Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ 2015-2019 թվականներին միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում մահացել է ՀՀ Զինված ուժերի 158 զինվոր: Համեմատության համար, նույն ժամանակաշրջանում հակառակորդի զենքից զոհվել է 150 զինվոր:

«Որքանով է դա ամուր մտել բանակ, գիտենք, ինչ ողբերգական հետևանքներ է թողնում բանակում, բոլորս տեսնում ենք: Մենք սա անում ենք, որ մեր երեխաներին զերծ պահենք այս ամենից», – օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել է Պողոսյանը:

ՀՀ-ում կա մեկ իշխանություն, դա պետական իշխանությունն է։ Չի լինելու և չի հանդուրժվելու ոչ մի ալտերնատիվ իշխանություն, Ազգային ժողովում քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ըստ էության իր ելույթում ցույց տվեց այս քննարկման իրական մեխը։ Իրականում այնքան էլ անկեղծ չեն մեր գործընկերները, երբ խոսում են իրավական անորոշության մասին։ Փաստացի, եթե դատենք պարոն Պետրոսյանի եկույթից, խնդիրը ոչ թե որոշակիությունն է, այսինքն՝ եթե լիներ էլ որոշակիություն, միևնույն է, ԲՀԿ-ն դեմ էր լինելու։ Ինչո՞ւ, ցիտում եմ, ԲՀԿ խմբակցությունը կողմ է պատասխանատվությանն արարքի համար։ Սրա մասին այլ բառերով խոսել էր ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, ով ասել էր, որ ըստ իրեն և ենթադրում եմ՝ նաև ըստ ԲՀԿ խմբակցության՝ գողերից խելոք աշխարհի երեսին չկա, ինքը հարգում է ճշտով ապրող մարդկանց, և՝ բա հո չենք նստեցնելու, պետք է կոնկրետ արարք լինի, որ նստի»,- ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ ստացվում է, որ փաստացի կան մարդիկ, ովքեր անվանվում են «օրենքով գողեր», և մենք բոլորս գիտենք, թե ովքեր են այդ մարդիկ, և ըստ Վարդան Ղուկասյանի՝ նորմալ է, որ բոլորն իմանան ինչ է դա, բոլորը իմանան, որ այդ անձինք ղեկավարում են քրեական խմբավորում, բայց ինչ է թե իրենք այդ արարքով կոնկրետ չեն բռնվել, իրենք դառնում են «քյասիբներին տիրություն անող մարդիկ»։

«Սա է ամբողջ խնդիրը, մենք չենք կարող ամբողջ հասարակությամբ կույր լինել, մենք չենք կարող հանդուրժել, որ մարդկանց մասին խոսվում է, որ իրենք քրեական հեղինակություն են, և նրանք ոչ միայն չպատժվեն, այլ նաև Ազգային ժողովի միջացքներում արժանանան հարգանքի խոսքերի։ ՀՀ-ում կա մեկ իշխանություն, դա պետական իշխանությունն է։ Չի լինելու և չի հանդուրժվելու ոչ մի ալտերնատիվ իշխանություն, չի լինելու ոչ մի սողանցք և բոլոր սողացողներն ստանալու են պատիժ»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը։

Քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագիծն իրավական անորոշություններ չի պարունակում, բոլորը շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Այս մասին խորհրդարանում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Ես գտնում եմ, որ մենք մեզ փորձում ենք խաբել, երբ ասում ենք՝ չենք հասկանում ինչի մասին է խոսքը, որովհետև անգամ մենք մեր խոսքում ենք մեզ մատնում, որ լավ էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը։ Օրինակ՝ եթե գրված է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, բա ո՞նց ստացվեց, որ ինչ-որ մեկը խոսեց օրենքով գողերի մասին։ Բա ինչի՞ խոսեցինք օրենքով գողերի մասին, ստեղ տենց բան կա գրվա՞ծ»,- հարցադրում արեց պատգամավորը։

Գրիգորյանը հավելեց, որ որոշ անձինք հարցնում են՝ քրեական հեղինակությանը դիմելը ո՞րն է։ «Ուզում եմ հասկանալ՝ աբրաշատ լինել պետք ա գրված լինե՞ր, որ մենք հասկանայինք ինչի մասին է խոսքը։ Եկեք մենք մեզ չխաբենք, և օրենքները հասարակական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նորմեր են։ Երբ որ կան հասարակական հարաբերություններ, մենք լավ գիտենք, որ դրանք կան, եկեք չձևացնենք, թե դա չկա։ Եթե առանձին պատգամավոր գաղափարին կողմ է, բայց ձևակերպումներն են խնդիրը, ո՞ւր են առաջարկները։ Խնդրում եմ՝ տվեք առաջարկներ, այլապես զուտ հայտարարություններն ըստ էության կարող են կասկածի տեղիք տալ, որ կոնկրետ պատգամավորը գաղափարի հետ համաձայն չէ։ Իսկ եթե գաղափարի հետ համաձայն չէ, հստակ հայտարարում եմ՝ ՀՀ-ում ընդհանուր վարքագծի կանոններ և հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ օրինական կոշտ ուժ կիրառելու միակ սուբյեկտը դա ՀՀ-ն է և իշխանություններն են, որոնք ձևավորվում են ազատ ու անկախ ընտրություններով։ Պետություն պետության մեջ չի կարող լինել և չի լինելու»,- ասաց պատգամավորը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...