Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնեական չարաշահումների, յուրացումների այնքան փաստեր բացահայտվեցին, որոնք շոկային էին անգամ վերջին տասնամյակներում շատ բան տեսած և շատ բանի սովոր հայ հանրության համար։

Նույնքան արագությամբ էլ, մեկը մյուսի հետևից, քրեական գործեր հարուցվեցին ժամանակին անձեռնմխելի թվացող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

Այդ քրեական գործերն այնքան շատ են, որ ամեն անգամ դրանց ճակատագրով հետաքրքրվող լրագրողներին, որպես կանոն, իրավապահները պատասխանում են՝ նախաքննությունը շարունակվում է։ Մյուս կողմից էլ, դետեկտիվին բնորոշ ժանրի կանոններով հանրապետությունից տարօրինակ հանգամանքներում մեկնեցին և հետախուզվող հայտարարվեցին որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրված։

ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին օրերս ուղղել էինք հետևյալ հարցերը։

1․ Ներկա դրությամբ քանի՞ անձի նկատմամբ է հայտարարվել միջազգային հետախուզում, ովքե՞ր են նրանք։ Ո՞րն է համարվում միջազգային հետախուզում հայտարարելու ողջամիտ ժամկետը, անձը որքա՞ն ժամանակ կարող է համարվել միջազգային հետախուզվող։

2․ Հայտնի է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով, ՌԴ քաղաքացի է, և ՌԴ-ն չի պատրաստվում նրան արտահանձնել։ Ի՞նչ են պատրաստվում այդ դեպքում անել ՀՀ իրավապահները։

3․ «Ժամանակ» օրաթերթում վերջերս հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար), գտնվում է ԱՄՆ-ում։ Փորձե՞լ եք կապ հաստատել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ՝ պարզելու, թե ինչպես է նա հայտնվել այնտեղ, քայլեր ձեռնարկե՞լ եք նրան Հայաստան վերադարձնելու համար։

4․ Այս տարվա հունիսի 4-ին հայկական ԶԼՄ-ներում հրապարակվեց լուր այն մասին, որ Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, որն իրավապահներին ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։ Ավելի ուշ պարզվեց, որ Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու համաձայնություն չի տվել։ Ի՞նչ է սպասվում Նարեկ Սարգսյանին այսուհետև։
Ոստիկանությունից մեր հարցերին, ըստ հերթականության, տրվել են հետևյալ պատասխանները։

1. ՀՀ ոստիկանության պետի 29.02.2016թ. թիվ 1-Ն հրամանի 3-րդ հավելվածի 1-ին կետի համաձայն՝ ոստիկանությունում և ենթակա ստորաբաժանումներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ուժերը, աշխատանքի կազմակերպման համակարգը, միջոցները, մեթոդները և ծրագրերը բացահայտող տեղեկությունները հույժ գաղտնի են:

2. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների հետևանքով ստացված նյութերը և փաստաթղթերը՝ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց հետո միայն՝ հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո:

3. ՀՀ կառավարության 26.05.2011թ. թիվ 857 ՆԳ /նորմատիվ գաղտնի/ որոշմամբ կարգավորված են ոստիկանության կողմից հետախուզման աշխատանքների իրականացման հետ կապված իրավահարաբերությունները, որոնք ներառում են նաև հետախուզման տեսակների և դրանք իրականացնելու ընթացակարգերի հետ կապված հարցերը:

Այսպիսով, վկայակոչված իրավունքների լույսի ներքո ակնհայտ է, որ հետախուզման տեսակի վերաբերյալ տեղեկատվությունները, ինչպես նաև կոնկրետ հետախուզվող անձի (օրինակ՝ Միհրան Պողոսյանի) նկատմամբ հետախուզական գործի շրջանակում իրականացվող միջոցառումները, ընդգրկված լինելով օպերատիվ-հետախուզական աշխատանքների կազմակերպման համակարգում, նորմատիվ ակտի ուժով հանդիսանում են հույժ գաղտնի տվյալներ և, որպես ծառայողական գաղտնիք, տրամադրման ենթակա չեն:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության կողմից «Ինտերպոլի» կապուղիներով 2019թ. հոկտեմբերի 29-ի դրությամբ միջազգային հետախուզում է հայտարարվել թվով 374 անձի նկատմամբ: Պարզաբանում ենք նաև, որ միջազգային հետախուզում հայտարարելու ժամկետներ նախատեսված չեն, և այն հայտարարվում է ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հետախուզվող անձին մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը և այն շարունակվում է գործել այնքան ժամանակ, որը անհրաժեշտ է հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու և նախաքննությունը իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Ինչ վերաբերվում է հետախուզման մեջ գտվողներ՝ Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացի հանդիսանալու հանգամանքին և Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, ապա համապատասխան պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը իրականացնող նախաքննության մարմիններին կամ ՀՀ գլխավոր դատախազություն:

Պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմեցինք գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արևիկ Խաչատրյանին։ Վերջինս տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանի վերաբերյալ նորություն չունի հայտնելու։ Նորություն չունեին հայտնելու նաև Միքայել Հարությունյանի մասին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...