղկալանավորի» դիմակը, որն այս օրերին «հարմարավետ» կրում է երկրորդ նախագահը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...