Yntrutyun

Հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ: Վարչապետի այցը ներառել է այցելություն առաջնագիծ, նաև հանդիպումներ Արցախի նախագահի հետ ու Բակո Սահակյանի հետ միասին հանդիպում Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք թեկնածուների՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ:

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել ազատ, արդար ընտրության անցկացումը և այդ առումով Երևանի աջակցությունը հայտնել Արցախի իշխանությանը:

Նիկոլ Փաշինյանի այցն ու Արցախի նախագահի ընտրության թեմայով հանդիպումը առանձնահատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանում տեղի ունեցող ներքին գործընթացի ֆոնին: Բաքվում խորհրդարանը հավանության է արժանացրել լուծարման մասին առաջարկը, որ մի քանի օր առաջ ներկայացրել էր «Ենի Ազարբայջան» իշխող կուսակցությունը: Ադրբեջանում տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ ընտրություն, և ըստ տարածված գնահատականի՝ մեծ հավանականությամբ նոր խորհրդարանը կձևավորվի, այսպես ասած, Մեհրիբան Ալիևայի նախագահության հեռանկարով: Համենայնդեպս, իրադարձությունների տրամաբանությունը, նաև Ալիևայի մոսկովյան այցը, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, խոսում են այդ մասին:

Արդյոք Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ այցի ընթացքում Արցախի գործող նախագահի և ապագա նախագահի հնարավոր թեկնածուների հետ քննարկե՞լ է ոչ միայն ընտրական խաղի կանոնները, այլ նաև հրատապ հարցեր, որոնք առնչվում են ներկայիս զարգացումներին և պահանջում են արագ կոորդինացիա՝ չսպասելով Արցախի նախագահի ընտրությանը, որը տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Խոսքը Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխության հեռանկարի ֆոնին ի հայտ եկած նոր հանգամանքների մասին է, որոնք կարող են նոր իրավիճակ ստեղծել Արցախի հարցում, կարգավորման գործընթացում և ըստ այդմ՝ հայկական կողմում առաջացնել մարտավարության քննարկումների անհրաժեշտություն՝ միջնաժամկետ հեռանկարում մոտեցումներ մշակելու համար:

Արցախում հանդիպման և նախագահի թեկնածուների հետ քննարկման այլ մանրամասներ հայտնի չեն: Ուշադրության է արժանի լոկ փաստը, որ դրան չի մասնակցել առաջադրվելու մասին հայտարարած մեկ այլ թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը, որի դիրքորոշումը Հայաստանի իշխանության հանդեպ բավականաչափ հայտնի է: Այդ համատեքստում էլ, սակայն, որոշակիորեն պարզ է, թե Բալասանյանն ինչու չէր մասնակցի ստեփանակերտյան հանդիպմանը:

Խնդիրն այն չէ, որ նա չի տեղավորվում պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորվող նոր քաղաքական տրամաբանության մեջ: Բալասանյանն իր մոտեցումներով դուրս է ընդհանրապես որևէ քաղաքական տրամաբանությունից, այդ թվում նաև՝ Արցախյան հարցում նշմարվող քաղաքական նոր իրողություններից, որոնք ունեն լիովին հակառակ բնույթ, քան այն դավադրապաշտությունը, որ նա փորձում է ներկայացնել և վերագրել Հայաստանում հեղափոխությանը, բայց միաժամանակ նաև պահանջում են բավականին նուրբ և բազմաշերտ կոմբինացիոն մոտեցում, որ տեղի է ունենում գործընթացում ներգրավված տարբեր կողմերում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •