Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ուսումնական հաստատության հիմնախնդիրը պետք է լինի՝ մեր երկրին տալ ոչ միայն որակյալ մասնագետներ, այլ նաև հայրենասեր, կիրթ, բազմակողմանի զարգացած շրջանավարտներ:

Հենց այս նպատակին է ծառայում, շուրջ հարյուր տարի առաջ հիմնադրված Երևանի հենակետային բժշկական քոլեջի գործընթացը: Բացի բուն ուսումնական գործընթացից, քոլեջն արտաուսումնական շատ հագեցած առօրյա ունի : Այստեղ կրթադաստիարակչական գործունեությունը զուգակցվում է մարզական առողջ ոգով:

Այսօր, այս ուսումնական հաստատությունում իրականացվող կրթական գործընթացը ղեկավարում է քոլեջի տնօրեն՝ Նաիրա Ներսիսյանը:

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Ն. Ներսիսյանի հետ ունեցած հարցազրույցը՝ քոլեջի գործունեության, ինչպես նաև` Նժդեհ վոլեյբոլի աղջիկների թիմի ձեռքբերումները:

– Տիկին Ներսիսյան, ի՞նչ բաժիններ և ամբիոններ են գործում Ձեր ղեկավարած կրթօջախում:

– Երևանի հենակետային բժշկական քոլեջում գործում են 7 ամբիոններ, որոնք ունեն կաբինետ – լաբորատորիաներ՝ հագեցած իրենց անհրաժեշտ դիտողական պարագաներով: Քոլեջում իրականացվում է միջին մասնագիտական բժշկական կրթություն հետևյալ մասնագիտություններով` քույրական գործ, մանկաբարձական գործ, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ, բուժական կոսմետոլոգիա:

Իրականացվում է նաև հանրակրթական 9-ամյա կրթություն ունեցող դիմորդների ընդունելություն: Ուսուցումը առկա է:

– Ուսանողներն իրենց ուսումնա-արտադրական պրակտիկաները ո՞ր կազմակերպություններում են անցկացնում:

– Մեր ոլորտի մասնագիտական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ուսումնական գործընթացի ավելի քան 70 %-ը հատկացվում է գործնական պարապմունքներին, պրակտիկային, որն իրականացվում է, ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում: Ուսումնա-արտադրական և արտադրական պրակտիկաները, այսինքն՝ պրակտիկ կլինիկական ուսուցումը կազմակերպվում է բուժկանխարգելիչ հիմնարկներում` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, գիտաբժշկական կենտրոններում, ծննդատներում, կոսմետոլոգիական կենտրոններում, դեղատնային ցանցերում, ինչպես նաև՝ բոլոր մարզերի կենտրոնական հիվանդանոցներում՝ կնքված պայմանագրերի համաձայն: Բազաներում ուսանողների աշխատանքները կազմակերպում և իրագործում են փորձառու մեթոդ ղեկավարները: Նախաավարտական պրակտիկայից հետո ուսանողները հանձնում են պետական ամփոփիչ ատեստավորում և ստանում դիպլոմ: Քոլեջն ավարտող շրջանավարտներից շատերն ընդունվում են աշխատանքի հիմնականում մեր պայմանագրային պրակտիկ բազաներում:

– Քոլեջում կարիերայի կենտրոն գործու՞մ է:

– Կարևորելով կարիերայի ուղղորդման ծառայությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջի և գործատուների միջև համագործակցության ընդլայնումը և զարգացումը, քոլեջում գործում է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման կենտրոն, որի հիմնական նպատակն է՝ կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:

– Քոլեջի Նժդեհ անունը կրող վոլեյբոլի աղջիկների թիմը, շուրջ 25 տարի մեր երկրի դրոշն ու մարզական պատիվը բարձր է պահել, ո՞ր թվականին է հիմնադրվել մարզական ակումբը, ի՞նչ մարզական նվաճումներ են արձանագրվել:

– Մարզական բարձր ոգին բոլոր ժամանակներում տիրող է եղել Երևանի հենակետային բժշկական քոլեջում: Քոլեջի բազմաթիվ սաներ ստացել են մասնագիտական հիմնավոր կրթություն՝ հետագայում մեծ հաջողությամբ համալրելով հանրապետության միջին բուժաշխատողի շարքերը: Մասնագիտական կարողություններին զուգահեռ, ցուցաբերել են մարզական պատրաստվածություն բազմաթիվ առաջնություններում: Երևանի հենակետային բժշկական քոլեջում 1994 թվականին բացվել է վոլեյբոլի ակումբ, քոլեջի ֆիզղեկ Խաչիկ Ասմարյանի ջանքերով:

Երևանի հենակետային բժշկական քոլեջի Նժդեհ անունը կրող վորեյբոլի աղջիկների թիմը՝ 4 անգամ դարձել է համահայկական խաղերի չեմպիոն, 13 անգամ նվաճել է ՀՀ չեմպիոնի կոչումը, 14-ակի գավաթակիր, Երևան քաղաքի 16-ակի չեմպիոն, բազմակի անգամ՝ միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող:

Այս նվաճումներին վոլեյբոլի թիմը հասել է Նժդեհ թիմի ղեկավարների շնորհիվ՝ քոլեջի նախկին տնօրեն Մկրտիչ /Սերժ/Մկրտչյանի, Խաչիկ Ասմարյանի նվիրված և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

Հ.Գ. Քոլեջի մարզական Փառքի անկյունում ցուցադրված մարզական նվաճումները՝ մեդալներ, գավաթներ, պատվոգրեր, հիշեցնում են, որ մեր հանրապետության լավագույն մարզական նվաճումների հասած ուսումնական հաստատությունների շարքում առաջիններից մեկն է՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջի Նժդեհ վոլեյբոլի աղջիկների թիմը:

Մանվել Կիրակոսյան

image.png

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...