Gox

Հայկական Armenian Power («Հայկական ուժ») բանդայի առաջնորդներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, 18 տարվա ազատազրկման է դատապարտվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ֆինանսական մեքենայությունների համար։

Մայք մականունով հայտնի Դարբինյանը պետք է նաև 170 հազար դոլարի չափով տուգանք և փոխհատուցում վճարի:

Հինգ տարի առաջ արդեն Դարբինյանը 32 տարվա ազատազրկման էր դատապարտվել դրամաշորթության, բանկային մեքենայության և սքիմինգ սխեմաների (բանկային քարտի տվյալների գողություն հատուկ հաշվիչ սարքի օգնությամբ) օգտագործման համար, սակայն վերաքննիչ դատարանը չեղարկել էր դատավճիռը։

Ինչպես տեղեկացնում է Los Angeles Daily News-ը՝ հունիսին Դարբինյանն ընդունել է մեղքը մեղադրանքի 30 կետերով։

2011 թվականի փետրվարի 16-ին Կալիֆոռնիայում ջախջախվեց հզոր և հայտնի Armenian Power փողոցային բանդան։ Մեղադրանքներ ներկայացվեցին խմբավորման 90 ներկայացուցչի։ Նրանցից գրեթե բոլորը դատապարտվեցին։

Հայտնի է, որ Դարբինյանն ԱՄՆ է եկել Հայաստանից 14 տարեկանում և հայտնվել ավազակային շրջապատում՝ հետագայում դառնալով խմբավորման առաջնորդներից մեկը։

Armenian Power-ը ստեղծվել է հայ ներգաղթյալների միջավայրում, որոնք եկել են Լոս Անջելես 1980-ականների վերջին։ Խմբի մասնակիցները մեղադրվում են դրամաշորթության, առևանգումների, փողերի լվացման և թմրանյութերի վաճառքի մեջ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...